«Զգոն ծնողը լավագույն պաշտպանությունն է երեխայի անվտանգության համար»․ Արմեն Մուրադյան
Միայն 2026 թվականին Մուրացան հիվանդանոցում արձանագրվել է քիմիական թունավորման 431 դեպք, որից օրգանական նյութերից` 18 դեպք, դրանցից շուրջ 66% կազմել է ացետոնից թունավորման դեպքերը` մինչև 18 տարեկան բնակչության շրջանում
Քիմիական թունավորումները երեխաների շրջանում շարունակում են մնալ հանրային առողջապահական առաջնահերթությունների շարքում, դրանք չեն սահմանափակվում միայն մեկ երեխայի առողջական խնդրով, այլ լուրջ բեռ են պետության համար: Թունավորված երեխաները պահանջում են թանկարժեք վերակենդանացման ծառայություններ, երկարատև հոսպիտալացում և երբեմն վիրահատական միջամտություններ (օրինակ՝ կերակրափողի քիմիական այրվածքների դեպքում):
Որոշ քիմիական նյութեր (կապար, ծանր մետաղներ խաղալիքների մեջ, թթուներ) կարող են թողնել մնացորդային ծանր հետևանքներ՝ նյարդային համակարգի խանգարումներ, կերակրափողի նեղացում և ներքին օրգանների անդառնալի վնասում: Շատ քիմիական նյութեր վաճառվում են վառ, գրավիչ գույներով և չունեն «երեխաներից պաշտպանող» հատուկ կափարիչներ: Բացի այդ, ծնողները հաճախ ժավելը կամ ացետոնը լցնում են հյութի կամ ջրի շշերի մեջ, ինչը սխալ է:
Միայն 2026 թվականին Մուրացան համալսարանական հիվանդանոցում արձանագրվել է քիմիական թունավորման 431 դեպք, որից օրգանական նյութերից` 18 դեպք, դրանցից շուրջ 66% կազմել է ացետոնից թունավորման դեպքերը` մինչև 18 տարեկան բնակչության շրջանում:
Ացետոնը քիմիական նյութ է, որն օգտագործվում է որպես լուծիչ՝ եղունգների լաքը հեռացնող միջոցներում, ներկերի, սոսինձների և որոշ կենցաղային ու արդյունաբերական արտադրանքների մեջ։ Այն անգույն, հեշտ գոլորշիացող և սուր հոտ ունեցող հեղուկ է։ Չնայած կենցաղում լայն կիրառությանը՝ ացետոնը կարող է վտանգավոր լինել առողջության համար, հատկապես երեխաների համար։ Ացետոնից թունավորումը կարող է առաջանալ՝
- ացետոն պարունակող հեղուկը պատահաբար խմելու դեպքում,
- մեծ քանակությամբ գոլորշիներ շնչելու դեպքում,
- մաշկի կամ աչքերի հետ երկարատև շփման արդյունքում,
- փակ և վատ օդափոխվող տարածքներում աշխատելիս։
Երեխաները հատկապես խոցելի են, քանի որ կարող են շփոթել հեղուկը ջրի կամ այլ խմիչքի հետ։
Թունավորման նշանները կախված են ներթափանցած նյութի քանակից և ազդեցության տևողությունից։ Հիմնական ախտանշաններն են` գլխացավ, գլխապտույտ, թուլություն, սրտխառնոց, փսխում, քնկոտություն, աչքերի, քթի և կոկորդի գրգռում։ Այս ախտանշանները ի հատ են գալիս թեթև և միջին ծանրության թունավորման դեպքում:
Եթե երեխան կամ մեծահասակը խմել է ացետոն
- Անմիջապես դադարեցրեք նյութի հետ հետագա շփումը։
- Տուժածին տվեք փոքր քանակությամբ ջուր, եթե նա գիտակից է և կարող է կուլ տալ։
- Չի թույլատրվում ինքնուրույն փսխում առաջացնել։
- Անմիջապես դիմեք շտապ բժշկական օգնության կամ բժշկական կազմակերպություն:
Եթե տեղի է ունեցել գոլորշիների ներշնչում
- Տուժածին տեղափոխեք մաքուր օդ։
- Թուլացրեք սեղմող հագուստը։
- Հետևեք շնչառությանը։
- Եթե շնչառությունը դժվարացած է կամ տուժածը կորցնում է գիտակցությունը, անհապաղ կանչեք շտապ օգնություն։
Եթե ացետոնը հայտնվել է աչքերում
- Աչքերը լվացեք առատ հոսող ջրով առնվազն 15 րոպե։
- Դիմեք բժշկի, նույնիսկ եթե գրգռումը նվազել է։
Եթե ացետոնը հայտնվել է մաշկին
- Հանեք աղտոտված հագուստը։
- Մաշկը լվացեք օճառով և մեծ քանակությամբ ջրով։
Ինչպե՞ս կանխարգելել թունավորումը
Ծնողները կարող են զգալիորեն նվազեցնել վտանգը՝
- ացետոն և այլ քիմիական նյութեր պահել երեխաների համար անհասանելի վայրերում,
- նյութերը պահելով միայն իրենց բնօրինակ տարաներում` մակնշված
- երբեք չլցնելով դրանք ջրի կամ ըմպելիքի շշերի մեջ,
- օգտագործելուց հետո տարաները ամուր փակել,
- աշխատելիս ապահովել լավ օդափոխություն,
- երեխաներին վաղ տարիքից սովորեցնել չդիպչել և չօգտագործել անհայտ հեղուկներ։
Հիշե՛ք
Ացետոնից թունավորումը կանխարգելելի դեպք է։ Քիմիական նյութերի անվտանգ պահպանումը և դրանց հետ ճիշտ վարվելը կարող են կանխել լուրջ առողջական հետևանքները, հատկապես երեխաների շրջանում։ Եթե կասկածում եք թունավորման որևէ դեպքի, մի զբաղվեք ինքնաբուժմամբ և անհապաղ դիմեք բժշկական օգնության։
Զգոն ծնողը լավագույն պաշտպանությունն է երեխայի անվտանգության համար։
Արմեն Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտոր
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել