Ազատությունից զրկված անձինք կկարողանան տեսակապով մասնակցել դատական նիստերին. նախագիծ
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ լրատվականից։
Նախաձեռնությամբ նախատեսվում է իրավական հիմքեր ստեղծել, որպեսզի ձերբակալված, կալանքի տակ գտնվող մեղադրյալները և ազատազրկված դատապարտյալները սահմանված դեպքերում կարողանան դատական նիստերին մասնակցել տեսակապի միջոցով՝ ինչպես քրեական դատավարության փուլում, այնպես էլ պատժի կատարման ընթացքում։
Նախարարի խոսքով՝ տեսակապը կարող է կիրառվել ինչպես մեղադրյալի միջնորդությամբ, այնպես էլ դատարանի նախաձեռնությամբ՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում։
«Տեսակապ կարող է կիրառվել հասարակական կարգի, առողջության, վարույթի մասնավոր մասնակիցների իրավունքների պաշտպանության, նրանց անվտանգության ապահովման, հանցագործությունների կանխման կամ դատական քննությունը ողջամիտ ժամկետում կազմակերպելու նպատակով»,- նշել է նախարարը։
Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ նման դեպքերում պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, իսկ տեսակապի կիրառման կարգն ու տեխնիկական պահանջները կսահմանվեն Կառավարության որոշմամբ։
Փոփոխություններ են առաջարկվում նաև Քրեակատարողական օրենսգրքում։ Նախարարի խոսքով՝ դատապարտյալների մասնակցությունը դատական նիստերին հաճախ անհրաժեշտ է լինում պատժի կատարումը հետաձգելու, պատժից ազատելու կամ պայմանական վաղաժամկետ ազատման հարցերի քննության ժամանակ։
«Դատապարտյալներին դատարան ուղեկցելու գործընթացում բավականին մեծ ռեսուրս է ծախսվում։ Ուստի տեսակապի հնարավորությունը նախատեսվում է նաև նման դեպքերի համար»,- նշել է Արփինե Սարգսյանը։
Նախարարն ընդգծել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը թույլ է տալիս ազատությունից զրկված անձանց մասնակցությունը դատական գործընթացներին տեսակապի միջոցով՝ անհրաժեշտ երաշխիքների պահպանման պայմաններում։ Մասնավորապես, պետք է ապահովվեն պաշտպանի և պաշտպանյալի միջև հաղորդակցության գաղտնիությունը, դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանությունը և անհրաժեշտ տեխնիկական պայմանները։
Փոփոխությունները նախատեսվում է կիրառել 2027 թվականի հունվարի 1-ից հետո անցկացվող դատական նիստերի նկատմամբ, ինչը հնարավորություն կտա պատշաճ նախապատրաստվել և ապահովել անհրաժեշտ տեխնիկական պայմանները։
Նախարարն ընդգծել է, որ կարգավորումը նպաստում է դատավարության արդյունավետության բարձրացմանը, ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանը և պետական ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը՝ միաժամանակ չվերացնելով անհրաժեշտության դեպքում անձանց դատարան ուղեկցելու պետության պարտավորությունը։
Անդրադառնալով ուղեկցումների ոլորտին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ նախկինում առկա խնդիրներն արդեն հաղթահարվել են։
«Ուզում եմ փաստել, որ ուղեկցումների մասով բացասական պրակտիկան անցած տարվա ընթացքում ամբողջությամբ հաղթահարվել է, և այսօր ունենք ուղեկցումների հայտերի շուրջ 98 տոկոս բավարարում»,- ընդգծել է նախարարը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել