HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը՝ կարգալույծ հոգևորականին չվտարելու հարցում

Վարչական դատարանն այսօր՝ 2026թ. հունիսի 19-ին, բավարարել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հայցը և ոչ իրավաչափ ճանաչել Ներքին գործերի նախարարության ոստիկանության անգործությունը։ Չնայած Եկեղեցու ներկայացուցչի ներկայացրած դիմումներին, ոստիկանությունը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու կարգալույծ հովիվ Արամայիս Թախմազյանին (Տեր Թադե) վտարելու գործողություններ չի իրականացրել։

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին Վարչական դատարան դիմել է 2026թ. փետրվարի 1-ին։ Եկեղեցու ներկայացուցիչներ, փաստաբան Արա Զոհրաբյանը, Տաթևիկ Շալջյանն ու Մանե Կարապետյանը նշել են, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն: Ամենայն հայոց կաթողիկոսը 2025թ. դեկտեմբերի 2-ին կարգալույծ է հռչակել Տ․Թադե քահանա Թախմազյանին և կոչել աշխարհական դասի անունով՝ Արամայիս Թախմազյան։ 

Եկեղեցու անունից փաստաբան Ա. Զոհրաբյանը 2026թ. հունվարի 3-ին և 4-ին դիմել է ոստիկանություն՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել կանխելու համար Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի կամ այլ անձանց կողմից Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագի խոչընդոտման գործողությունները: Դրանք կարող են դրսևորվել նաև Տեր Հայկ քահանա Սահակյանին խանգարելով, կարգալույծ եղած նախկին հոգևորական Արամայիս Թախմազյանի կողմից եկեղեցու սուրբ խորան բարձրանալով և ծեսեր կատարելով: Բացի այդ, կարող են խոչընդոտել Արագածոտնի թեմի գործունեությունը՝ Սուրբ ծննդյան ծիսակատարության ժամանակ Տեր Հայկ քահանա Սահակյանի կամքին հակառակ այլ անձի խաչքավոր նշանակելով կամ պատարագի բովանդակությունը խմբագրելու փորձով: 

Սակայն, Ոստիկանությունը պատշաճ միջոցներ չի ձեռնարկել և խոչընդոտվել է Մայր Աթոռի քահանա Տ․Հայկ Սահակյանի կողմից պատարագի անցկացումը: 

«Պատարագանման արարողությունն անցկացրել է կարգալույծ եղած Արամային Թախմազյանը»,- հայտնել է փաստաբանը:

2026թ. հունվարի 14-ին եկեղեցու ներկայացուցիչը դարձյալ խնդրել է Ոստիկանությանը Սուրբ Աստվածածին եկեղեցուց (սուրբ խորանից, ավանդատնից և ատյանից) վտարել Արամայիս Թախմազյանին և գալ եկեղեցու տարածք՝ բանավոր պահանջը Ա. Թախմազյանին ներկայացնելու համար:

Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Յու․Ղորղանյանը  գրությամբ մերժել է Արա Զոհրաբյանի բոլոր խնդրանքները: Փաստաբանը դատարանին հայտնել է, որ ոստիկանությունը կարգալույծ քահանային դիտարկել է որպես հոգևորական՝ ոչ միայն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, այլև միջամտել է եկեղեցու գործերին։ 

Ոստիկանությունը դատարանին հայտնել է, որ թեև եկեղեցու շենքը մասնավոր սեփականություն է, այդուհանդերձ, այն իր գործառույթով հանրային վայր է: Երբ եկեղեցու դռները բաց են, սեփականատերը (եկեղեցին) անում է «հրապարակային օֆերտա» (հրապարակային առաջարկ)՝ հրավիրելով անորոշ թվով անձանց մուտք գործել՝ հոգևոր կարիքները բավարարելու համար։ Ըստ Ոստիկանության՝ սեփականատերը չի կարող ընտրովի կերպով չեղարկել այն՝ հիմնվելով անձի որևէ կարգավիճակի վրա, քանի որ տվյալ անձը մուտք է գործել եկեղեցի այնպես, ինչպես ցանկացած այլ քաղաքացի։ Հետևաբար եկեղեցու տարածքի սեփականատերը պարտավոր է չխոչընդոտել հավատացյալների ներկայությունը, քանի որ շենքի նպատակային նշանակությունը հենց դա է։ 

Եկեղեցու ներկայացուցիչներն էլ հակադարձել են, որ երբ եկեղեցու դռները բաց են, ապա դրանք բաց են բոլորի համար՝ այդ թվում նաև աթեիստների, աղանդավորների և այլն: Այդուհանդերձ, եկեղեցու խորանը, ատյանը, ավանդատունը կամ ներսի հատվածը բաց է միայն հոգևորականների համար և հոգևորական չհանդիսացող հավատացյալներն իրավունք ունեն մուտք գործել եկեղեցիների՝ միայն իրենց համար նախատեսված տարածքից։ 

«Որոշման իմաստով ներխուժում առկա չէ, քանի որ մուտքը եղել է ազատ, իսկ գտնվելը՝ խաղաղ, ուստի ոստիկանությունը չէր կարող հարցը լուծել վարչական հարկադրանքով»,- դիրքորոշում են հայտնել Ոստիկանությունից:

Գործում երրորդ անձ ներգրավված Արամայիս Թախմազյանն էլ հայտնել է, որ իրեն կարգալույծ անելու հիմք չկա: Ինքն իրեն եկեղեցական է համարում, քանի դեռ առկա չէ հիմք, և ամեն հոգևորական կարող է ծիսակատարություն իրականացնել իր տարածքում: 

Վարչական դատարանը, նախագահությամբ դատավոր Աղասի Դարբինյանի, փաստել է, որ ոստիկանությունը դրսևորել է անգործություն, չի իրականացրել համապատասխան գործողություններ: Մասնավորապես՝ սահմանված ժամկետում չի ներկայացել Թալին քաղաքի սուրբ Աստվածածին եկեղեցու տարածք և չի իրականացրել որևէ գործողություն: Մինչդեռ դիմումների առկայության պայմաններում, ոստիկանությունը պարտավոր էր իրականացնել այդ գործողությունները: 

Անդրադառնալով Ոստիկանության ներկայացուցչի այն փաստարկին, որ տվյալ դեպքը չեն դիտարկել որպես ներխուժում, ապա Վարչական դատարանն արձանագրել է, որ որևէ դեպք ներխուժում գնահատելու կամ բացառելու համար օրենսդիրը սահմանել է կատարման ենթակա հստակ գործողություններ, որոնց իրականացումից հետո միայն Ոստիկանությունը կարող է եզրահանգել՝ ներխուժում առկա է, թե ոչ: Ուստի դատարանը գտել է, որ առանց նշված գործողությունների իրականացման նման դիրքորոշման հանգելն իրավաչափ չէ: 

Դատարանը նաև արձանագրել է, որ այն պահին, երբ եկեղեցու ներկայացուցիչը դիմել է ոստիկանություն, Արամայիս Թախմազյանը այլևս հոգևորականի կարգավիճակ չի ունեցել, քանի որ կարգալույծ էր հռչակվել։ Արամայիս Թախմազյանը հայտնել է, որ իր կարգալույծ ճանաչվելու հարցով դատարան է դիմել միայն 2026թ. հունվարի 16-ից հետո, հետևաբար դատարանը ոստիկանության ներկայացուցչի այն պնդումը, թե պետք էր պաշտպանել նրա՝ որպես հոգևորականի իրավունքները, անհիմն է համարել։

Վարչական դատարանը նաև արձանագրել է, որ եկեղեցու դիմումներում պահանջ չի ներկայացվել ընդհանրապես արգելել Արամայիս Թախմազյանի մուտքը Սուրբ Աստվածածին եկեղեցի կամ նրան հեռացնել եկեղեցուց։ Պահանջը վերաբերել է միայն այն գործողությունների կանխմանը, որոնք կարող են կատարել բացառապես գործող հոգևորականի կարգավիճակ ունեցող անձինք։ Խոսքը մասնավորապես վերաբերում էր սուրբ խորան, ավանդատուն և ատյան մուտք գործելուն և այնտեղ համապատասխան գործողություններ կատարելուն։

Նշենք, որ վճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ վարչական դատարան՝ հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:

Գլխավոր լուսանկարը՝ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter