HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՆԳՆ ծախսը հաշվետու տարում կազմել է 105.7 մլրդ դրամ. շարունակվել է պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը

Պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 9-ին շարունակվել է «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական  քննարկումը: Հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Ներքին գործերի նախարարության ծախսը հաշվետու տարում կազմել է 105.7 մլրդ դրամ, կատարողականը՝ 97.2 մլրդ դրամ: 2025 թվականին  նախարարությունն իրականացրել է 6 ծրագիր եւ 24 միջոցառում:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ ՆԳ նախարարության 4 ծրագիր իրականացվել է բարձր կատարողականով, 1 ծրագրի կատարողականը 75-89 տոկոսի միջակայքում է եղել, իսկ մեկ այլ ծրագրի կատարողականը 50 տոկոսից ցածր է: Նախնական պլանով նախատեսված էր հատկացնել 108 մլրդ  813 մլն դրամ, կատարողականը եղել է 105 մլրդ դրամ: «Նախորդ տարվա համեմատությամբ ունենք 7 մլրդ 650 մլն դրամ ավելի բյուջե եւ կատարողական»,- խոսքն ամփոփել է նախարարը:

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն այնուհետ մանրամասն ներկայացրել է նախարարության իրականացրած ծրագրերն ու ֆինանսական ցուցանիշները:

Նրա խոսքով 2025 թվականին իրականացվել են ծավալուն եւ համակողմանի աշխատանքներ՝ ուղղված նախարարության ինստիտուցիոնալ զարգացմանը, կարողությունների հետագա հզորացմանն ու մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Փոխնախարարը ներկայացրել է հաշվետու տարում նախարարության աշխատանքները, անդրադարձել ընթացիկ տարում նախատեսված, ինչպես նաեւ իրականացվող աշխատանքներին, որոնք վերաբերում էին վիզաների ազատականացման գործընթացին, կենսաչափական անձնագրերին եւ այլ հարցերի:

Փոխնախարարն անդրադարձել է նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարներին՝ արձանագրելով, որ 2-րդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել վերոնշյալ  պատահարների հետեւանքով զոհերի թիվը: 2025 թվականին զոհերի թիվը 2024 թվականի համեմատ հաջողվել է կրճատել 50-ով, իսկ 2023 թվականի համեմատ՝ 95-ով:

Այս համատեքստում նշվել է, որ հաշվառված տրանսպորտային միջոցների թիվն արդեն  հասել է 1 միլիոնի:

2025 թվականին միայն Քրեական ոստիկանության կողմից բացահայտված դեպքերով պետությանը եւ համայնքին պատճառված նյութական վնասը նախնական հաշվարկներով կազմել է շուրջ 25 մլրդ դրամ: Կան նախաձեռնված վարույթներ եւ վերականգնված միջոցներ:

Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի նորաստեղծ վարչության կողմից բացահայտվել է կեղծ ներդրումային հարթակների միջոցով  համակարգչային հափշտակություններ կատարող 4 հանցավոր խումբ, որոնք առցանց տիրույթում գովազդների միջոցով զբաղվել են խարդախություններով: Նախաձեռնվել է 20 քրեական վարույթ:

Արմեն Մկրտչանն այնուհետեւ պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին տեսախցիկների միասնական համակարգի ներդրմանը, ՀՀ քաղաքացիության ձեռքբերման դյուրինությանը, արական սեռի անչափահաս քաղաքացիների՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարումներին, քաղաքացիության ինստիտուտի վերանայմանը, վարորդական իրավունքի վկայական ստանալու քննություններին, թմրաշրջանառության ծավալներին եւ դրա դեմ պայքարին, ավտոմեքենաներում քարսիթների առկայության անհրաժեշտությանը, ինքնագլորներին, ճանապարհատրանսպորտային պատահարներին եւ այլն:

Համատեղ նիստում «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` պաշտպանության, ազգային անվտանգության ծառայության, պետական պահպանության ծառայության, արտաքին հետախուզության հատվածներին վերաբերող հարցերը քննարկվել են դռնփակ ձեւաչափով»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter