HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը

Հունիսի 15-ին Լյուքսեմբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հրավերով, մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։ Հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Աշխատանքային նախաճաշի ձևաչափով քննարկմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը և ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներ ու ներկայացուցիչներ:

ԵՄ գործընկերները շնորհավորել են նախարար Միրզոյանին Հայաստանում անցկացված ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունների և  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Ընդգծվել է ԵՄ և անդամ երկրների աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչման, եվրոպական ինտեգրման առաջմղման գործում քաղաքական հանձնառությունը։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանում և Հայաստանի շուրջ զարգացումները նախընտրական և հետընտրական շրջանում՝ ընդգծելով այն, որ Հայաստանի քաղաքացիներն իր քվեարկությամբ վերահաստատեցին իրենց կամքն՝ ապրելու խաղաղության մեջ և պաշտպանելու անկախությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարական բարեփոխումների անշրջելիությունը, բարգավաճման ընտրված ուղին, ինչպես նաև Հայաստանի՝ եվրոպական հեռանկարների նկատմամբ ձգտումները։

Նախարար Միրզոյանը նշել է, որ այն հանգամանքը, որ ընտրություններից հետո առաջին այցը տեղի է ունենում  ՀՀ-ԵՄ գործընկերության առավել խորացմանը միտված այս ձևաչափով՝  վկայում է երկուստեք առկա հանձնառության մասին։

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ՀՀ-ԵՄ առևտրաշրջանառության ավելացման, ՀՀ տնտեսական ու էներգետիկ դիմակայունության ավելացման ուղղությամբ կիրառելի մեխանիզմների և հնարավոր քայլերի շուրջ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում և տնտեսական կապերի դիվերսիֆիկացիայի ուղղությամբ մինչ այս ԵՄ և անդամ պետությունների կողմից ցուցաբերված աջակցությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել այս ուղղությամբ աշխատանքներն ինչպես ԵՄ կառույցների, այնպես էլ ԵՄ առանձին պետությունների հետ ակտիվ փոխգործակցությամբ»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter