HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական արտադրանքը՝ դեպի Եվրոպա․ ԵՄ-ն նոր հնարավորություններ է խոստանում

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր՝ հունիսի 4-ին, հայ արտադրողների ու արտահանողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Եվրամիությունը քննարկում է հայ արտահանողների համար նոր շուկաներ բացելու հնարավորությունները՝ այդպիսով աջակցելու հայ արտադրողներին ու արտահանողներին։ 

«Մենք արդեն ունենք աջակցության որոշակի ձևաչափ, որը փորձում ենք ընդլայնել։ Փորձում ենք նոր միջոցներ ներդնել՝ արտադրողների ու արտահանողների համար նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով։ Այսպիսով մենք կօգնենք դիվերսիֆիկացնել Հայաստանի տնտեսությունը, արտահանման շուկաները՝ ցուցաբերելով լրացուցիչ օգնություն, որը քննարկվում է Հայաստանի կառավարության հետ»,- նշեց ԵՄ դեսպանը։ 

ԵՄ դեսպանի խոսքով՝ այսօր հայկական ծաղիկների մի խումբ կարտահանվի Լատվիա, քննարկում են նաեւ հայկական ծաղիկների՝ Նիդեռլանդների Թագավորություն արտահանելու հնարավորությունները «Ռոյալ Ֆլորա» ընկերության հետ համագործակցությամբ։ 

Նա տեղեկացրեց, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կհայտարարի այս ուղղությամբ ավելի հստակ քայլերի մասին։ 

Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյիի խոսքով, իրենք՝ եվրոպացիները, օգնում են ինչպես Հայաստանի կառավարությանը, այնպես էլ հայ արտադրողներին՝ հաղթահարել այն քաղաքական ճնշումները, որոնց բախվել են։ 

«ԵՄ-ն չէ, որ ձեզ խնդրում է ընտրություն կատարել, մենք վստահելի գործընկերներ ենք, մենք չենք սպառնում և չենք ճնշում։ Մենք օգնում ենք և ուզում ենք հստակ լինի, որ հայկական համագործակցությունը ամենամեծ տնտեսական ցանցի՝ Եվրոպական միության հետ շարունակվում է և ձեզ դարձնում է ապահով»,- հայտարարեց Ֆրանսիայի դեսպանը։  

Նա նշեց, որ գործնական քննարկումներ են ունեցել լոգիստիկայի, հայկական ու եվրոպական բիզնեսների համագործակցության, դեպի ԵՄ շուկա հասանելիության և այլ հարցերի շուրջ։ 

Հանդիպման ընթացքում հայ արտադրողները նշել են մի շարք խնդիրների մասին, որոնք իրենց խոցելի են դարձնում եվրոպական շուկայում։ Դրանցից մեկն այն է, որ հայկական ընկերությունները և ապրանքները ճանաչված չեն եվրոպական շուկայում:

Չրերի արտադրությամբ զբաղվող «Արեգի» ընկերության ներկայացուցիչը մատնանշեց միջազգային եվրոպական սերտիֆիկատների հարցը։ 

«Եվրոպական մի շարք ցանցեր պահանջում են սերտիֆիկատներ, որոնք ընկերությունների համար բավական ծախսատար են։ Կուզենայինք ունենալ Կառավարության սուբսիդավորման որոշակի ծրագրեր, համասուբսիդավորման ծրագրեր»,- նշեց «Արեգիի» ներկայացուցիչը։

Եղավ առաջարկ հավաքական կամ ամբողջական մեքենաներ ուղարկելով՝ ունենալ կետեր Եվրոպայում ու այդպես կարողանալ տարբեր մեծ ցանցերին ժամանակին արագ կազմակերպել առաքումները։ Քննարկմանը ներկա արտահանողները նշեցին նաեւ լաբորատոր հետազոտությունների մասին, որոնք յուրաքանչյուր ապրանքատեսակի համար տարբեր են ու ծախսատար․ եվրոպական մեծ ցանցերը պահանջում են մի շարք հետազոտություններ, որոնց մի մասը հայկական լաբորատոր ընկերությունները չեն կարողանում կազմակերպել։ 

Ի պատասխան՝ ԵՄ դեսպան Մարագոսը նշեց, որ արդեն կան եվրոպական լաբորատորիաներ, որոնք փորձում են օգնել հայ արտադրողներին՝ գտնելու արտադրանքը արագ փորձարկելու ուղիներ, որպեսզի դրանք համապատասխանեն ԵՄ և այլ վայրերի ստանդարտներին: 

«Մենք մտադիր ենք աշխատել սննդամթերքի անվտանգության ուղղությամբ նաև Հայաստանում։ Մենք պետք է համագործակցենք այնպես, որ բացահայտենք հայկական մասնավոր հատվածի արտադրողների, ինչպես նաև՝ Կառավարության համար արդեն իսկ հասանելի բոլոր հնարավորությունները»,- նշել է դեսպանը:

ԵՄ դեսպանը հավելեց, որ աջակցության այս բոլոր ծրագրերի արագ իրագործման համար անհրաժեշտ է նաև, որ Հայաստանի Կառավարությունը քայլեր ձեռնարկի, ներառյալ, օրինակ՝ արտահանման գործակալության ստեղծումը: 

«Մեզ պարզապես անհրաժեշտ է գործողությունների ծրագիր, որպեսզի կարողանանք արձագանքել այնպես, ինչպես ակնկալում են հայ արտադրողներն ու արտահանողները: Մենք այստեղ ենք՝ աջակցելու Կառավարությանը, այլ ոչ թե ֆոնային մակարդակում մնալու»,- հավելեց ԵՄ դեսպանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter