Քարոզչական նյութեր կրող ընտրողները հանձաժողովի հսկողությունից դուրս են
Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի թիվ 14/33 ընտրատեղամաս ընտրողը եկել է քվեարկության իր երկու երեխայի հետ՝ նրանց հագուստին ամրացված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչության ժամանակ օգտագործվող կրծքանշան քարտեզը։ «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչներն այդ մասին գրառում են կատարել մատյանում։
Սա միակ դեպքը չէ։ Ընտրողների մի մասը ընտրատեղամաս է այցելում քարոզչության ժամանակ օգտագործվող կրծքանշան-քարտեզով։ Այդ տեսքով տեղամաս է գնացել նաև Արտաշատ համայնքի ղեկավարը, Արտաքին գործերի նախարարի օգնականը և այլք։ Այդ կրծքանշանն ակնհայտորեն նույնացվում է ՔՊ-ի հետ։
Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով և վերգետնյա եթերային հեռարձակմամբ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից, ինչպես նաև համացանցում գովազդի միջոցով արգելվում է։
Պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանին։ Նրա փոխանցմամբ՝ բոլոր այն անձինք, ովքեր իրավունք ունեն մասնակցելու հանձնաժողովների նիստերին՝ վստահված անձ, հանձնաժողովի անդամ, դիտորդ, ԶԼՄ ներկայացուցիչ, այցելու, չպետք է կրեն քարոզչական նյութեր։ Նման դեպքերում պետք է դուրս հրավիրվեն կամ հեռացնեն այդ նյութերը։
Ինչ վերաբերում է ընտրողներին, որոնք կարող են նաև պատգամավորի թեկնածու լինել, ըստ մամուլի քարտուղարի, ԿԸՀ-ի վերահսկությունից դուրս են։
«Ցանկալի է, որ նման նյութեր չկրեն, բայց իրենք մեր իրավասությունից դուրս են, չենք կարող պարտադրել»,- հայտնում է Ա. Ղուկասյանը։
Հարկ է նշել, որ եթե ընտրողը որևէ կուսակցության հետ ասոցացվող իրով է գալիս ընտրատեղամաս, խախտվում է նաև գաղտնիության իրավունքը, բոլորին հայտնի է դառնում, թե նա ամենայն հավանականությամբ որ ուժի օգտին է քվեարկելու։
Ստացվում է, որ քաղաքացիները կարող են տեղամասում քարոզչություն իրականացնել, և հանձնաժողովը որևէ լծակ չունի։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել