Հայաստանից՝ Meta-ին․ ինչքան գումար ծախսեցին քաղաքական ուժերը նախընտրական գովազդի համար
Նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ մայիսի 8-ից հունիսի 5-ը, խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը Meta-ում գովազդ տեղադրելու համար ավելի քան 320 հազար ԱՄՆ դոլար են ծախսել։ Այս գումարը ներառում է 12 ուժերի կամ նրանց առաջնորդների պաշտոնական էջերից միացված գովազդային հրապարակումների համար ծախսված միջոցները։
Թե՛ պաշտոնական քարոզարշավից առաջ, թե՛ դրա ընթացքում գովազդի համար ամենաշատը գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանն» է վճարել։ Դաշինքի պաշտոնական ֆեյսբուքյան էջի 96 գովազդի համար ավելի քան 140 հազար դոլար է ծախսվել։ Այս գովազդների մի մասը տարածվել է նաև Instagram-ում։ 2632 դոլար էլ վճարվել է «Ուժեղ Հայաստանի» երիտասարդական կառույցի էջով երկու գովազդ տարածելու համար։
Ծախսերի ծավալով երկրորդը «Հայաստան» դաշինքն է, որի պաշտոոնական էջով տարածված 45 գովազդի համար Meta-ին վճարվել է 20 հազար դոլար։ Դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի անձնական էջով էլ 99 գովազդ է տարածվել, ծախսվել է շուրջ 53 հազար դոլար։ Ստացվում է՝ 144 գովազդն արժեցել է 73 հազար դոլար։ Նկատենք, որ «Հայաստան» դաշինքը «Ուժեղ Հայաստանից» 46 գովազդ ավելի շատ է տեղադրել՝ վճարելով մոտ 2 անգամ ավելի քիչ։ Սա պայմանավորված է գովազդի տարածման տևողությամբ, ակնկալվող լսարանով ու դիտումներով։
Meta-ում գովազդներ տեղադրած 12 ուժերի շարքում ամենաշատ գովազդները տեղադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 170 գովազդ։ Դրանցից 168-ի տարածման համար ծախսվել է 37․7 հազար դոլար, իսկ երկու գովազդ, որոնց համար վճարվել է 412 դոլար, կուսակցությունը տեղադրել է՝ առանց նշելու, թե ով է դրա համար վճարել։ Meta-ն այս գովազդները հեռացրել է իր հարթակներից՝ կանոններին չհետևելու պատճառով։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 135 գովազդ տարածելու համար ծախսել է շուրջ 29 հազար դոլար, «Հայ Ազգային Կոնգրեսը» տեղադրել է 30-ը, վճարել 8054 դոլար։
Նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը գովազդներ տեղադրելու համար օգտագործել է իր և կուսակցության պաշտոնական էջերը։ Գովազդները հայտնվել են Facebook, Instagram, Messenger և Audience Network հարթակներում։ Կուսակցության էջով քարոզչության ընթացքում տեղադրվել է 16 գովազդ, որոնց համար վճարվել է 4935 դոլար։ 25 գովազդ էլ Թաթոյանը տեղադրել է իր անձնական էջով՝ չնշելով, թե դրանց տարածման համար 2240 դոլար ով է վճարել։ Meta-ի այս պահանջը շրջանցելու համար բոլոր 25 գովազդները հեռացվել են։
Մայիսի 8-ից հունիսի 5-ը 113 գովազդ է տեղադրվել «Հանրապետություն» կուսակցության ֆեյսբուքյան ու ինստագրամյան պաշտոնական էջերում, վճարվել է ընդհանուր 6702 դոլար։
6586 դոլար էլ ծախսվել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի անձնական էջով տարածված 148 գովազդի համար։ Գովազդի քանակով Բաբաջանյանը զիջում է միայն «Քաղաքացիական պայմանագրին»։ Դրանցից մեկը հեռացվել է՝ վճարողի մասին նշում չունենալու պատճառով։

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը 24 գովազդ է տեղադրել ու դրա համար վճարել 3499 դոլար։
«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը իր անձնական էջով 1 գովազդ միացնելու համար վճարել է 2200 դոլար, մոտ 1000 դոլարով ևս 11 գովազդ միացվել է կուսակցության էջով՝ առանց վճարողի մասին նշում անելու, որոնք հեռացվել են Meta-ի հարթակներից։
32 գովազդ էլ Facebook-ում ու Instagram-ում տեղադրել է «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը՝ վճարելով 2157 դոլար։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձնական էջով միացված 25 գովազդի համար 281 դոլար է ծախսվել։ Մնացած 15 գովազդը տեղադրվել է կուսակցության և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի էջերով, յուրաքանչյուրի համար, ըստ Meta-ի գովազդների գրադարանի, վճարվել է 100 դոլարից պակաս, հստակ թիվն ստանալ չենք կարող։ Սրանց մի մասը ևս հեռացվել է։
Բացի քաղաքական ուժերի նախընտրական գովազդներից, Meta-ի գրադարանում պահպանվում են նաև ընտրություններին, քաղաքականությանը և սոցիալական հարցերին վերաբերող մյուս գովազդները, որոնք հատուկ մակնշում ունեն վճարողի մասին։ Նման գովազդներ են տարածում հասարակական ու քաղաքական տարբեր կազմակերպություններ, քաղաքական գործիչներ, լրատվամիջոցներ ու կեղծ էջեր։ Մայիսի 8-ից հունիսի 5-ը այս բոլոր գովազդների համար վճարվել է ավելի քան 403 հազար դոլար։ Սա 2022 թվականի հուլիսից 2026 թվականի մայիսի կեսեր Հայաստանում Meta-ի հարթակներով տարածված քաղաքական ու սոցիալական գովազդի համար ծախսված միջոցների ավելի քան 37%-ն է։

Armenian News անունով ֆեյսբուքյան էջը, որն ընդդիմադիրներին թիրախավորող բովանդակություն է տարածում, քարոզչության ընթացքում 13 գովազդ է տարածել ու դրա համար վճարել 8951 դոլար։ «Հետքը» նախորդ ամիս անդրադարձել էր այս ու նմանատիպ շատ էջերի, որոնց նույնականացնել հնարավոր չէ։
Ռուսաստանին ու ընդդիմադիր ուժերին թիրախավորող հրապարակումներ է անում նաև «Մաքուր ճշմարտություն» անունով ֆեյսբության էջը, որը 186 գովազդ է տեղադրել՝ վճարելով 5514 դոլար։
Գովազդային հրապարակումներով քննադատում են նաև Նիկոլ Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Bek անունով էջը, օրինակ, արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութեր է հրապարակում, որտեղ դիմակավորված անձը կոչ է անում մասնակցել ընտրություններին՝ իշխանափոխության հասնելու համար։ Այս 4 տեսանյութ տարածելու համար մինչև 500 դոլար է ծախսվել, բոլորը հեռացվել են՝ վճարողի մասին նշում չունենալու համար։
Նույն գործելաոճով աշխատող տասնյակ էջեր կան, բացի դրանից, շատ էջեր գովազդ միացնելիս չեն նշում, որ քաղաքական բովանդակություն են տարածում, ինչի հետևանքով դրանց համար ծախսված միջոցները Meta-ի այս զեկույցում չեն արտացոլվում, իսկ գովազդներն անհետանում են գրադարանից։
Տարածվող քաղաքական գովազդի թիրախը շարունակում է մնալ մայրաքաղաք Երևանը։ Գովազդի համար ծախսված գումարի գրեթե կեսը՝ շուրջ 199 հազար դոլար ծախսվել է մայրաքաղաքի տարածքում հրապարակումները տեսանելի դարձնելու համար։ 34․7 հազար դոլարով հաջորդում է Տավուշի մարզը, ապա Լոռին՝ 30 հազար։ Քաղաքական ուժերը ամենից քիչ ֆինանսական միջոցները ծախսել են ամենանոսր բնակեցված Վայոց ձորում տարածում ապահովելու համար՝ 7851 դոլար։

Սա քարոզչության մի մասն է միայն։ Վերջին ամիսների ակտիվությունը փաստում է՝ քաղաքական ուժերն իրենց ծրագրերն ու գաղափարները տարածելու համար տարբեր հարթակներ են օգտագործել՝ ընտրողին փնտրելով էկրանից ներս ու դուրս։ Երբեմն քարոզչության համար ծախսված միջոցները ստվերում են մնացել, պատվիրատուները՝ անհայտ, իսկ դրա ազդեցությունը՝ վիճելի։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել