Ինտենսիվ եւ բազմազան քարոզարշավ. «Ռեգիոն» կենտրոնի հետազոտության արդյունքները
«Ռեգիոն» կենտրոնն ամփոփել է 2026-ի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի վերաբերյալ իր եռամաս հետազոտության(«Միշտ կապի մեջ Հայաստանը եւ 2026-ի ընտրությունները») երկրորդ մասի արդյունքները եւ մի շարք վիճակագրական տվյալներ ներկայացրել։ Ուսումնասիրված շրջանն ընդգրկում է մայիսի 8-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածը։
Հետազոտության այս փուլում դիտարկվել են՝
- 3 հայաստանյան (Aravot.am, Civilnet.am, Factor.am) եւ 2 արտասահմանյան (Azatutyun.am, Sputnik Արմենիա) լրատվամիջոցների՝ պաշտոնական քարոզարշավի ինֆորմացիոն ուղեկցման առանձնահատկությունները։
- Մասնակից 18 քաղաքական ուժերի ֆեյսբուքյան քարոզարշավներն առաջ մղելու պրակտիկան։ Այս դեպքում ուսումնասիրվել են քաղուժերի պաշտոնական էջերը։
Հինգ մեդիա հարթակներում վերլուծվել է ընդհանուր 3390 նյութ ընտրությունների թեմայով, եւ 4770 նյութ քաղաքական ուժերի ՖԲ-յան էջերում։ Մասնավորապես՝
- Ովքե՞ր են խոսել, ո՞ւմ մասին են խոսել, ինչպե՞ս են խոսել եւ ի՞նչի մասին են խոսել քարոզարշավի ընթացքում։
- Ինչպե՞ս են դիտարկված ԶԼՄ-ները հանրայնացրել նախընտրական քարոզարշավին մասնակից քաղուժերի, ընտրական գործընթացը կազմակերպող տարբեր կառույցների, այլ խմբերի ուղերձներն իրենց լսարաններին ի գիտություն, եւ ինչպե՞ս են ՖԲ-ի կիրառմամբ ընտրազանգվածի հետ հաղորդակցվել մասնակից քաղուժերը՝ որպես քարոզարշավի գլխավոր ինֆորմացիոն դերակատարներ։
Ինտենսիվություն եւ բազմաձայնություն
Համաձայն ուսումնասիրության, այս շրջանում ընտրական թեման մեդիայում եւ ՖԲ-ում հասավ ինտենսիվության գագաթնակետին, չնայած նախքան այդ էլ բավականին ակտիվություն էր արձանագրվել։
«Նախընտրական նյութերի քանակը տարբեր ԶԼՄ-ներում կապված է եղել ոչ միայն կոնկրետ այդ մեդիային բնորոշ ձեռագրի, այլեւ նախընտրական բազմաձայնության հետ։ Այն միշտ չէ, որ համընկնում էր բազմակարծության հետ, չնայած, որ մեդիան իր հարթակներում գեներացրել է ոչ միայն 19 մասնակից ուժերի խոսքը, այլեւ մասնագիտական-քաղաքացիական ու այլ հանրային խմբերի կարծիքներն ու գնահատականները։ Հաշվի առնելով նշված ԶԼՄ-ների խմբագրական քաղաքականությունը, ամենօրյա արտադրական հզորությունների պրակտիկան, այլ հարակից հանգամանքները, մի կողմից, իսկ մյուս կողմից՝ մասնակից ուժերի քանակը, ԶԼՄ-ներում, այնուամենայնիվ, գերակշռել են տարբեր բնակավայրերում ընտրողների հետ հանդիպումների լուսաբանումն ու նախընտրական «օրվա այլ լրատվությունը»»,- ասված է հետազոտության արդյունքների մասին ամփոփ հաղորդագրության մեջ։
Հետազոտված ՖԲ-յան քաղաքական էջերը տարբերվել են նախընտրական քարոզչական նյութերի եւ քանակով, եւ ամենօրյա ռեժիմով այն համալրել/չհամալրելու առումով։
Ձեւավորվել են քաղուժերի երեք խմբեր՝ ըստ իրենց պաշտոնական էջով ՖԲ-յան լսարանների շրջանում տարածած նյութերի քանակի.
- Առավել ինտենսիվ քարոզած ուժեր - Հայաստան դաշինք (19%), ՔՊ – 14%, ԱԺԲ - 11%:
- Միջին ինտենսիվությամբ քարոզած ուժեր - Միասնության թեւեր (7%), Ուժեղ Հայաստան (5%), ՀԱԿ (5%), ԼՀԿ (5%), ԴՕԿ – 5%
- Բոլորից նվազ ինտենսիվությամբ քարոզած ուժեր – ԲՀԿ (2%), Բոլորին դեմ եմ (2%), Հանրապետություն (2%), Հանուն հանրապետության (2%), Շնորհապետական կուս , Ռեֆորմիստներ, Նոր ուժ, Ժողովրդավարական համախմբում (յուրաքանչյուրը՝ 1%), ՔԺԿ (0,08%):
Քարոզարշավային նյութերում գերակշռել են տեսանյութերը
Քարոզարշավային տեսանյութերն ու ուղիղ միացումները, տեսահարցազրույցներն ու բանավեճերը, քարոզչական հոլովակները միասնաբար շոշափելի (որոշ դեպքերում՝ գլխավոր) մաս են կազմել քարոզարշավի մասին նյութերի ծավալում։
Մեդիայում դա կապված է եղել մեդիա ձեռագրերի եւ մեդիա առանձնահատկությունների հետ (օրինակ՝ «Sputnik Արմենիա»-ում եւ Civilnet.am-ում գերակշռել են տեքստային տարբերակները, Factor.am-ում՝ տեսանյութերը, Azatutyun.am եւ Aravot.am-ում՝ տեքստային եւ վիդեո նյութերը մոտավորապես համաչափ են եղել)։
ՖԲ քաղաքական էջերում հիմնականում տեսանյութերի միջոցով են քարոզել 9 ուժեր (Ուժեղ Հայաստանը – 93% տեսանյութ, Նոր ուժը – 85%, Հայաստան դաշինքը - 84%, Միասնության թևերը - 72%, ԲՀԿ-ն – 72%, Ժողովրդավարական համախմբումը - 70%, ՔՊ –ն - 68%, Շնորհապետական կուսակցությունը– 65%, ԼՀԿ-ն - 61%):
Սեփական արտադրանքը՝ գերակշռող
Ուսումնասիրված ԶԼՄ-ներում, բացի Aravot.am-ից (55%), ըստ «Ռեգիոն» կենտրոնի հետազոտության, էապես գերակշռել են սեփական արտադրության նյութերը (Azatutyun.am- 95%, Factor.am – 75%, Sputnik Արմենիա - 71%, Civilnet.am - 70%): Տեղեկատվական ուրիշ աղբյուրներին տարբեր մեդիա հարթակներ տարբեր մոտեցումներ են ունեցել։
Բոլորից շատ հայաստանյան այլ ԶԼՄ-ների նյութերին հղումներ/ ամբողջական արտատպություններ արձանագրվել են Aravot.am-ում (նյութերի 10%-ը հայաստանյան այլ ԶԼՄ-ներից)։ Մյուսներից ավելի շատ սոցցանցային տարբեր օգտատերերի գրառումներ տեղ են գտել Aravot.am-ում (17%), Sputnik Արմենիայում (10%): Պայմանական «այլ աղբյուրներին» հղումներով նյութեր (այս խմբում են դասվել ՀՀ պաշտոնական/ուժային կառույցների հաղորդագրությունները, արտասահմանյան ԶԼՄ-ների նյութերը), բոլորից քիչ հրապարակել է Azatutyun.am-ը (3%), որն, ի դեպ, ամենից քիչն է իր օնլայն հարթակի միջոցով շրջանառել նաեւ սոցցանցային ծագման քարոզչական բովանդակություն (1%)։
Հատկանշական է, որ ուսումնասիրված մեդիա հարթակներից ոչ մեկում չեն օգտագործվել ՔՊ-ամերձ ԶԼՄ-ների նյութերը։
Բոլոր մասնակից ուժերի պաշտոնական էջերի քարոզչական նյութերի ծանրակշիռ մեծամասնությունը սեփական արտադրության են եղել։ Բայց նաեւ այս հարթակներում շրջանառվել են իրենց մասնակցությամբ տարբեր ԶԼՄ-ներում կազմակերպված բանավիճային նյութերը, հարցազրույցները։ Տարբեր ԶԼՄ-ների միջոցով ընտրազանգվածի հետ հաղորդակցվելու հնարավորությունից չեն հրաժարվել նաեւ նախընտրական ֆինանսական մեծ կարողություններով եւ սեփական արտադրության մեծ քանակի նյութերով իրենց էջերը հեղեղած ուժերը (ՔՊ-ն – նյութերի 15% հայաստանյան այլ ԶԼՄ հարթակներից), «Ուժեղ Հայաստանը» (5%), «Հայաստան» դաշինքը (3%): Այս երեք ուժերը, սակայն, իրենց էջերում տեղադրել են Հանրային ՀԸ, «Արմենիա» ՀԸ, Factor.am -ում, «Glumoff պոդքասթում» (Ռադիո «Վան») ունեցած հարցազրույցները։ Մնացած քաղուժերի էջերում, բացառությամբ ԼՀԿ-ի եւ ԱԺԲ-ի, հայաստանյան ԶԼՄ-ների ցանկը, որոնց նյութերն օգտագործվել են ՖԲ-յան էջերում, ավելի բազմազան է եղել։
Հասցեական հակաքարոզչություն եւ բացասական հիշատակումներ
Քարոզչությունը տարբեր ԶԼՄ-ներում տարբեր դերակատարների՝ քաղուժերի, լրագրողների, փորձագետների/ՀԿ-ներկայացուցիչների/այլ մասնագետների, պարզ քաղաքացիների, այլոց կատարմամբ գլխավորապես կառուցված է եղել հակաքարոզչության եւ «այլ ուժերի» մասին բացասական հիշատակումների վրա։
Հակաքարոզչությունն ընթացել է հստակ հասցեական թիրախավորմամբ, ատելության խոսքի, անձնական վիրավորանքների, սպառնալիքների, պիտակավորման կիրառմամբ։ Այսպես, ՔՊ-ն իր հնչեցրած բացասական հստակ հասցեական գնահատականներով առաջին տեղում է հայտնվել Azatutyun.am-ում (ուրիշների 612 (-) հիշատակումների 20%) եւ Factor.am-ում ( 779 (-) հիշատակումների 22%): Մյուս ԶԼՄ-ներում այս իշխանական ուժի բացասական նշանով խոսքն ավելի ցածր հորիզոնականներում է: Օրինակ, «Sputnik Արմենիա»-ում այս տեսանկյունից ավելի շատ քննադատական խոսք է հնչել փորձագետների, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների, արտերկրներից՝ ՌԴ ներկայացուցիչերի կատարմամբ։ Aravot.am-ում ավելի շատ հնչել է «Ուժեղ Հայաստանի», «Հայաստան» դաշինքի խոսքն ընդդեմ ՔՊ-ի (համապատասխանաբար՝ 15% եւ 12%): ՔՊ-ի հնչեցրած՝ ուրիշների, այդ թվում՝ ԲՀԿ-ի մասին բացասական հիշատակումներն այնքան են եղել (7%), որքան որ այս մեդիա հարթակում ԲՀԿ-ն է խոսել ՔՊ-ի եւ նրա վարած քաղաքականության մասին (7%)։
Տարբեր պիտակավորումներով մրցակիցների խոսքը քարոզչական նույն օրվա ընթացքում եւ հետագա օրերին նույնպես հոլովվել/հակադարձվել է մրցակից ուժի կողմից՝ դրանով ավելացնելով մեդիա հարթակներում սկանդալային բնույթի լրատվության քանակը։
Ո՞ւմ դեմ է եղել քարոզարշավը. ո՞ւմ մասին բացասական (-) նշանով
Միանշանակ, քարոզարշավն ընթացել է ՔՊ-ի եւ նրա առաջնորդի դեմ։
Բոլոր ուսումնասիրված ԶԼՄ-ներում հենց այս ուժին եւ անձամբ Ն. Փաշինյանին են հասցեագրվել հնչած բոլոր բացասական գնահատականների մեծ մասը։
Azatutyun.am-ում ՔՊ-ն տարբեր մասնակիցների կատարմամբ ստացել է բոլոր բացասական հիշատակումների 67%, «Ուժեղ Հայաստանը»՝ 19%, «Բարգավաճ Հայաստանը»՝ 9%, «Հայաստան» դաշինքը՝ 3%: Համեմատության համար, Azatutyun.am-ում մյուս 5 քաղուժերից յուրաքանչյուրի («Լուսավոր Հայաստան», «Միասնության թեւեր», «Նոր ուժ», «Ալյանս», «Հանրապետություն» կուսակցություն) հասցեին ասված բացասական (-) խոսքը 1%-ը չի գերազանցում։
«Sputnik Արմենիա»-ում ՔՊ-ն ստացել է բոլոր բացասական հիշատակումների 82%-ը, «Ուժեղ Հայաստանը»՝ 11%, «Բարգավաճ Հայաստանը»՝ 6%, «Հայաստան» դաշինքը - 1%, «Միասնության թեւերը»՝0.2%։
Մնացած 14 մասնակից քաղուժերը բացասական նշանով չեն հիշատակվել։
Civilnet.am-ում ՔՊ-ն ստացել է բոլոր բացասական հիշատակումների 66%-ը, «Ուժեղ Հայաստանը»՝ 20%, «Բարգավաճ Հայաստանը»՝ 8 %, «Հայաստան» դաշինքը՝ 2%, «Նոր ուժը»՝ 1%։ Բացասական նշանով հիշատակվել են նաեւ այլ 5 ուժեր («Միասնության թևեր», «Լուսավոր Հայաստան», «Բոլորին դեմ եմ», ԴՕԿ, Շնորհապետական կուսակցություն), բայց նրանցից յուրաքանչյուրի բացասական հիշատակումները 0.5%-ը չեն գերազանցել։
Factor.am – ում ՔՊ-ի բացասական հիշատակումները կազմել են՝ 57%, «Ուժեղ Հայաստան»-ինը՝ 28 %, «Բարգավաճ Հայաստան»-ինը՝ 9%,«Հայաստան դաշինք»-ինը՝ 2 %։ Մնացած 15 ուժերից յուրաքանչյուրի հասցեին հնչած բացասական հիշատակումների քանակը 1%-ը չի գերազանցել։
Aravot.am-ում ՔՊ-ի հասցեին հնչած բացասական հիշատակումների քանակն ամենից շատն է եղել՝ 88%, այնուհետեւ շեշտակի տարբերությամբ՝ «Ուժեղ Հայաստան»-ի մասին բացասական գնահատականներն են եղել (7 %), «Բարգավաճ Հայաստան»՝ 3%, «Հայաստան» դաշինքի մասին՝ 1 %: Մյուս 7 ուժերից («Միասնության թևեր», «Լուսավոր Հայաստան», «Բոլորին դեմ եմ», «Նոր ուժ», ՀԱԿ, ԴՕԿ, «Հանրապետություն» կուսակցություն) յուրաքանչյուրի հասցեին հնչած բացասական գնահատական/հիշատակումները 0.3 %-ը չեն գերազանցել։
Ղարաբաղյան հակամարտությունը եւ արցախցիները խնդիրները՝ հետին պլանում. ի՞նչ թեմաներ են առաջ մղվել քարոզարշավի ընթացքում
Քարոզարշավի ընթացքում մեդիայում եւ քաղուժերի ՖԲ-յան հարթակներում ավելի շատ խոսել են բուն քարոզարշավի (կոշտ, ոչ նորմատիվային հռետորաբանություն), ընտրական խախտումների/ընտրակաշառքի, ընտրական գործընթացին զուգահեռ աճող իրավական վարույթների մասին, քան ուժերի ծրագրային դրույթների, «ի՞նչ ենք անելու եւ ինչպե՞ս ենք դա անելու» մասին։ Եղել են թեմատիկ, ոչ մեծաքանակ նյութեր, որոնցում մեդիան ներկայացրել է տարբեր առանցքային քաղաքական դերակատարների ծրագրային դրույթները հանրային նշանակության ու զգայուն խնդիրների մասին (Azatutyun.am, Civilnet.am)։ Այս նպատակով հրապարակվել են նաեւ հարցազրույցներ ու տարբեր ուժերի, մասնագետների մասնակցությամբ բանավիճային հաղորդումներ (Factor. am, Aravot.am, Civilnet.am, Azatutyun.am)։
Տարբեր շեշտադրումների բերումով հետազոտված ԶԼՄ-ներում ձեւավորվել են թեմատիկ տարբեր ռեյտինգներ։ Եվ դրանցում ավելի ստորին հորիզոնականներում են եղել այնպիսի խնդիրներ, ինչպես Ղարաբաղյան հակամարտությունն է (որը նախորդ, 2021թ. ընտրությունների առանցքային թեման էր), արցախահայերի խնդիրները, Ադրբեջանում հայ գերիների թեման, եկեղեցու թեման։ Անսպասելի քիչ է եղել «Արտաքին միջամտության» թեմայով նյութերի քանակը, որոնցում ներկայացվել են ինֆորմացիոն եւ այլ միջամտությունների պատմությունները, այլ հարակից խնդիրներ։
Թեմաների առաջնահերթությունը
Azatutyun.am
- Ընտրակաշառք/այլ խախտումներ - 20%
- Քարոզարշավ - 15%
- Արտ. քաղաքական - 13%
- Իրավական համակարգ - 12%
- Անվտանգություն - 10%
- Սոց–տնտ. խնդիրներ – 7%
Sputnik Արմենիա
- Արտ. քաղաքական - 19%
- Քարոզարշավ - 15%
- Սոց–տնտ. խնդիրներ – 11%
- Իրավական համակարգ-10%
- Ընտրակաշառք/այլ խախտումներ-9%
- Անվտանգություն - 9%
Civilnet.am
- Արտ. քաղաքական - 20%
- Արտաքին միջամտություն - 10%
- Քարոզարշավ - 9%
- Իրավական համակարգ - 9%
- Ղարաբաղյան հակամարտություն – 8%
- Ընտրակաշառք/այլ խախտումներ - 8%
Factor.am
- Ներքաղաքական- 23%
- Քարոզարշավ - 12%
- Անվտանգություն -10%
- Ընտրակաշառք/այլ խախտումներ -10%
- Իրավական համակարգ - 9%
- Արտ. քաղաքական - 9%
- Սոց–տնտ. խնդիրներ - 8%
Aravot.am
- Ներքաղաքական- 13%
- Քարոզարշավ - 12%
- Անվտանգություն -12%
- Արտ. քաղաքական - 10%
- Սոց–տնտ. խնդիրներ - 9%
- Ընտրակաշառք/այլ խախտումներ -8%
- Իրավական համակարգ - 7%
Այս տվյալները 2026-ի ընտրական գործընթացի ողջ պատկերի միայն մի մասն են։ Հետազոտության ավարտից հետո բոլոր տվյալները կհանրայնացվեն մեկ միասնական, վիճակագրական եւ բովանդակային հաշվետվությամբ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել