HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հացադուլ հայտարարած կալանավորը ինքնավնասել է որովայնը. 18 կար է տեղադրվել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հարութ Աբրահամյանը երեկ՝ 2026թ. հունիսի 11-ին, ինքնավնասում է կատարել։ Նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց և որովայնի հատվածում բժշկական 18 կար է տեղադրվել, քանի որ բացվածքը խորն է եղել։ Այս մասին «Հետքին» ահազանգեց Հարութի մայրը՝ Սվետլանա Ազիզյանը։

Հարութ Աբրահամյանն արդեն 9 օր հացադուլ է հայտարարել։ 

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը հաստատեց դեպքը։ Նշեց, որ ինքնավնասումը կապված չէ բժշկական սպասարկման դժգոհության հետ։ Կալանավորված անձին ցուցաբերվել է բժշկական օգնություն և հիվանդանոցից վերադարձվել է «Նուբարաշեն» ՔԿՀ։

Հիշեցնենք՝ դեռևս 2026թ. հունիսի 3-ին գրել էինք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հարութ Աբրահամյանը հացադուլ իրականացնելու դիմում է ներկայացրել վարչակազմին, և նրան տեղափոխել են հացադուլ իրականացնողների խուց: 

Հ. Աբրահամյանի մայրը՝ Սվետլանա Ազիզյանը, պատմել էր, որ որդուն ձերբակալել, ապա կալանավորել են 2026թ. մայիսի 15-ին: Նրա փոխանցմամբ՝ Հարութն անձնագրային հարցերով գնացել է ոստիկանություն, հենց տեղում ձերբակալել են՝ ասելով, որ հետախուզման մեջ է:

«Հարութը վարչական հսկողության մեջ է եղել, փախած չէր, որ հետախուզեին: Տարել են քննչական, այնտեղ որդուս նկատմամբ բռնություն է կիրառվել»,- պատմել էր Սվետլանա Ազիզյանը:

Հարութ Աբրահամյանի ձերբակալումն, ապա կալանավորումը կապված է 2026թ. մայիսի 3-ին Երևանի Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ու դանակահարության հետ: Նրան մեղադրում են ավտոմեքենան կայանելու շուրջ ծագած վիճաբանության ու երկու քաղաքացու դանակահարելու մեջ:

Մայրն ասում էր, որ որդու մոտ դանակ կամ սուր կտրող-ծակող գործիք չի եղել: 10-13 հոգով հարձակվել են որդու վրա, ծեծել են նրան, դեպքից երկու շաբաթ անց իրավապահները բռնել են նրան ու ասել, որ մարդ է դանակահարել: 

Մեր առաջին հրապարակման ժամանակ մայրն անհանգստացած էր որդու կյանքի ու առողջության համար: Ասել էր, որ Հարութը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի և կարող է «իր հետ վատ բան անել», քանի որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

Հարութ Աբրահամյանի հացադուլի մեջ գտնվելու ժամանակ մայրն այցելել է քննիչին, որպեսզի խնդրի քննչական գործողություններն արագացեն, պարզեն իրական հանգամանքները, սակայն քննիչը չի ընդունել, չի լսել նրան։

Սվետլանա Ազիզյանը նշեց, որ տղան այլ առողջական խնդիրներ էլ ունի և չի կարող երկար հացադուլի մեջ մնալ։ Սակայն Հարութը չի ցանկանում դադարեցնել հացադուլը՝ բողոքելով նախաքննությունից և իր նկատմամբ քննիչի վատ կիրառած բռնությունից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter