Քարոզչություն՝ «լրատվության» անվան տակ․ ընդդիմությանն աջակցող էջերը «Ֆեյսբուքում»
Ընտրություններին ընդառաջ «Ֆեյսբուքում» ակտիվացել են տասնյակ էջեր, որոնք տարածում են ընդդիմադիր քաղաքական ուժերի թեզերը կամ նրանց աջակցող բովանդակություն։ Այդ էջերից որոշները նախկինում եղել են իշխանամետ, հետո ունեցել են այլ թեմատիկ բովանդակություն՝ մշակութային, հայտնի մարդկանց մասին նորություններ եւ այլն, սակայն նախընտրական շրջանում դարձել են ընդդիմության քարոզչության բաղկացուցիչ։ Այս էջերի մի մասն էլ հանդես է գալիս իբրեւ լրատվական, սակայն ո՛չ լրատվամիջոց են, ո՛չ կապ ունեն լրատվության հետ։
Նախորդ հոդվածում անդրադարձել ենք իշխանության օգտին գործող ֆեյսբուքյան էջերին, այս անգամ առանձնացրել ենք ընդդիմության օգտին աշխատող մի քանի ֆեյսբուքյան էջեր՝ ընդհանուր պատկերը ցույց տալու համար։
Ընդդիմությանն աջակցում է HayqNews-ը, որն ստեղծվել է 2024-ի հունվարի 6-ին, ունի 2,600 հատեւորդ։ Սա hayqnews.am կայքի էջն է։ Այս կայքը չունի «Մեր մասին» բաժին, չի ներկայացնում, թե ով է հիմնադիրը, սակայն, ըստ who is հարթակի, 2023-ի դեկտեմբերին կայքը գրանցվել է Վահան Գալստյանի կողմից, իսկ որպես կոնտակտային անձ նշվում է Արմինե Սիմոնյանը։ Վերջինս, ինչպես ցույց է տալիս նրա ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունը, ունի ընդդիմադիր հայացքներ, HayqNews կայքի գլխավոր խմբագիրն է, նույնանուն յութուբյան ալիքում ունի իր հեղինակային «Մենք» հաղորդաշարը, որտեղ հարցազրույցներ է վարում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց, այդ թվում՝ քաղաքական ու հասարակական գործիչների հետ։
«Ֆեյսբուքից» բացի՝ նույնանուն սոցիալական էջեր կան նաեւ «Յութուբում», «Ինստագրամում», «Տելեգրամում» եւ «Տիկտոկում», որոնք տարածում են ընդդիմադիր ուժերի տեսանյութերը։
| Մեդիա | Ստեղծվել է | Հետեւորդ |
|
2024-ի հունվարի 6 |
2,500 |
|
|
2024-ի հունվարի 5 |
27,100 |
|
|
2024-ի ապրիլ |
616 |
|
|
2023-ի դեկտեմբերի 19 |
- |
|
|
2024-ի հունվարի 7 |
498 |
|
|
2024-ի ապրիլի 8 |
3,583 |
Ինստագրամյան էջը հետեւում է մեկ մարդու՝ Մարիաննա Ղահրամանյանին, որն ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակն է։
Հիմա՝ նախընտրական շրջանում, HayqNews-ի ֆեյսբուքյան էջում ակտիվ հրապարակվում են կադրեր «Ուժեղ Հայաստան» կուսակցության, հաճախ նաեւ «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավներից։ Այլ քաղաքական ուժերի գործունեության, նախընտրական քարոզչության մասին նյութեր չկան։
Ընդդիմության թեզերը ներկայացնող մեկ այլ էջ է «Առօրյա Լուրեր»-ը, որը ստեղծվել է 2020-ի փետրվարի 8-ին, հիմա ունի 83 հազար հետեւորդ։
Էջը ժամանակի ընթացքում փոխել է իր քաղաքականությունն ու բովանդակությունը։ Սկզբում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցող կամ գործունեությունը դրական լույսի ներքո ներկայացնող նյութեր, լուսանկարներ էր հրապարակվում։ Դրանցից մի քանիսի համար նաեւ գովազդ է միացվել, որոնք, բնականաբար, եղել են քաղաքական, իսկ այդ պարագայում, ըստ «Ֆեյսբուքի» սեփականատեր Meta ընկերության կանոնների, անհրաժեշտ է բացահայտել, թե ով է գովազդի համար վճարողը, սակայն այս գովազդները չեն մակնշվել իբրեւ քաղաքական, ինչը սոցցանցի կանոնների խախտում է: Փաշինյանին գովաբանող հրապարակումները գովազդվել են 2020-ի փետրվարից մինչեւ 2021-ի մայիս:
Գովազդներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ դրանց նպատակը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ դրական հրապարակումների տարածումն էր, այլեւ օգտատերերի ներգրավվածության բարձրացումն ու էջի ակտիվության ավելացումը։
Բովանդակային փոփոխություն նկատվում է 2021 թվականից։ Էջում սկսում են հրապարակվել ավելի շատ բլոգային, սոցիալական նյութեր, քաղաքական բովանդակությունը մնում է ստվերում։ 2023-ից էջում նորից հրապարակվում են իշխանության թեզերը պաշտպանող, ապակողմնորոշող, ակնհայտ կեղծ, մանիպուլյատիվ վերնագրերով եւ կից լուսանկարներով նյութեր, օրինակ՝ «Վшրչшպետ ունենք՝ աշխшրհը չունի․․․Շшտ լшվ լուր. Կեցցե՛ Նիկոլ Փшշինյшնը.Մանրամասները՝ մեկնաբանությունում...👇👇👇», «Սպшսված լուր.300 հшզшր դրшմ шջшկցություն պետությունից գրեթե բոլորդ կшրող եք օգտվել шյս шջшկցությունիցՄանրամասները՝ մեկնաբանությունում...👇👇👇», «Լավ լուր հայ ժողովրդի համար․հունվարի 1-ից կբարձրանա բոլորի աշխատավարձերը միայն իմանաք քանի տոկոսով» եւ այլն։ Այսպիսի վերնագրերը կիրառվում են իբրեւ խայծ (clickbait)՝ դիտումներ, հավանումներ (like), մեկնաբանություններ հավաքելու եւ էջի լսարանը մեծացնելու համար։ 2024-ից էջում սկսում են հայտնվել քաղաքականության հետ կապ չունեցող հրապարակումներ՝ առողջության, արտաքին տեսքի, հայ դերասանների, երգիչների մահվան (կեղծ) մասին, որոնց նպատակների ու հետեւանքների մասին CivilNet-ը գրել էր 2025-ին։
«Առօրյա Լուրեր»-ն ընդդիմության քարոզչություն սկսել է անել 2025-ի դեկտեմբերի 6-ից, երբ էջում սկսել են հրապարակվել արդեն ձեւավորված «Մեր ձեւով» շարժման անդամների տեսաուղերձները։ Ամսաթիվը համընկնում է այս շարժման հիմնադիր Կարապետյանների ընտանիքի կողմից ստեղծված «Ուժեղ Հայաստան» կուսակցության պետական գրանցման հետ (08.12.2025)։ Դրանից հետո էջում հրապարակվել են «Քաղաքացիական պայմանագրի» մասին տեսանյութեր՝ մոնտաժված, ծաղրական, կոնտեքստից կտրված, սեփական մեկնաբանությամբ։
Նախընտրական քարոզչարշավի ֆոնին էջում հրապարակվում են արհեստական բանականությամբ գեներացված հոլովակներ, որոնցում վարչապետ Փաշինյանը պաշտպանում է ընդդիմադիր դաշտում եւ հատկապես «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից անընդհատ շրջանառվող ու քննադատվող թեզը 300.000 ադրբեջանցիների՝ Հայաստան գալու մասին:
Էջի մոնտաժված նկարներից մեկում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներկայացված են եռագլուխ հրեշի կերպարով, որն, ըստ էության, պատասխան է Փաշինյանի՝ «պատերազմի եռագլուխ կուսակցություն» արտահայտությանը (Փաշինյանը սրանով նկատի ունի Կարապետյանների, Ռ. Քոչարյանի ու Գ. Ծառուկյանի գլխավորած ուժերին)։
«Առօրյա Լուրեր»-ի նման էջ է «Հայեր միացեք» էջը, որը հիմա ունի 116 հազար հետեւորդ։ Էջի արտաքին հղումների բաժնում նշվում է haytime.am կայքը, որը, սակայն, չի գործում: Եռագլուխ հրեշի պատկերը կա նաեւ այս էջում։ «Հայեր միացեք»-ը ստեղծվել է 2019-ի դեկտեմբերի 20-ին: Սկզբում սա եւս իշխանամետ հրապարակումներ էր անում ու գովազդ միացնում՝ հավանումներ հավաքելու համար։
Լսարանը մեծացնելու նպատակ հետապնդող, սակայն ապակողմնորոշող, ակնհայտ կեղծ ու մանիպուլյատիվ վերնագրերով նյութեր հրապարակել է նաեւ այս էջը։ 2023-ի հոկտեմբերի 5-ի հրապարակումից հետո՝ մինչեւ 2025-ի մայիսի 27, «Հայեր միացեք»-ը պասիվ է եղել։ Հետո էջում սկսում են հրապարակվել հայ հայտնի մարդկանց մասին նյութեր՝ մանիպուլացնող վերնագրերով, իսկ 2025-ի աշնանից՝ հակաիշխանական նյութեր։ Հիմա՝ նախընտրական փուլում, ակտիվ տարածվում են միայն ընդդիմադիր ուժերի, հիմնականում «Ուժեղ Հայաստանի» քարոզչական տեսանյութերն ու իշխանության մասին մոնտաժված, համատեքստից կտրված հոլովակներ։
Ինչպես տեսնում ենք, «Առօրյա Լուրեր»-ն ու «Հայեր միացեք»-ը թե՛ բովանդակությամբ, թե՛ անցած ճանապարհով (հատկապես՝ քաղաքական կողմնորոշման փոփոխություններով) շատ նման են իրար:
«Ֆեյսբուքում» ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզն է անում նաեւ «Հայկական քաղաքականություն - Armenian politics» էջը, որը բացվել է 2022 թվականի օգոստոսի 5-ին, ունի 5 հազար հետեւորդ։ Ստեղծման պահից մինչեւ 2023-ի հոկտեմբերի 16-ը հրապարակումների մեծ մասը վերաբերում էր Արցախի իշխանությունների կողմից արված հայտարարություններին, ինչպես նաեւ Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի փակմանը, Արցախի հումանիտար ճգնաժամին, 2023-ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային։ 2023-ի հոկտեմբերի 16-ից հետո՝ մինչեւ 2024-ի մարտ ամիսը, ոչ մի հրապարակում չի եղել այս էջում: 2024-ի գարնանը, երբ սրվեցին իշխանություն-եկեղեցի հարաբերությունները, էջում հայտնվել են եկեղեցուն պաշտպանող հեղինակային գրառումներ ու ընդդիմադիր գործիչների կողմից արված հայտարարություններ։ Ներկայում ակտիվ տարածվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզչության նյութերը։
Իշխանամետից ընդդիմության քարոզիչի շարքերն է անցել նաեւ ArmNews ֆեյսբուքյան էջը, որը բացվել է 2020-ի ապրիլի 4-ին, ունի 242 հազար հետեւորդ։ Թե՛ անցած ճանապարհով, թե՛ բովանդակությամբ (մասնավորապես՝ «Ուժեղ Հայաստանի» քարոզչությամբ) այն մեր ներկայացրած նախորդ էջերից առանձնապես չի տարբերվում:
Սակայն հարկ է նկատել, որ վերը նշվածները ընդամենը մի քանիսն են այն բազմաթիվ էջերից, որոնք գործելաոճով իրարից շատ չեն տարբերվում: Այդպիսի էջեր են նաեւ՝ Ереван Армения, Info Լուրեր, Best News TV եւ այլն։
Ուսումնասիրությունը ցույց է տալիս որոշ ընդհանուր գծեր: Տարածվում են նույն տեսանյութերն ու արհեստական բանականությամբ գեներացված նույն պատկերները, ինչը հուշում է, որ էջերը կառավարվում են մեկ կամ միմյանց փոխկապակցված մի քանի կետից: Էջերի «կենսագրությունները» եւս նման են. հիմնականում սկսել են մեծ թափով քաղաքական բովանդակություն տարածել 2025-ի վերջից եւ 2026-ի այս նախընտրական շրջանում։ Էջերից որոշների քաղաքական վերաակտիվացումը համընկնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ստեղծման, դրա քաղաքական գործունեության ընդլայնման ու ընտրությունների քարոզարշավի մեկնարկի հետ։ Էջերում գերակշռում են «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների ելույթները, քարոզչական տեսանյութերը, ՔՊ-ին քննադատող հրապարակումները։
Ինչպես իշխանամետ ֆեյսբուքյան էջերի, այնպես էլ ընդդիմությանը հարող էջերի մեծ մասը ներկայանում են որպես լրատվական կամ տեղեկատվական հարթակ, սակայն փաստացի կենտրոնացած են մեկ՝ այս պարագայում ընդդիմադիր ուժի թեզերի տարածման վրա։ Փաստացի, այս էջերի հրապարակումների գերակշիռ մասը նվիրված է մեկ քաղաքական ուժի գործունեությանը, հայտարարություններին ու նախընտրական ուղերձներին։ Մյուս կողմից՝ դրանց անվան մեջ լրատվություն ենթադրող news կամ media բառերի կիրառումը կարող է ՀՀ օրենսդրությանն ու ներկա հայկական մեդիադաշտին անծանոթ օգտատերերի շրջանում տպավորություն ստեղծել, թե գործ ունեն լրատվամիջոցների հետ։
Այնինչ լրատվամիջոցների մասին սահմանումները տրված են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում: Այսպես՝ ի թիվս ԶԼՄ մյուս տեսակների՝ զանգվածային լրատվամիջոց է համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող այն կայքը (եւ ոչ թե «Ֆեյսբուքում» կամ այլ սոցցանցում բացված ինչ-որ էջ), որը պարունակում է լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գրանցման համարը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման հասցեն, եթե նա անհատ ձեռնարկատեր է, ապա նաեւ պետական հաշվառման համարը:
Ինչ վերաբերում է ներկա նախընտրական քարոզչության մեջ մտած ֆեյսբուքյան էջերին (անկախ քաղաքական համակրանքից), ապա դրանք հիմնականում ծառայում են քաղաքական ուժերի օրակարգն ու թեզերը տարածելուն՝ հատկապես ընտրությունների շրջանում ակտիվացնելով սեփական թիմին աջակցող եւ մրցակիցներին քննադատող բովանդակության հոսքը։ Հրապարակումների զգալի մասը պարունակում է ապակողմնորոշող, մանիպուլյատիվ, համատեքստից կտրված կամ չհիմնավորված պնդումներ, իսկ որոշ դեպքերում՝ ակնհայտ կեղծ տեղեկություններ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել