HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ը կոչ է անում Խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին որևէ պարագայում չհրաժարվել մանդատներից

2026 թվականի հունիսի 7-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրությունների վերաբերյալ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հայտարարությունը։

«2026 թվականի հունիսի 7-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրությունները, մեր գնահատմամբ, չեն համապատասխանում ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների ժողովրդավարական չափանիշներին։ Ընտրական ամբողջ գործընթացը նշանավորվեց իշխանությունների կողմից իրականացված համակարգային և զանգվածային խախտումներով, որոնք լրջորեն կասկածի տակ են դնում հրապարակված արդյունքների արժանահավատությունն ու ընտրողների ազատ կամարտահայտության իրական արտացոլումը։

Մասնավորապես՝

  • Քվեարկության ավարտից հետո՝ ժամը 20:00-ից մինչև 01։00-ն մի շարք տեղամասերում կազմակերպված բանակի ուղղորդված քվեարկությունը աննախադեպ խախտում է, որը հակասում է ընտրական գործընթացի թափանցիկության ու հավասարության սկզբունքներին, և պահանջում է համակողմանի քննություն։ 
  • Իշխանությունն ամբողջ ծավալով կիրառել է վարչական ռեսուրսը՝ պետական կառավարման համակարգը ծառայեցնելով սեփական ընտրական շահերին։ 
  • Իշխանության նախընտրական քարոզչության նպատակով լայնորեն օգտագործվել են պետական և համայնքային բյուջեների միջոցները, պետական հիմնարկների, համայնքային կառույցների և պետական ռեսուրսների հնարավորությունները՝ կոպտորեն խախտելով հավասար մրցակցության սկզբունքը։ 
  • Հանրային հեռուստատեսությունը կոպտորեն խախտել է քաղաքական ուժերի նկատմամբ հավասար վերաբերմունքի սկզբունքը՝ քարոզարշավի ընթացքում ակնհայտ տեղեկատվական առավելություն ապահովելով իշխանությանը։ 
  • Ընտրական ողջ գործընթացն ուղեկցվել է ընդդիմության ներկայացուցիչների, վստահված անձանց, ակտիվիստների և ընտրողների նկատմամբ ճնշումներով, ահաբեկմամբ, ատելության խոսքով, ապօրինի ձերբակալություններով և քրեական հետապնդումներով, որոնք շարունակվել են նույնիսկ քվեարկության օրը։ Ձերբակալվել են ընդդիմադիր բազմաթիվ ղեկավարներ և ակտիվիստներ՝ խաթարելով ազատ քաղաքական մրցակցությունը։ 
  • Բազմաթիվ տեղամասերից ստացվել են տեղեկություններ ընտրողների ուղղորդված և վերահսկվող քվեարկության, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության, ինչպես նաև իշխանության օգտին կատարված հավելագրումների և ձայների հաշվարկի ընթացքում արձանագրված այլ լուրջ խախտումների վերաբերյալ։ 
  • Բազմաթիվ ընտրատեղամասերում քվեարկության և ձայների հաշվարկի ընթացքում արձանագրվել են էլեկտրաէներգիայի անջատումներ, որոնք էականորեն խաթարել են գործընթացի թափանցիկությունը և լրացուցիչ կասկածներ առաջացրել հաշվարկի օրինականության վերաբերյալ։ 
  • Մի շարք համայնքներում ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավը խոչընդոտվել է բռնություններով, սպառնալիքներով, ֆիզիկական ճնշումներով և այլ ապօրինի գործողություններով։ 
  • Արձանագրվել են արտաքին դերակատարների միջամտության բազմաթիվ դրսևորումներ, որոնք, մեր գնահատմամբ, բացասաբար են ազդել ընտրական գործընթացի ազատության և հավասարության վրա։ 
  • Ընտրական տեղամասերի ընդամենը 10 տոկոսի (իսկ քվեարկությանը մասնակցած ընտրողների 5 տոկոսից էլ պակաս) արդյունքների հրապարակումից հետո սեփական հաղթանակի մասին իշխանության հրապարակային հայտարարությունն արվել է այն պահին, երբ դեռ տեղամասերի մեծամասնությունում հաշվված չէին քվեների մեծ մասը։ Սա վկայում է այն մասին, որ իշխանությունները, նախնական տվյալներով չստանալով  իրենց ակնկալած արդյունքները, որոշել էին  այդ հայտարարությամբ կոպտորեն  միջամտել ընտրական գործընթացին եւ ապօրինաբար փոխել քվեարկության վերջնական արդյունքը։  
  • Մաթեմատիկական վերլուծությունը, հիմնված Գաուսի կորի անոմալիաների գնահատման մեթոդի վրա, երևան է հանում իշխանության օգտին տասնյակ հազարավոր ձայների կեղծման ապացույցներ, ինչը պահանջում է անկախ մասնագիտական փորձաքննություն և միջազգային մակարդակով գնահատական։ 

Վերոնշյալ հանգամանքների ամբողջությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ ընտրությունների հրապարակված արդյունքները չեն կարող համարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ, հավասար և անկաշկանդ կամարտահայտության անվիճելի արտահայտություն։ Ուստի, այսպիսի ընտրություններով ձևավորվելիք կառավարությունը չի կարող համարվել օրինակարգ։

Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին, միջազգային դիտորդական առաքելություններին և ժողովրդավարական արժեքներին հավատարիմ միջազգային կազմակերպություններին իրականացնել ներկայացված բոլոր փաստերի և պնդումների համապարփակ, անկախ և անաչառ քննություն։ Տալ յուրաքանչյուր խախտման իրավական գնահատականը և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության վերականգնման համար։

Հայաստանի Հանրապետությունը կարող է ունենալ արդյունավետ և լեգիտիմ իշխանություն միայն այն դեպքում, երբ իշխանության ձևավորման հիմքում դրված է ժողովրդի ազատ կամարտահայտությունը, այլ ոչ թե վարչական ճնշումը, անհավասար մրցակցությունը, վախի մթնոլորտը և ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության վստահությունը խաթարող համակարգային խախտումները։

Միևնույն ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում Խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին որևէ պարագայում չհրաժարվել մանդատներից և խորհրդարանական բոլոր լծակներն օգտագործել ապօրինի ռեժիմն իշխանությունից հեռացնելու համար»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter