Անկլավները Հայաստանում. Տիգրանաշեն դարձած Քյարքին
Խորհրդային տարիներին Հայաստանի տարածքում ադրբեջանական 3 անկլավ էր ձեւավորվել:
Դրանցից մեկը՝ Քյարքին, որն այսօր հայտնի է նաեւ Տիգրանաշեն անունով, շրջափակված էր Արարատի (նախկինում՝ Վեդու) շրջանով: Երկրորդ անկլավը, որում 2 գյուղ կար՝ Բարխուդարլուն եւ Սոֆուլուն, Իջեւանի շրջանի մեջ էր, իսկ երրորդը՝ Վերին Ոսկեպարը (ադրբեջաներեն աղավաղված անունը՝ Յուխարը Ասկիպարա), Իջեւանի ու Նոյեմբերյանի շրջանների միջեւ էր: Այսինքն՝ Խորհրդային Հայաստանի տարածքում կար ադրբեջանական 3 անկլավ, որոնք ներառում էին 4 գյուղ:
Անվանումը
Քյարքի անունը, ըստ ադրբեջանական աղբյուրների, ծագել է թյուրքական քյարքի ցեղի անունից, որն իբր վաղ միջնադարում ղփչաղների կազմում ներգաղթել է ներկայիս Ադրբեջանի տարածք: Ըստ ադրբեջանցիների՝ 19-րդ դարի փաստաթղթերում հիշատակվում է քյարքիբաշների տոհմը, որը մտել է ղազախլի ցեղի մեջ: Նշվում է նաեւ, թե իբր թուրքմենների շրջանում, ինչպես նաեւ ներկայիս Թուրքիայի եւ Ուզբեկստանի տարածքներում եւս արձանագրվել է քյարքիների գոյությունը: Որպես օրինակ բերվում է Քերքի անունով քաղաքի առկայությունը Թուրքմենստանում, սակայն թուրքմենական աղբյուրները նշում են, որ այս անունը պարսկական ծագում ունի եւ նշանակում է լեռնային ամրոց: Որոշ ադրբեջանցի հետազոտողներ էլ ենթադրյալ կապ են տեսել «քյարքի» բառի ու Իրաքի Քիրքուք քաղաքի անվան միջեւ:
Իսկ ահա ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի գրասենյակը 2021-ին հայտարարել է, որ Քյարքին հայկական Քարքե անվան աղավաղված ձեւն է:
Գոյություն է ունեցել եւս մի Քյարքի
1986 թ. լույս տեսած Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանում հիշատակվում է Քյարքի անունով 2 գյուղ:
Դրանցից մեկը, որը հայտնի է եղել նաեւ Քարքի, Քերկի, Վերին Կուրդումվար անուններով, գտնվում էր Արաքս գետի աջ ափին՝ ներկայիս Արարատ քաղաքից մոտ 12 կմ հարավ-արեւմուտք: Խոսքն Արաքսի ու նրա վտակ Կարասու գետի միջեւ ընկած տարածքի մասին է, որը ներկայում պատկանում է Թուրքիային եւ ապահովում է վերջինիս ցամաքային կապը Նախիջեւանի հետ: 1916-ին կազմված ամերիկյան քարտեզում նշված են նաեւ այն բնակավայրերը, այդ թվում՝ Քարքի (Karki) գյուղը, որոնք այն ժամանակ գտնվում էին Ռուսական կայսրության կազմում եւ շատ մոտ էին Պարսկաստանի հետ սահմանին:

Ամերիկյան քարտեզի ամբողջական տարբերակը կարող եք գտնել այստեղ
Ռուսական կայսրության օրոք այս գյուղը (Карки) Երեւանի նահանգի Երեւանի գավառի բնակավայրերից էր:

Երեւանի նահանգի 1903 թ. քարտեզի ամբողջական տարբերակը կարող եք գտնել այստեղ
Ըստ տեղանունների վերոնշյալ բառարանի՝ եթե 1829-1832 թթ. գյուղն ուներ 3 տուն կամ 17 բնակիչ, ապա 1906-ին այստեղ ապրում էր 239 մարդ (65 տուն): Բնակիչների էթնիկ կազմը խառն է եղել: Այս Քյարքին ներկայում գոյություն չունի:
Երկրորդ Քյարքին
Ինչ վերաբերում է նույնանուն մյուս բնակավայրին, ապա այն եւս գտնվում էր Ռուսական կայսրության Երեւանի նահանգի Երեւանի գավառում:
1855-ին լույս տեսած «Կովկասյան օրացույցում», որի տվյալները վերաբերում են 1854-ին, Երեւանի գավառի Շարուրի տեղամասի Վեդիբասարի մահալում հիշատակվում է Քյարքի գյուղը: Տվյալների մեջ նշվում է, որ բնակիչները շիա իսլամի հետեւորդ թաթարներ են (այն ժամանակ գոյություն չուներ «ադրբեջանցի» էթնոնիմ, այդ բնակիչները հայտնի էին իբրեւ կովկասյան թուրքեր կամ կովկասյան թաթարներ): Բնակիչների լեզուն նշվում է թաթարերենը (ներկայում՝ ադրբեջաներեն), իսկ գյուղի անվան գրությունը տեղացիների լեզվով գրվել է արաբատառ, քանի որ կովկասյան թաթարները չունեին սեփական այբուբենը:

Քյարքիի բնակչության (թաթարներ) թվաքականը, ըստ «Կովկասյան օրացույցի» տվյալների, 20-րդ դարասկզբին տատանվել է 240-ի սահմաններում, իսկ Զավեն Կորկոտյանի «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)» աշխատության տվյալներով՝ 1919 եւ 1922 թթ. գյուղը եղել է անմարդաբնակ:
.jpg)
1917-ին լույս տեսած «Կովկասյան օրացույցը», որն ամփոփում է 1916 թ. տվյալները, Քյարքին ներկայացնում է որպես Երեւանի գավառի 4-րդ ոստիկանական տեղամասի գյուղ՝ ընդգրկված Սադարակ գյուղական համայնքի կազմում (Ասնի, Քյարքի, Սադարակ):
Հայաստանի տարածքում նախկինում անկլավներ չեն եղել
1926-1928 թթ. խորհրդային քարտեզներում, երբ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ներառված էին Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ԱԽՖՍՀ) մեջ, կարելի է տեսնել, որ Հայաստանի տարածքում անկլավներ չեն եղել:
Ավելին՝ 1926-ի քարտեզում չի հիշատակվում Քյարքի գյուղը՝ ի տարբերություն, օրինակ, դրանից 8-9 կմ արեւելք գտնվող Ջաֆարլու եւ Գյունութ գյուղերի, որոնք եւս Խորհրդային Հայաստանի տարածքում էին, իսկ ավելի ուշ սահմանային փոփոխությունների հետեւանքով Գյունութը հայտնվել է Նախիջեւանի տարածքում:
2021-ին ՀՀ ՄԻՊ գրասենյակը հայտարարել էր, որ Գյունութը հայկական պատմական Գենուտ գյուղն է, որի անունն առաջացել է գեհենի մշտադալար ծառից: Ըստ ՄԻՊ գրասենյակի՝ թյուրքական Ջաֆարլու տոհմի բնակեցման հետեւանքով տարիների ընթացքում գյուղը բաժանվել է երկու մասի, որոնք ստացել են Ջաֆարլու եւ Գյունութ անունները:
1940-ին Ջաֆարլուն, որը գտնվում էր Խորհրդային Հայաստանի Վեդու (հետագայում՝ Արարատի) շրջանում, վերանվանվել է Սմբուլ, սակայն 1949-ին ապաբնակեցվել է, իսկ բնակիչները (ադրբեջանցիներ) տեղափոխվել են Ադրբեջանի տարածք: Գյունութն իր հերթին անմարդաբնակ է դարձել 1990-ականների հայ-ադրբեջանական սահմանային բախումների հետեւանքով:

1926 թ., Հայաստանի տարածքում չկա Քյարքի անունով անկլավ
Քյարքին թե՛ որպես գյուղ, թե՛ որպես անկլավ չի երեւում նաեւ 1927, 1928 եւ 1939 թթ. քարտեզներում:

1927 թ., Հայաստանի տարածքում չկա Քյարքի անունով անկլավ
.jpg)
1928 թ., Հայաստանի տարածքում չկա Քյարքի անունով անկլավ

1939 թ., Հայաստանի տարածքում չկա Քյարքի անունով անկլավ
Իսկ ահա 1958-ի քարտեզում երեւում են Հայաստանի տարածքում ձեւավորված 3 ադրբեջանական անկլավները:

1958 թ., Հայաստանի տարածքում կա 3 անկլավ
Ինչպես Քյարքին դարձավ Տիգրանաշեն
Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանում (1986 թ.) այս գյուղը հիշատակվում է Քյարքի, Քերքի, Կյարկի, Կերկի անուններով, որն իբրեւ էքսկլավ մտնում էր ադրբեջանական Նախիջեւանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ԻԽՍՀ) Իլյիչեւսկի շրջանի մեջ:
Վերջինս 1930-1964 թթ. իր կենտրոնի՝ Նորաշեն ավանի անունով կոչվում էր Նորաշենի շրջան, իսկ 1964-1991 թթ., պայմանավորված շրջկենտրոնի անվանափոխությամբ (Վլադիմիր Իլյիչ Լենինի պատվին), կոչվում էր Իլյիչեւսկի շրջան: 1991-ին Ադրբեջանն անվանափոխել է թե՛ շրջկենտրոնը, թե՛ շրջանը՝ վերադարձնելով պատմական Շարուր անունը (փաստացի Շարուրը Մեծ Հայքի Այրարատ նահանգի գավառներից մեկն էր):
Խորհրդային տարիներին Քյարքին միավորված էր վերոնշյալ շրջանի Սադարակ գյուղի պետական տնտեսության հետ (ուղիղ գծով միմյանցից հեռավորությունը մոտ 10 կմ է, սակայն ճանապարհային կապը եղել է Հայաստանի տարածքով՝ Պարույր Սեւակ ու Երասխ գյուղերի միջով): 1974-ին անկլավում կար 40 տուն՝ 185 բնակչով: Ուներ տարրական դպրոց, բուժկայան: Անկլավի տարածքը, ըստ Google Maps-ով չափումների, 8 քկմ-ից մի փոքր ավելի է:
1990-ի օգոստոսին, ըստ Նախիջեւանի վարչատարածքային բաժանման, գյուղը ներառվել է նորաստեղծ Սադարակի շրջանի մեջ (ձեւավորվել է Իլյիչեւսկի շրջանի մի մասի հաշվին), սակայն փաստն այն է, որ դեռ 1990-ի հունվարի 15-ին՝ հայ-ադրբեջանական սահմանային բախումների ժամանակ, ադրբեջանցիներն այդտեղից հեռացել էին դեպի Սադարակ, եւ բնակավայրն անցել էր հայկական ուժերի վերահսկողության տակ (ինչպես եւ նախկինում, այսօր եւս այս գյուղը կարեւոր ռազմավարական նշանակություն ունի, քանի որ գտնվում է Հայաստանի հյուսիսն ու հարավը իրար միացնող Մ-2 միջպետական մայրուղու վրա): Բնակավայրը Տիգրանաշեն է վերանվանվել՝ ի հիշատակ գյուղի համար մարտում զոհված ազատամարտիկ Տիգրան Մելիքյանի:
Տիգրանաշեն-Քյարքին՝ Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնական փաստաթղթերում
Հատկանշական է, որ ներկայում այս գյուղը ներառված չէ Ադրբեջանի Հանրապետության համայնքների ցանկում նշված բնակավայրերի մեջ: Այսպես՝ Սադարակի շրջանում, ըստ այդ ցանկի, կա 2 համայնք՝ Սադարակ (Հեյդարաբադ ավան, Քարաաղաջ, Սադարակ գյուղեր) ու Դեմիրչի (Դեմիրչի գյուղ): Նույնը, ի դեպ, վերաբերում է Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական անկլավին՝ Արծվաշենին (Բաշքենդ), ինչպես նաեւ Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական մյուս անկլավներին՝ Վերին Ոսկեպարին (Յուխարը Ասկիպարա) եւ Բարխուդարլու-Սոֆուլուին:
Հետաքրքիր է նաեւ, որ ՀՀ կադաստրի կոմիտեի քարտեզում Տիգրանաշենի տարածքը մեկ միասնական, ամբողջական հողամաս չէ (ինչպես, օրինակ, Վերին Ոսկեպարը), այլ բաժանված է տարբեր հողակտորների, որոնք կոդավորված են Պարույր Սեւակ գյուղի ենթատարածքային (համայնքային) ծածկագրերով: Սա պատահական չէ:
.jpg)
Տիգրանաշեն գյուղն ու Թեժքար լեռը
Բանն այն է, որ 1995-ին ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում հիշատակում չկար Տիգրանաշենի մասին. Պարույր Սեւակ համայնքը ներառում էր միայն համանուն գյուղը: Իսկ ահա 2009-ի հոկտեմբերին օրենքում կատարվել են լրացումներ: Արարատի մարզի Պարույր Սեւակ համայնքի կազմում ներառվել են Պարույր Սեւակ եւ Տիգրանաշեն գյուղերը, Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի մեջ՝ Ազատամուտ եւ Բարխուդարլու գյուղերը, նույն մարզի Ոսկեպար համայնքի մեջ՝ Ոսկեպար եւ Ասկիպարա (խոսքը Վերին Ոսկեպարի կամ Յուխարը Ասկիպարայի մասին է) գյուղերը:
Այսինքն՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում Տիգրանաշենն առաջին անգամ հիշատակվել է 2009-ին որպես Պարույր Սեւակ համայնքի բնակավայր: Սակայն դրանից 11 տարի առաջ՝ 1998-ին, Կառավարության կողմից հաստատված ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկում Տիգրանաշենը նշվել է իբրեւ Պարույր Սեւակ գյուղի թաղամաս: Այս ձեւակերպումը մինչ օրս չի փոխվել: Մեկ այլ որոշման մեջ, որը վերաբերում է ՀՀ բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման փուլային ծրագրին եւ ընդունվել է 2001-ին, Կառավարությունը Տիգրանաշենը ներկայացրել է ոչ թե որպես Պարույր Սեւակի թաղամաս, այլ առանձին բնակավայր: Այս ակտում էլ հետագայում որեւէ փոփոխություն չի կատարվել: Նշենք, որ Մ-2 միջպետական մայրուղու վրա գտնվող Պարույր Սեւակի ու Տիգրանաշենի հեռավորությունը 3 կմ է:
Ինչ վերաբերում է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքին, ապա 2021-ին Արարատի մարզի համայնքները խոշորացվել են, եւ Պարույր Սեւակն ու Տիգրանաշենը որպես առանձին գյուղեր ներառվել են Արարատ խոշորացված համայնքի կազմում:
Այսպիսով՝ ներկայում Տիգրանաշենը, ՀՀ օրենսդրության համաձայն, Արարատ համայնքի բնակավայրերից մեկն է: Հետաքրքիր է, որ չնայած մամուլը Տիգրանաշենի ու Պարույր Սեւակի վարչական ղեկավար է ներկայացնում Լյուդվիգ Ստեփանյանին, Արարատի համայնքապետարանի կայքում Ստեփանյանը նշվում է միայն որպես Պարույր Սեւակի վարչական ղեկավար:
1990-ի հունվարին Տիգրանաշենից հեռացած ադրբեջանցիների փոխարեն գյուղը բնակեցվել է Ադրբեջանի տարբեր բնակավայրերից ու Արցախից գաղթած հայ փախստականներով: Կառավարության 2001 թ. վերոնշյալ որոշման մեջ գյուղի բնակչությունը նշված է 718 մարդ: Ըստ 2011 թ. ՀՀ մարդահամարի տվյալների՝ Տիգրանաշենի մշտական բնակչությունը եղել է 154 մարդ, առկա բնակչությունը՝ 151 (մշտական բնակչության մեջ հաշվառվում են այն անձինք, ովքեր մշտապես բնակվում են տվյալ տարածքում, ներառյալ՝ մարդահամարի պահին ժամանակավոր (մինչեւ 1 տարի) բացակայողները, իսկ առկա բնակչության մեջ հաշվառվում են այն անձինք, ովքեր մարդահամարի պահին գտնվել են տվյալ տարածքում, ներառյալ՝ ժամանակավոր (մինչեւ 1 տարի) բնակվողները): Նկատենք, որ վերջին՝ 2022 թ. մարդահամարը ըստ գյուղական բնակավայրերի առանձին տվյալներ չի ներկայացրել (խոշորացված համայնքներում առանձին ներկայացված են միան քաղաքները, իսկ գյուղերը ընդհանուր են):
Ներկայում Տիգրանաշենն ունի մոտ 40 տնտեսություն եւ շուրջ 120 բնակիչ: Գյուղի դպրոցն, ամենայն հավանականությամբ փակվելու է, եւ աշակերտները հաճախելու են Պարույր Սեւակ գյուղի նորակառույց կրթահամալիր, որը նախատեսված է 144 աշակերտի, իսկ մանկապարտեզը՝ 40 սանի համար:
Տես նաեւ՝
- Արծվաշեն. Հայաստանի միակ էքսկլավը
- ԱԽ քարտուղարը սխալվում է․ Հայաստանի ու Ադրբեջանի նախկին էքսկլավների տարածքները «գրեթե հավասար» չեն
Ինֆոգրաֆիկան՝ Արեն Նազարյանի
Առաջին լուսանկարում՝ Տիգրանաշեն գյուղը՝ Թեժքար լեռան գագաթից, 2017 թ. (commons.wikimedia.org)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել