HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտնականն ահազանգում է արգելավայրում ծանր տեխնիկայի անթույլատրելի աշխատանքների մասին. ՇՄՆ-ի մոտեցումն այլ է

Հունիսի սկզբին ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող Լյուբա Բալյանը հետազոտական աշխատանքի համար այցելել էր Արարատյան դաշտի ջրային տարածքներ։ Թռչունների մոնիտորինգի նպատակով նա եղել է նաեւ «Խոր Վիրապ» պետական արգելավայրում:

Գիտնականին զարմացրել է արգելավայրի տարածքում աշխատող ծանր տեխնիկան, որը, ըստ Լ. Բալյանի, հողային փորվածքներ էր կատարել։ «Հետքի» զրուցակիցը շեշտում է, որ հողային աշխատանքները կատարվում էին թռչունների բնադրման խոցելի շրջանում, մինչդեռ այդ ժամանակ պետք է արգելված լիներ որեւէ տեխնիկայի մուտքն արգելավայր:

Բալյանն ասում է, որ արգելավայրում ծանր տեխնիկայով աշխատանքը ռիսկեր է պարունակում թռչունների համար, քանի որ ոչնչացվում է նրանց կենսամիջավայրը, կերային բազան, իսկ աղմուկը դառնում է անհանգստացնող գործոն:

«Խոր Վիրապ» պետական արգելավայրն ստեղծվել է ՀՀ կառավարության 2007 թ. որոշմամբ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 50,28 հեկտար խոնավ տարածքում (արգելավայրի անմիջական հարեւանությամբ են պատմական Արտաշատ մայրաքաղաքի հնավայրն ու Խոր Վիրապի վանքը): Ըստ Կառավարության որոշման՝ արգելավայրի ստեղծման նապատակը եղել է խոնավ տարածքի էկոհամակարգի, դրա բաղադրիչների, բուսական ու կենդանական տեսակների պահպանությունը, բնականոն զարգացումը, վերարտադրությունն ու կայուն օգտագործման ապահովումը:

Որոշման մեջ նշվում է նաեւ, որ արգելավայրը ներառվում է «Միջազգային նշանակություն ունեցող, հիմնականում որպես ջրային թռչունների բնակավայր, խոնավ տարածքների մասին» կոնվենցիայի միջազգային նշանակության խոնավ տարածքների ցանկում։ Խոսքը Ռամսարի կոնվենցիայի մասին է:

Լյուբա Բալյանն արձանագրում է, որ, այսպիսով, «Խոր Վիրապ» արգելավայրը ենթակա է պահպանության Ռամսարի կոնվենցիայով:

1971 թ․ ընդունված Ռամսարի կոնվենցիան (Իրանի Ռամսար քաղաքի անունով) հիմնարար փաստաթուղթ է միջազգային նշանակության խոնավ տարածքների, հատկապես՝ ջրլող թռչունների բնադրավայրերի մասին: Հայաստանն այս կոնվենցիային միացել է 1993 թ․ եւ այսօր այդ փաստաթղթով պահպանվող տարածքների ցանկում ունի 3 տարածք՝ Սեւանա լիճը, Արփի լիճն ու «Խոր Վիրապ» արգելավայրի ջրաճահճուտային տարածքը:

«Թռչունների բնադրման ամենաթեժ սեզոնն է, նման կարգավիճակով տարածքում կենսամիջավայրի մի մասը լրիվ փորված էր, եղեգնուտները լրիվ խաթարված էին։ Տեղում ծանր տեխնիկա էր կանգնած, եւ, կարծես, կիսատ մնացած աշխատանք կա, որը հաստատ շարունակելու էին,- «Հետքի» հետ զրույցում նշում է գիտնական Լ. Բալյանն ու շարունակում,- սոցհարթակներում փորձեցի բարձրացնել այդ հարցը։ Եթե նույնիսկ դա լիներ պետականորեն աջակցություն ունեցող որեւէ նախաձեռնություն, ինձ հետաքրքիր է՝ ո՞վ է այն մասնագետը, որը թույլ է տվել նման կարգավիճակ ունեցող պահպանվող տարածքում թռչունների բնադրման շրջանում նման աշխատանքներ անել։ Ինձ հետաքրքիր է՝ ո՞վ է թույլտվություն տվել, որ ծանր տեխնիկայով աշխատանք անեն, եւ երկրորդ՝ որեւէ մեկի խորհրատվություն ունեցե՞լ են։ Փաստացի, մենք, լինելով Շրջակա միջավայրի նախարարության խորհրդատու, կոնկրետ ոչ մի նման հարցում չենք ստացել»:

Նախարարությունը պարզաբանում է, գիտնականը՝ հակադարձում

Գիտաշխատողի ահազանգի մասին «Հետքը» գրավոր հարցում էր ուղարկել շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանին:

Նախարարությունից փոխանցել են, որ «Խոր Վիրապ» պետական արգելավայրի ջրաճահճային տարածքում վերականգնման աշխատանքներ են իրականացվում ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի շրջանակներում: Ըստ նախարարության՝ այս աշխատանքները պայմանավորված են ջրաճահճային էկոհամակարգի երկարամյա դեգրադացիայով եւ ուղղված են բնական հիդրոլոգիական ռեժիմի, ջրափոխանակության եւ էկոլոգիական կապակցվածության վերականգնմանը։

Արգելավայրում ծանր տեխնիկայի աշխատանքի վերաբերյալ ՇՄՆ-ի արձագանքը հետեւյալն է. «Միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվում են ջրաճահճային էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներ, այդ թվում՝ ջրային հոսքերի կարգավորում, մարդածին խոչընդոտների հեռացում, ջրածածկ տարածքների էկոլոգիական վերականգնում եւ անհրաժեշտության դեպքում՝ հիդրոտեխնիկական միջամտություններ։ Կախված տարածքի էկոլոգիական եւ տեխնիկական առանձնահատկություններից՝ կարող են կիրառվել նաեւ մեխանիկական եւ ինժեներական միջոցներ, ներառյալ ծանր տեխնիկան՝ որպես վերականգնման տեխնիկական գործիք»:

Նախարարությունը հայտնում է, որ «Խոր Վիրապ» արգելավայրում նախատեսվող մեխանիկական աշխատանքները դիտարկվում են որպես տեխնիկական անհրաժեշտություն՝ ուղղված տարածքի բնական ջրային ռեժիմի վերականգնմանը։ Ըստ ՇՄՆ-ի՝ այդ աշխատանքները կրում են ժամանակավոր բնույթ, իսկ դրանց ավարտից հետո ակնկալվում է ջրաճահճային էկոհամակարգի եւ կենսամիջավայրերի վիճակի բարելավում։

«Նախատեսվող միջոցառումները միտված են ջրային եւ ճահճային կենսամիջավայրերի վերականգնմանը, տարածքի էկոլոգիական կայունության ամրապնդմանը եւ ջրաճահճային էկոհամակարգի երկարաժամկետ պահպանությանը»,- փոխանցել են ՇՄՆ-ից:

Լյուբա Բալյանը պնդում է՝ թռչունների բազմացման շրջանում ծանր տեխնիկա չպետք է մտներ այդ տարածք՝ առանց ՇՄՆ փորձաքննության կամ թռչնաբանների խորհրդատվության, եթե նույնիսկ հրատապ հողային կամ մաքրման անհրաժեշտություն կա։ «Հետքի» զրուցակցի խոսքով՝ արգելավայրում թռչունների բազմացման շրջանում ծանր տեխնիկայի աշխատանքը հակասում է Ռամսարի կոնվենցիային:

Ըստ այդմ՝ ծանր տեխնիկայի կիրառումը թռչունների բազմացման խոցելի շրջանում՝ ապրիլ-հուլիս ամիսներին, հակասում է Ռամսարի կոնվենցիայի ուղեցույցի կանոններին ու սկզբունքներին, քանի որ էկոհամակարգի հետագա բարելավումը, որն անհրաժեշտություն է պարունակում, սովորաբար չի արդարացնում բնադրման շրջանում իրականացվող աշխատանքները: Նշված միջոցառումները, ըստ Բալյանի, միջազգային պրակտիկայում իրականացվում են բացառապես բնադրման շրջանից դուրս՝ ուշ աշնանը կամ ձմռանը:

«Նշված տեխնիկական աշխատանքների նախագիծն անցե՞լ է շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննություն, եթե այո, ապա պետք է տրամադրեն փորձաքննության եզրակացության պատճենը կամ հղումը, (նախարարության կայքի համապատասխան բաժնում նման եզրակացություն չկա – «Հետք»),- ասում է մեր զրուցակիցն ու հավելում,- կամ ինչու՞ են աշխատանքները թույլատրվել կամ իրականացվել հենց այդ սեզոնին, ո՞ր մասնագիտական կամ էկոլոգիական հիմնավորմամբ են արվել, ո՞վ է նման թույլտվություն տվել: Եթե նման հիդրոտեխնիկական միջամտություն է ծավալվում միջազգային կարգավիճակ ունեցող տարածքում, իրենք պիտի ժամանակացույց ունենան: Կցանկանայի իմանալ դրա սկիզբն ու ավարտը, ո՞ր կազմակերպությունն է իրականացնում, ո՞ւմ թույլտվությամբ»:

Գիտնականի այս հարցերը ոչ թե հռետորական են, այլ անմիջապես ուղղված են Շրջակա միջավայրի նախարարության պատասխանատուներին:

Լուսանկարները տրամադրել է Լյուբա Բալյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter