HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Ճուղուրյան

Քվեարկությունը բարդ է տարեցների համար

Արցախից բռնի տեղահանված 72-ամյա Վեսմիրա Գաբրիելյանն ու նրա 90-ամյա քույրը՝ Գալյա Գաբրիելյանը, 15 օր առաջ են Հայաստանի Հանրապետության քաղաքացի դարձել։ Բայց տիկին Վեսմիրան ընտրական տեղամաս էր եկել մենակ․ քույրը, առողջական խնդիրներով պայմանավորված, տնից դուրս չի գալիս։

Հայաստանում տանը գտնվող քաղաքացիների համար ընտրության առանձին կարգ գոյություն չունի։ Նրանց համար ընտրություններին մասնակցելը հնարավոր է միայն ստացիոնար բուժհաստատությունում գտնվելու պարագայում։

Ըստ ՀՀ ԸՕ 56-րդ հոդվածի՝ «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում ստացիոնար բուժման մեջ գտնվող, քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող ընտրողների և ռազմաբժշկական հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող զինծառայող ընտրողների համար քվեարկությունը կազմակերպվում է ստացիոնար բժշկական և ռազմաբժշկական հաստատությունում՝ շրջիկ արկղի միջոցով»։

Վեսմիրա Գաբրիելյանն ասում է՝ քարոզարշավին հետևել է, թեկնածուներից միայն մեկին է լավ ճանաչում։ Ընտրությանը մասնակցելու որոշումը դժվար է կայացրել․ խոստումներին չի հավատում, հանուն հայ ազգի միասնության է ընտրական տեղամաս եկել։  

«Բաժանիր, որ տիրես․ Հայաստանը հիմա էս վիճակին են հասցրել։ Մեր եկիրն էս վիճակից դուրս բերելը, ստեղծված ատելության մթնոլորտը ցրելը շատ դժվար է լինելու։Կուզեի, որ մեր ազգը համախմբած լիներ 88-ի նման, էն ժամանակ Հայաստան, Սփյուռք, Արցախ չէին տարբերվում, բոլորը մի նպատակ ունեին։ Բայց հիմա էդ նպատակը չկա», - հուզմունքը հազիվ զսպելով՝ ասաց Վեսմիրա Գաբրիելյանը։  

Ալավերդու թիվ 5 ավագ դպրոցի շենքում տեղակայված թիվ 24/15 ընտրական տեղամասում ժամը 10։00-ի դրությամբ թեև ընտրողների մեծ հոսք չկար, բայց խառնաշփոթ էր ստեղծվել։ Տարեցները դժվարանում էին հետևել քվեարկության կանոններին՝ ընտրախցում գրիչ փնտրելով կամ քվեաթերթիկը ծրարի մեջ ծալած դնելով։ Ոմանք էլ ընտրախցից դուրս էին գալիս՝ ծրարի հետ դուրս բերելով նաև նետելու ենթակա քվեաթերթիկները։

Կնոջ հետ ընտրատեղամաս եկած Կարո Թամազյանը քվեարկությունից հետո գրանցվեց որպես օգնող՝ պատճառաբանելով, որ կինը խուլ է, ինչից հետո ամուսինները միասին մոտեցան քվեախցին։

Թիվ 24/15 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Անահիտ Իշխանյանն անընդհատ շրջում էր տեղամասի տարածքում ու ցուցումներ տալիս։

«Տարեցները բացատրելու կարիք ունեն, բայց չենք զլանում»,- ասաց։

Թիվ 24/15-ը Ալավերդի քաղաքի ամենաշատ ընտրողներ ունեցող տեղամասերից է։ Այստեղ գրանցված ընտրողների թիվը 1185 է։

Ալավերդի խոշորացված համայնքում քվեարկություն է անցկացվում 42 ընտրական տեղամասերում, որտեղ ընտրողների ցուցակներում ընդգրկված անձանց ընդհանուր թիվը 30 266 է։

28 բնակավայր միավորող Ալավերդի համայնքում գրանցված ընտրողների ամենամեծ թիվն Ալավերդի քաղաքում է՝ 13 630։ Ընտրողների թվով վերջին տեղում Կարմիր Աղեկ գյուղն է, որտեղ գրանցված է 126 ընտրող։

2023-ի դեկտեմբերից Ալավերդի համայնքը ղեկավարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Ղումաշյանը։ Նա նախկինում եղել է Հանրապետական կուսակցության անդամ, Լոռու մարզի Շնող համայնքի ղեկավարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter