HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ի և ԵՄ դեսպանի հանդիպմանը քննարկվել է նաև Արթուր Օսիպյանի հարցը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն հունիսի 4ին ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են ընտրական գործընթացներում հաստատության մանդատին առնչվող գործառույթները։ ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ 

«Հունիսի 4-ին ընդունել եմ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը, Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքը և Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստը։

Ողջունելով հյուրերին՝ ներկայացրել եմ ընտրական գործընթացներում հաստատության մանդատին առնչվող գործառույթները, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղություններն ու աշխատանքի մեթոդաբանությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր։ Անդրադարձել եմ նախընտրական քարոզարշավի ընթացքում տարածվող խոսքի անթույլատրելի դրսևորումներին՝ ընդգծելով, որ շարունակաբար արձանագրվում են մարդու իրավունքների չափանիշներին չհամապատասխանող, ագրեսիվ, խտրական, ատելություն սերմանող, պիտակավորող և ոչ զգայուն խոսքի տարբեր դրսևորումներ։

Շեշտել եմ, որ ընտրական գործընթացների համատեքստում իրավական պատասխանատվության գործիքները պետք է կիրառվեն հավասար և միասնական չափանիշներով՝ բացառելով ընտրովի մոտեցումները։ Այդ համատեքստում ընդգծել եմ նաև, որ պետական մարմինների հանրային հաղորդակցությունը նախընտրական ժամանակահատվածում պետք է լինի առավել զգայուն և մարդու իրավունքների սկզբունքներին համահունչ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ազատությունից զրկման ձևով խափանման միջոցների կիրառման մեծաքանակության խնդիրը: Նշել եմ, որ կալանքը, օրինակ, հաճախ կիրառվում է անհասկանալի և ոչ միասնական տրամաբանությամբ, և ոլորտն ունի համակարգային բարեփոխման անհրաժեշտություն:

Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

Նախանշվել են մարդու իրավունքների ոլորտում համագործակցության հետագա ուղղությունները»։

Իր հերթին ԵՄ դեսպանն էլ գրառում է արել ու նշել, որ Անահիտ Մանասյանի հետ քննարկել է ընտրություններից առաջ մարդու իրավունքների վիճակն ու դրան առնչվող գործերը, այդ թվում՝ Արթուր Օսիպյանի դեպքը։ Նա նշել է, որ լիովին աջակցում է ՄԻՊ դիրքորոշմանը՝ ատելության խոսքի և կալանքի չարաշահման հարցերին անդրադառնալու անհրաժեշտության վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter