ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին փաստաբանի կողմից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը Ռուսաստանի Դաշնություն վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանի գտնվելու վայրը և դատավարական կարգավիճակը հայտնի չեն։ Այս մասին հայտնում է ՄԻՊ-ի գրասենյակից:
«Ահազանգից անմիջապես հետո, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Ավելի ուշ, պարզվել է, որ Հովհաննես Սահակյանը քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է և տեղափոխվել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայր։
Հունիսի 8-ի վաղ առավոտյան, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՁՊՎ, առանձնազրույց ունեցել Հովհաննես Սահակյանի հետ և քննարկել նրա կողմից բարձրացված հարցերը:
Առանձին հարցեր տեղում լուծում են ստացել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջամտության արդյունքում։
Պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգի, իրավունքներին առնչվող հարցերի հետ կապված ձեռք բերված տվյալները ներկայում ամփոփվում են: Գործի հանգամանքների և անձի իրավունքների ապահովման վիճակի առնչությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմնից։
Ազատությունից զրկված անձի իրավունքների պաշտպանության հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո»,- նշվում է հաղորդագրությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել