Նախկին դատավորներներից հետ են պահանջում ավել վճարված արձակուրդային գումարները
Հրաժարական տված կամ կարգապահական խախտման պատճառով լիազորությունները դադարեցված՝ Երևան քաղաքի քաղաքացիական դատարանի երեք դատավորի դեմ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) գումարի բռնագանձման հայցեր է ներկայացրել դատարան։ ԲԴԽ-ն հօգուտ Դատական դեպարտամենտի պահանջում է բռնագանձել ավելի քան 2,6 մլն դրամ՝ որպես ավել վճարված արձակուրդային գումար։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Ավագ Գաբրիելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 2025թ. փետրվարի 6-ին, և ԲԴԽ-ի որոշմամբ փետրվարի 10-ից նրա լիազորությունները դադարեցվել են։
ԲԴԽ-ն պահանջում է Ա. Գաբրիելյանից հօգուտ Դատական դեպարտամենտի բռնագանձել 1.216.835 դրամ. որից 72.766 դրամը՝ որպես ավել վճարված հիմնական արձակուրդային գումար, իսկ 1.144.069 դրամը՝ ավել վճարված լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար։
Նույն դատարանի նախկին դատավոր Արմինե Սաֆարյանի լիազորությունները դադարեցվել են 2025թ. նոյեմբերի 10-ից։ Նա հրաժարականի դիմում էր ներկայացրել նոյեմբերի 7-ին։ ԲԴԽ-ն Ա. Սաֆարյանից պահանջում է հօգուտ Դատական դեպարտամենտի բռնագանձել 402.213 դրամ՝ որպես ավել վճարված լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար։
1.048.725 դրամ բռնագանձելու պահանջ է ներկայացվել նաև նույն դատարանի նախկին դատավոր Արթուր Ստեփանյանին։ Այդ գումարից 518.619 դրամը ավել վճարված հիմնական արձակուրդային գումարն է, իսկ 530.106 դրամը՝ ավել վճարված լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը։
ԲԴԽ-ն Արդարադատության նախարարի միջնորդության հիման վրա՝ էական կարգապահական խախտման հիմքով Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցրել էր 2024թ. հուլիսի 9-ին։
2025թ. հունվարի 10-ին Արթուր Ստեփանյանը դիմել էր Սահմանադրական դատարան։ ՍԴ-ն խախտում էր արձանագրել, որից հետո Արթուր Ստեփանյանը դիմել էր ԲԴԽ՝ խնդրելով վերանայել լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը։
ԲԴԽ-ն վերացրել է նախորդ որոշումը, սակայն 2025թ. նոյեմբերի 11-ին կրկին դադարեցրել է Ա. Ստեփանյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման նույն հիմքով։
Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից «Հետքին» պարզաբանեցին, որ եթե պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձն աշխատանքից ազատվում է մինչև այն աշխատանքային տարվա ավարտը, որի համար իրեն տրամադրվել է ամենամյա արձակուրդ, ապա նրան վճարված հիմնական և լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարները չաշխատած ամիսների համամասնությամբ պահվում կամ գանձվում են՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով։
Իրավակարգավորումների տրամաբանությունն այն է, որ արձակուրդային վճարը տրամադրվում է ամբողջ տարվա համար։ Դատավորը լիազորությունները վայր դնելիս պարտավոր է գործատուին հետ վճարել չաշխատած օրերին բաժին ընկնող գումարը, եթե տվյալ տարին ամբողջությամբ չի աշխատել։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել