HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որտեղ ում են ընտրել․ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները՝ թվերով

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեկ շաբաթ անց՝ հունիսի 14-ին, ամփոփեց վերջնական արդյունքները, որոնց համաձայն՝ խորհրդարան է անցնում 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (49.7456%), «Ուժեղ Հայաստան» դաշինք (23.271%) և «Հայաստան» դաշինք (9.9231%)։ 

«Հետքը» վերլուծել է 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Հայաստանի 70 համայնքների ու Երևանի վարչական շրջանների։

ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 10/51, 12/13 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Այս ընտրատեղամասների տվյալներն արտացոլված են միայն մասնակցության ցուցանիշներում, մյուս վերլուծությունները վերաբերում են մնացած 2002 ընտրատեղամասերին։ Տվյալներում ներառված չեն էլեկտրոնային քվեարկության արդյունքները։

Հունիսի 7-ին 1 մլն 476 հազար 597 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 58.97%-ը գնաց ընտրության։ Մասնակցության այս ցուցանիշն ավելի բարձր է, քան 2018 (48.6%) և 2021 (49.4%) թվականների արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

2026-ի ընտրություններին ամենաակտիվը Սյունիքի մարզի Քաջարան համայնքն է մասնակցել։ Այստեղ 8 ընտրատեղամասերում մասնակցության 74․2% միջին ցուցանիշ է արձանագրվել։ 70% մասնակցությամբ հաջորդում են Սյունիքի մարզի Տեղ և Վայոց ձորի մարզի Վայք համայնքները։

Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի 804 ընտրողներից միայն 144-ն է գնացել ընտրության։ Մոլոկաններով բնակեցված Ֆիոլետովոն մասնակցության 17․9% ցուցանիշով ամենապասիվն է եղել։ 

Ուշագրավ է, որ մասնակցության ամենացածր ցուցանիշներ արձանագրած 4 համայնքներն էլ հիմնականում բնակեցված են ազգային փոքրամասնություններով։ Ֆիոլետովոյին հաջորդում է եզդիաբնակ Շամիրամը (Արագածոտն), որտեղ 505 ընտրողից քվեարկությանը մասնակցել է ընդամենը 183-ը (36.24%): Պասիվությամբ աչքի է ընկել նաև մոլոկաններով բնակեցված մեկ այլ համայնք՝ Լերմոնտովոն (Լոռի)՝ 38.83% մասնակցությամբ (266 ընտրող՝ 685-ից)։ Քրդերով ու եզդիներով բնակեցված Ալագյազ համայնքում (Արագածոտն) 2761 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1188-ը (43.03%):

Մայրաքաղաք Երևանում ընտրություններին ամենաակտիվը մասնակցել է Ավան վարչական շրջանը, որտեղ ընտրության իրավունք ունեցող 40 644 քաղաքացիներից 25 120-ը կամ ընտրողների 61.8%-ը գնացել է ընտրատեղամաս։ Մասնակցության ամենացածր ցուցանիշն էլ Էրեբունիում է գրանցվել՝ 55.63%։

Մասնակցության % (2).jpg (429 KB)

Հունիսի 7-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին իր ձայնը տվել է 726 819 ընտրող։ Իշխող ուժը Հայաստանի 70 համայնքից 64-ում ու 2002 ընտրատեղամասերից 1880-ում ամենաշատ ձայներն է հավաքել։ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Շամիրամ համայնքում, օրինակ, քվեարկության մասնակցած 183 ընտրողից 154-ը ծրարի մեջ դրել է 16-րդ քվեաթերթիկը, այսինքն՝ ցածր մասնակցության պայմաններում համայնքի ձայների 85.08%-ը ՔՊ-ի օգտին է եղել։ Նմանատիպ պատկեր է մարզի մեկ այլ՝ Մեծաձոր համայնքում, որտեղ ընտրություն կատարած 75 քաղաքացուց 63-ը կամ 84%-ը քվեարկել է իշխող ուժի օգտին։ 

«Քաղաքացիական պայմանագիրը» ամենաքիչ քվեները ստացել է Ֆիոլետովո համայնքում, որտեղ 144 ընտրողից միայն 17-ն է ՔՊ-ին ընտրել։ Սա համայնքի ձայների 11.81%-ն է։ Կուսակցությունը 22.69% արդյունք է գրանցել Լոռու մարզի Տաշիր համայնքում, որտեղ քվեարկությանը մասնակցած 11 110 քաղաքացուց 2500-ն է ընտրել 16-րդ քվեաթերթիկը։ 

Երևանում ՔՊ-ն ձայների ամենամեծ մասնաբաժինը ստացել է Էրեբունի վարչական շրջանում՝ 46.26%: Կուսակցությունը համեմատաբար ցածր արդյունքներ է գրանցել Արաբկիր (35.6%) և Կենտրոն (36.01%) վարչական շրջաններում։

ՔՊ, % ձայներով 3.jpg (450 KB)

«Ուժեղ Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքում ստացել է 340 006 քվե։ 70 համայնքներից 5-ում այս ուժը ամենաշատ ձայներն է հավաքել, բոլորը՝ Լոռու մարզում։

Տաշիր համայնքում ընտրություններին մասնակցած 11 110 ընտրողից 8091-ը կամ 73.44%-ը ձայնը տվել է «Ուժեղ Հայաստանին»։ Դաշինքը ստացած քվեների քանակով առաջինն է եղել նաև Լոռու մարզի Ֆիոլետովո (71 ձայն կամ 49.31%), Գյուլագարակ (1840 ձայն կամ 44.31%), Լերմոնտովո (112 ձայն կամ 43.08%) և Ստեփանավան (3207 ձայն կամ 42.73%) համայնքներում։

Ամենաքիչ քվեները «Ուժեղ Հայաստանը» ստացել է Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում, որտեղ 75 ընտրողից 6-ը կամ 8%-ն է ձայնը դաշինքին տվել։ Ցածր ցուցանիշներով հաջորդում են ազգային փոքրամասնություններով բնակեցված 3 համայնքներ՝ Վերին Դվին (ասորիներ)՝ 9.38%, Ալագյազ (եզդիներ, քրդեր)՝ 11.56%, Շամիրամ (եզդիներ)՝ 11.6%։

Մայրաքաղաքում ձայների ամենամեծ մասնաբաժինը «Ուժեղ Հայաստանը» Նորք-Մարաշ վարչական շրջանում է ստացել՝ 29.6%. ընտրատեղամաս գնացած 6635 քաղաքացուց 1944-ը 3-րդ քվեաթերթիկն է ընտրել։ Ամենացածր արդյունքն էլ Շենգավիթում է գրանցվել՝ 22․02% (65 110 ընտրողից 14193)։

ՈՒԺ, % ձայներով 3.jpg (440 KB)

«Հայաստան» դաշինքը ստացել է 144 983 քվե։ 2002 ընտրատեղամասից 13-ում է դաշինքն ամենաշատ ձայները հավաքել, դրանցից 10-ը՝ Գեղարքունիքի մարզում։ Կոտայքի մարզի Արզնի համայնքում «Հայաստան» դաշինքը ստացել է ձայների 16.96%-ը։ Երևանի Կենտրոն վարչական շրջանում ընտրության մասնակցած 55 289 քաղաքացուց 8510-ը կամ 15.54%-ը ձայնը տվել է դաշինքին։ «Հայաստան» դաշինքը քիչ քվեներ է հավաքել հատկապես Լոռու մարզում։ Տաշիր համայնքում, օրինակ, 134 ընտրող կամ մասնակցածների 1.22%-ն է 17-րդ քվեաթերթիկն ընտրել։ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում դաշինքը 183-ից միայն 3 ձայն է ստացել (1.66%)։

ՀԴ, % ձայներով 3.jpg (421 KB)

Գյուղական բնակավայրերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների մեծ մասը՝ 57․4%-ը։ Խորհրդարան չանցած 15 ուժերը գյուղերում միասին ստացել են 13․5%, ընդ որում՝ 5․3%-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայներն են, որը շատ մոտ էր խորհրդարան անցնելուն, սակայն 0․0107% չբավականացրեց։ Գյուղերի ձայների 21%-ը «Ուժեղ Հայաստանին» է բաժին հասել, 8%-ը՝ «Հայաստան» դաշինքին։

Գյուղերում ստացած ձայներ % (1).jpg (253 KB)

Հայաստանի 49 քաղաքներում խորհրդարան անցած ընդդիմադիր 2 ուժերը 9․8%-ով ավելի քիչ քվե են ստացել, քան «Քաղաքացիական պայմանագիրը»։ 421 533 ձայն ՔՊ-ն ստացել է քաղաքային բնակավայրերից, որից 203 411-ը՝ Երևանից։ «Ուժեղ Հայաստանը» քաղաքներից 228 410 քվե (24.7%) է ստացել, «Հայաստան» դաշինքը՝ 102 325 (12.8%)։

Քաղաքներում ստացած ձայներ % (1).jpg (266 KB)

Մայրաքաղաքում ձայների 41․5%-ն է բաժին հասել «Քաղաքացիական պայմանագրին», 24․7% ստացել է «Ուժեղ Հայաստանը», 12․8%-ը՝ «Հայաստան» դաշինքը։

Երևանում ստացած ձայներ %.jpg (257 KB)

Ընտրությունների այս արդյունքների հետ ընդդիմադիր ուժերը համաձայն չեն։ ԿԸՀ-ի շենքի դիմաց երեկ՝ հունիսի 14-ին, ընդդիմադիր գործիչներն ու նրանց համակիրները բողոքի ակցիա են իրականացրել, ապա հայտարարություն տարածել՝ նշելով, որ «ընտրությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ընտրությունների ստույգ արդյունքները»։

Այնուամենայնիվ, ԿԸՀ-ի հունիսի 14-ի նիստում մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝

«Քաղաքացիական պայմանագիր» - 64 մանդատ

«Ուժեղ Հայաստան» - 29 մանդատ

«Հայաստան» դաշինք - 12 մանդատ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter