Վանիկի՝ հազվագյուտ տեսակի ցորենի արտը չորանում է
Քանի դեռ խորհրդարան մուտք գործել ցանկացողները պայքար են մղում ընտրողների ձայների համար, իրանահայ Վանիկ Քեշիշյանը կռիվ է տալիս ջրատարների հետ: Նրա ցանած 1,5 հա ցորենը չորանում է, իսկ ընտրապայքարի դուրս եկածները մոռացել են գյուղացու իրական հոգսերը և շարունակում են մեծ-մեծ խոստումներ տալ հանրությանը:
25 տարի առաջ Իրանից Հայաստան տեղափոխված Վանիկ Քեշիշյանը հաստատվել է Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում: Այստեղ այգի է հիմնել շուրջ 8000 քմ տարածքի վրա: Օրգանական սնունդ է աճեցնում` միրգ, բանջարեղեն: Նաև վարելահող է գնել հացահատիկ և այլ մշակաբույսեր աճեցնելու համար: Տասնյակ տարիներ պահած սերմերի միջոցով էկոլոգիապես մաքուր բանջարեղեն ու միրգ է ստանում: Վանիկը փորձում է նպաստել հումակերությանն ու բուսակերությանը Հայաստանում:
Սակայն Վանիկի 1,5 hա վարելահողը, որտեղ ցորենն է ցանել, չորանում է այս օրերին, որովհետև չի կարողանում ջուր հասցնել բերքին:
Վանիկը պատմում է, որ ջրատար խողովակները և կանալները խարխլված են: Դեռևս 4-5 տարի առաջ երկու արտեզյան հորերից ջրատար խողովակների միջոցով մի կերպ ջուր է հասցրել արտին, սակայն վերջին տարիներին մեկ արտեզյան հոր է մնացել, ջուրը պակասել է, և խողովակների շարքից դուրս գալու պատճառով ջուրը հնարավոր չէ հասցնել ցորենի արտին. կորուստը մեծ է:
«Ես ուզում եմ ջուր հասցնեմ ցորենիս, բայց չեմ կարողանում: Աշնանը ժողովուրդը խողովակները գցել են, բայց դրանք կայուն չեն, ամեն մարդ իր համար գցել է, բայց շները ծակծկել են: Աշնանը մի կերպ ջրել են մարդիկ, գալիս էր կանալով, կորուստ էր տալիս, 700 մետր էր մնում, մի կերպ հասցրի, հիմա այլևս հեռու է, չեմ կարողանում հասցնել»,- պատմում է Վանիկ Քեշիշյանը:
Վերջինս, սակայն, պարտաճանաչ վճարումներ է կատարում Էջմիածնի համայնքապետարան` թե՛ հողի հարկն է տալիս, թե՛ ջրի:
Վանիկը պատմում է, որ Էջմիածնից Ոսկեհատ ճանապարհի երկայնքով գտնվող վարելահողերը 4-5 տարի առաջ 80% մշակվում էին, այժմ դրանք այլևս չեն մշակում. «Հիմա զրո է դարձել, ոչ մեկ էլ այդտեղ հողի չի մշակում: Ծախսը շատ է, ցորեն էլ չեն ցանում մարդիկ, բայց ցորենը մի բույս է, որ կարիք ունի ստրատեգիկ մոտեցման, եթե ցուրտ կամ պատերազմ լինի, դա առաջնային պարենն է, որ պետք ունի երկիրը»:
Վանիկ Քեշիշյանը չի ուզում ցորենի արտը չորանա, նաև որովհետև հին սերմերից է այն ցանել, որոնք իր հետ բերել է Իրանից: Արտում այդպիսի 4 տեսակ կա: Դրանով կերակրում է նաև իր հավերին ու ղազերին, թթխմորով սարքած և իր արտերում աճեցրած կանաչիներով հայտնի ժենգյալով հացն է սարքում:
Վանիկ Քեշիշյանը պատմում է, որ դիմել է վարչական ղեկավարին և Էջմիածնի համայնքապետարան, որի կազմում է այժմ գյուղը, սակայն միշտ անորոշ պատասխաններ է ստացել, և որևէ մեկը չկա, որ պատասխանատու լինի այդ ջրատարների համար:
«Ես հարկ եմ տալիս, ինչու մի կոպեկ չեն ծախսում, ինչու ոչինչ չեն անում:
Գյուղապետարան գնացի, համայնքապետարան գնացի, ասում են` նոր եմ եկել: Բայց մի կոպեկ այս գյուղի համար չի ծախսվում, այսքան հողամաս կա, տնամերձ կա, ես 15 տարի է հարկ եմ վճարում, 90-100 հազար տարեկան հարկ եմ տվել, ուր են գնացել այդ հարկերը: Ոչ ոք պատասխանատու չէ, չգիտես՝ ինչ անես, ում դիմես»,- ճարահատյալ ասում է Վանիկ Քեշիշյանը:
Վարչական ղեկավարի պաշտոնակատար Սերյոժա Գևորգյանը չնայած արձակուրդում էր և երկուշաբթի պետք է աշխատանքը սկսեր, պատմեց, որ ինքը դեռևս մեկ ամիս է, ինչ նշանակվել է այս պաշտոնին, սակայն արդեն իսկ տեղյակ է բնակիչների հոգսերից:
Վերջինս պատմեց, որ Ոսկեհատում ջրատարի ընդհանուր խնդիր կա, և խոսքը միայն այս տարվա մասին չէ, դրանք կիսափուլ են, քանդված, որոշ հատվածներում փլուզված են: Սակայն, արդեն իսկ գույքագրել են գյուղի բոլոր խնդիրները, որ հասկանան՝ ըստ հերթականության ոնց են լուծում տալու:
Թե ինչու մինչ այսօր այդ հարցը լուծված չէ, ասաց` դրա պատասխանը ինքը չի կարող տալ:
Ինչ են խոստանում նախընտրական ծրագրերում
19 ուժերից հատուկենտ ծրագրերում անդրադարձ կա գյուղացու այս հոգսին, ոչ ոք չի մանրամասնել, թե ինչպես է արդիականացնելու ջրատար խողովակները, որպեսզի ջուրը ժամանակին ու ճիշտ ճանապարհով հասնի գյուղացուն, նրա բերքը չչորանա:
Վանիկ Քեշիշյանն ասում է, թե անցնող 8 տարիներին կառավարությունն այդ հարցն այդպես էլ չի լուծել, և ինչու պիտի հիմա գյուղացին հավատա այդ կառավարության խոստումներին, և որ իր մշակած այգին կամ արտը անջրդի չի մնա հաջորդող տարիներին:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական ծրագրում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն առաջնահերթ ռազմավարություն է համարել: Նախատեսվում է կառուցել 10 ջրամբար և վերականգնել 350 կմ ջրային ցանց՝ ապահովելով 10.000 հա հողատարածքի ոռոգումն ու 8.000 հա-ում ջրախնայող համակարգերի ներդրումը:
Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքն իր ծրագրում գյուղի և հողի աշխատավորի պաշտպանություն է երաշխավորում, պետական քաղաքականության հիմքում խոստանում է դնել գյուղացիական տնտեսությունների եկամտաբերության մեծացումը, պարենային անվտանգությունը և գյուղական կենսակերպի որակական բարելավումը:
Բացի դրանից, խոստանում է պարենային ապահովության բարձրացում. Հայաստանում անմշակ հողերի շարունակական նվազեցում տարեկան առնվազն 10%-ով, չմշակվող հողերի մշակման համար առաջին տարում ամեն հեկտարին 60 հազար դրամ սուբսիդավորման տրամադրում:
Գործարար Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում բարգավաճող գյուղն է նկարագրվում: Այստեղ մասնակի անդրադարձ կա նաև ջրային ոլորտին: Մասնավորապես, ըստ ԲՀԿ-ի, անհրաժեշտ է արմատապես վերափոխել ջրային տնտեսության կառավարման համակարգը՝ բացառելով միջնորդ օղակները, նվազեցնելով ոռոգման ջրի ինքնարժեքը և ամրապնդելով ջրամատակարարողների ու ջրօգտագործողների միջև վստահությունը։ Առաջիկա երեք տարիներին 1 հա հողամասի ոռոգման ջրի վճարը պետք է սահմանել 1000 դրամ:
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թևեր» կուսակցությունը նպատակադրվել է գյուղատնտեսական գործունեության խթանման նպատակային ծրագրեր իրականացնել ինչպես բուսաբուծության, այնպես էլ անասնապահության ոլորտում: Այս նպատակով հաջորդող 2 տարիների ընթացքում իրականացվելու է հողային ֆոնդերի ամբողջական վերահաշվառում՝ հողերի կենսաքիմիական կազմի ճշգրտմամբ։ Չմշակվող հողատարածքներն ու լքված շինությունները կտրամադրեն զարգացման ծրագրեր ներկայացնողներին։ Կստեղծեն գյուղատնտեսական արտադրանքի մթերման և ագրոխորհրդատվության կենտրոններ։
Մեկ այլ բաժնում անդրադառնում են նաև Հայաստանի ջրային պաշարների կառավարմանը. այստեղ մտադիր են ներդնել ժամանակակից մոնիթորինգի և կառավարման համակարգեր՝ կանխելու ջրի կորուստը, աղտոտումը և չարաշահումները։ Կապահովվի խմելու ջրի հասանելիություն և ոռոգման արդիական համակարգերի ներդրում՝ գյուղատնտեսության կայուն զարգացման համար։
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն իր ծրագրում առավել մանրամասներով է մոտեցել այս հարցին` նշելով, որ ժամանակակից աշխարհում ջուրն ամենակարեւոր ռազմավարական ռեսուրսներից է։
Համաձայն ծրագրի`Հայաստանը չունի ջրի հավաքման եւ կառավարման արդյունավետ համակարգ, ինչի հետեւանքով Հայաստանի տարածքում տեղումների ընդամենը երեսուն տոկոսն է հավաքվում եւ օգտագործվում։ Արդյունքում, պետությունը չի կարող բավարարել ջրի պահանջարկը գյուղատնտեսության համար, չունի ջրի ամբարման, բաշխման, ջրհեղեղների կառավարմանը եւ վնասների նվազեցմանն անհրաժեշտ ջրամբարների եւ ջրանցքների համակարգ։ Այդ պատճառով նաեւ վտանգավոր մակարդակի է հասել ստորերկրյա ջրառը, որը սպառնում է անշրջելի կորուստներով եւ փլուզումներով։ Ջրային ռեսուրսների կառավարումը Հայաստանում անհրաժեշտ է բարձրացնել ռազմավարական մակարդակի։ Անհրաժեշտ են, հետեւաբար, հետեւյալ միջոցառումներն ու քայլերը.
- կստեղծվի Ջրային ռեսուրսների կառավարման նախարարություն
- արագացված տեմպերով կավարտվի Եղվարդի 228 մլն մ³ եւ Կապսի 90 մլն մ³ տարողությամբ ջրամբարների շինարարությունը
- Աշտարակի, Աբովյանի եւ Շիրակի տարածաշրջաններում կիրականացվի 60000 հեկտար տարածքների ոռոգման ծրագիր
- ջրային ռեսուրսների պահպանման հաշվին կվերականգնվի ստորերկրյա ջրային ավազանի մակարդակը
- ստորերկրյա ջրառի մակարդակը մեկ վայրկյանում 50 մ³ կիջեցվի մինչեւ 30 մ³
- կվերանորոգվի եւ կվերականգնվի Արփա-Սեւան թունելն ամբողջությամբ
- կստեղծվի լեռնային գետերի եւ լեռնային շրջանների ջրային ռեսուրսների պահպանման կասկադային համակարգ
- կկառուցվի ոռոգման ներտնտեսային ցանցի արդյունավետ համակարգ։
Նախկին ռազմական ոստիկան, հետախուզման մեջ գտնվող Վարդան Ղուկասյանի «ԴՕԿ» կուսակցության նախընտրական ծրագրում գյուղատնտեսության վերածնունդ են խոստանում: Պետությունն ապահովելու է անվճար կամ սուբսիդավորված ոռոգման ծրագրեր, էժան վառելիք գյուղացու համար, գյուղտեխնիկայի հասանելիություն, պետական երաշխավորված մթերում:
«Հանրապետություն» կուսակցությունը միայն համալրելու է կառավարության կազմը ջրային ռեսուրսների նախարարությամբ:
Մնացած կուսակցություններն ու դաշինքները չեն անդրադարձել ո՛չ գյուղատնտեսությանը, ո՛չ էլ ջրային ռեսուրսների բաշխման ոլորտին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել