HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Միասնության թևեր»-ի հայցը Վարչական դատարանը վարույթ չի ընդունել

Արման Թաթոյանի ղեկավարած «Միասնության Թևեր» կուսակցությունը հայցադիմում է  ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ)՝ 2026թ. հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Սակայն, դատարանը հայցադիմումի ընդունումը մերժել է:

ԿՀԸ-ն 2026թ. հունիսի 14-ին որոշել էր, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին կայացած հերթական ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա» և վերջնական ամփոփել էր արդյունքները:

Վարչական դատարանը՝ նախագահությամբ Ռոբերտ Մաքեյանի, ուսումնասիրելով կուսակցության կողմից հունիսի 17-ին ներկայացված հայցադիմումն ու թիվ 258-Ա որոշման բովանդակությունը, արձանագրել է, որ այն վերաբերում է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների ամփոփմանը: Դատարանի հիմնավորմամբ՝ դրա իրավաչափության ստուգումը վերապահված է Սահմանադրական դատարանին:

«Դատարանն ընդգծում է, որ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփող ցանկացած որոշման վիճարկում դուրս է ՀՀ վարչական դատարանի ընդդատությունից և հանդիսանում է բացառապես սահմանադրական արդարադատության քննության առարկա»,- վարույթ ընդունելը մերժելու որոշման մեջ նշել է դատարանը:

Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալուց 5 օր հետո և կարող է նույն ժամկետում բողոքարկվել Վերաքննիչ վարչական դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter