HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նարեկ Կարապետյանը հայց է ներկայացրել Քննչական կոմիտեի դեմ. վեճը վերաբերում է օտարերկրյա քաղաքացիությանը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակի առաջին համարը զբաղեցնող Նարեկ Կարապետյանի հայցն ընդդեմ Քննչական կոմիտեի։ Նա պահանջում է, որպեսզի Քննչական կոմիտեն հերքի իր այն հայտարարությունը, թե իբր Ն. Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիությունը։

Նարեկ Կարապետյանը պահանջում է պարտավորեցնել Քննչական կոմիտեին հրապարակայնորեն հերքել իր կողմից տարածված՝ զրպարտություն հանդիսացող տեղեկությունը։ 

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն 2026թ. մայիսի 20-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը թաքցրել է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը։ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը):

Կարապետյանը պահանջում է, որ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Քննչական կոմիտեն իր պաշտոնական կայքում, իր ֆեյսբուքյան և տելեգրամյան էջերում հրապարակի «Հերքում՝ Նարեկ Կարապետյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով հայտարարություն։

Հայտարարությունը պետք է հրապարակված մնա առնվազն 1 ամիս և պարունակի միայն հետևյալ տեքստը․

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն 20.05.2026 թվականին հրապարակում է կատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանի վերաբերյալ, որով ներկայացվել է սուտ տեղեկություն, որի միջոցով վերջինիս է վերագրվել այնպիսի փաստ, որը չի համապատասխանել իրականությանը և կապ չի ունեցել վերջինիս հետ։ Հրապարակային տեղեկացնում ենք, որ այդ տեղեկությունն ամբողջությամբ եղել է զրպարտչական, սուտ և անհիմն, որի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ներողություն է խնդրում»։

Ըստ հայցապահանջի՝ հերքումը պետք է տեղադրվի նույն տեսանելիությամբ, ձևաչափով և չափով, ինչ սկզբնական հրապարակումը, և չպետք է պարունակի որևէ լրացուցիչ մեկնաբանություն կամ այլ տեղեկություն։

Նարեկ Կարապետյանը պահանջում է նաև Քննչական կոմիտեից հօգուտ իրեն բռնագանձել 1 դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում, ինչպես նաև բռնագանձել դատական ծախսերը՝ ներառյալ պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները։

Նշենք, որ գործը գտնվում է դատավոր Տիգրան Գրիգորյանի վարույթում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter