HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանից և «Ուժեղ Հայաստանից» պահանջում է հերքել զրպարտչական տեղեկությունները և 12 մլն դրամ փոխհատուցում վճարել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու հայց է ներկայացրել գործարար Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ՝ զրպարտություն համարվող տվյալները հերքելու և յուրաքանչյուրով 6 մլն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով։ 

Սամվել Կարապետյանի դեմ հայցի առիթ է դարձել 2026թ. մայիսի 25-ի հարցազրույցը, որում Սամվել Կարապետյանը հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայում ունի տուն։ Ն. Փաշինյանը հայտնում է, որ այդ տեղեկությունը ամբողջությամբ զրպարտություն է, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։

Ն. Փաշինյանը պահանջում է հերքումն իրականացնել յութուբյան ալիքում նվազագույնը երկու հարյուր հազար բաժանորդագրություն ունեցող առնվազն երեք լրատվամիջոցներով, ուղիղ եթերով տեսաձայնագրման միջոցով՝ վճռով նշված բուն տեքստը ընթերցելու միջոցով։ 

Ըստ հայցադիմումի պահանջի՝ հերքումը իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է: Չպետք է պարունակի պատասխանողի կամ որևիցե երրորդ անձի ցանկացած այլ հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է պարունակի բացառապես հերքման տեքստը։ Հերքումը նշված լրատվամիջոցներով կատարելու անհնարինության դեպքում, այն իրականացնել նույն պայմաններով՝ Ուժեղ Հայաստան/ Strong Armenia յութուբյան ալիքի միջոցով։ 

Վարչապետը հայցը ներկայացրել է երեկ՝ 2026թ. հունիսի 10-ին, այն մակագրվել է դատավոր Անուշավան Մուշեղյանին։ Վարույթ ընդունելու որոշում կայացված չէ։

Նիկոլ Փաշինյանը նույն օրը հայց է ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ։

Հայցադիմումի համաձայն՝ 2026թ. մայիսի 27-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը տարածել է տեղեկություն, ըստ որի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, թե Հայաստան է բերելու 300 000 ադրբեջանցի։ Այդ տեղեկությունը ամբողջությամբ զրպարտում է Նիկոլ Փաշինյանին, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։ 

Հայցը բավարարվելու դեպքում հերքումը պետք է տարածվի «Ուժեղ Հայաստան» ֆեյսբուքյան էջի միջոցով, բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով։ Հրապարակումը պետք է պահպանվի կայքում անժամկետ կամ նվազագույնը 2 տարի ժամկետով։ 

Ն. Փաշինյանը պահանջում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից հօգուտ իրեն բռնագանձել 6 մլն դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի գումար։

Այս գործը մակագրվել է դատավոր Արմենուհի Բադիրյանին, վարույթ ընդունելու հարցը որոշված չէ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter