Մհեր Գրիգորյան. Պատշաճ որակ ունեցող հայկական ցանկացած ապրանք արտահանվելու է՝ անկախ արհեստական խոչընդոտներից
Այսօր տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Կառավարությունը հաստատել է «ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության» միջոցառումը, որը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնելու արտահանման շուկաները, որը կնպաստի կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը։ Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ծրագրի շրջանակում ջերմատնային արտադրության լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ արտահանող տնտեսվարողներին տրամադրվելու է փոխհատուցում այլ երկրների շուկաներում մրցունակություն ապահովելու նպատակով։
Ըստ փոխնախարարի՝ արտահանվող որոշ հիմնական ապրանքային խմբերի նկատմամբ սահմանվում է արտահանված ծավալի համար փոխհատուցում հետևյալ սահմանաչափով. ելակի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 770 դրամ, լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 275 դրամ, պղպեղինը՝ 400 դրամ, ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար՝ 37 դրամ: Ծրագրից կարող են օգտվել ՀՀ ռեզիդենտ համարվող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք ՀՀ տարածքից 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը իրականացրել են արտադրանքի արտահանում։ Նշված ապրանքների արտահանումն իրականացնելուց հետո փոխհատուցման նպատակով տնտեսվարող սուբյեկտը դիմում է էկոնոմիկայի նախարարություն՝ ներկայացնելով ապրանքի տարածման հայտարարագրերը կամ արտահանման ապրանքի հայտարարագրերի պատճենը, ինչպես նաև հաշվարկային փաստաթղթերը, այն է՝ հաշիվ-ապրանքագրերը:
Արման Խոջոյանը տեղեկացրել է, որ աջակցության միջոցառման ժամկետը 1 ամիս է, ըստ անհրաժեշտության՝ այն կարող է վերանայվել: Նա նշել է նաև, որ արտահանման դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ այս ծրագրի շրջանակում հունիսի ընթացքում կարտահանվի ավելի քան 4250 տոննա բանջարեղեն և ելակ, ինչպես նաև շուրջ 10 մլն հատ ծաղիկ:
Այդ համատեքստում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ այս պահին նաև առանձին գործընկերների հետ աշխատում են ներմուծման դեպքում մաքսային որոշակի արտոնությունների շուրջ համաձայնության գալու ուղղությամբ. «Սա ևս կգա օգնելու արտադրողներին, նաև նոր շուկաներ գտնելու՝ հետագայում արդեն ավելի կանոնավոր հիմքերի վրա շուկաներ, մատակարարումներ ապահովելու համար»:
Անդրադառնալով որոշմանը՝ Մհեր Գրիգորյանը նշել է, որ ՀՀ-ում արտադրված գյուղատնտեսական ցանկացած ապրանք, որն ունի պատշաճ որակ, արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտից: «ՀՀ-ն բավականին ֆիսկալ պոտենցիալ ունի այդ խնդիրը լուծելու համար՝ անկախ նրանից, թե ինչ կանեն մեր գործընկերները, ինչով կաջակցեն կամ չեն աջակցի։ Կարծում եմ՝ մենք պետք է հայտարարենք, որ սա առաջին միջոցառումն է, միջոցառումների շարքը մենք կիրականացնենք»,- ասել է փոխվարչապետը՝ հավելելով, որ որոշումը պետք է տարածվի և՛ մրգերի, և՛ կոնյակի, և՛ գինու, և՛ հանքային ջրերի և՛ ցանկացած շուկայի վրա։
Մհեր Գրիգորյանն անդրադարձել է նաև արտահանվող ապրանքների որակի ապահովմանը՝ ընդգծելով, որ եթե պատշաճ որակ ապահովվի, դժվար կլինի պատշաճ որակի ապրանքի շրջանառությունը որևէ ձևով խոչընդոտել, առավել ևս՝ արհեստականորեն: Ըստ փոխվարչապետի՝ այդ դեպքում նաև ավելի մեծ սպառման հնարավորություններ ու շուկաներ կբացվեն: «Մենք պիտի նաև մտածեք դա խթանելու մասին, չնայած ես որքան հիշում եմ՝ մենք նման խթանիչ միջոցառումներ ունենք, բայց փորձը ցույց է տալիս, որ բավարար չեն այդ խթանիչները, պիտի ավելացնենք: Սա է ֆունդամենտալ լուծումը: Մենք տալիս ենք լուծում, որն ապահովում է մեր արտադրողի հարմարավետությունը։ Բայց, այնուամենայնիվ, վերջնական լուծումը որակի ստանդարտն է։ Ես չգիտեմ որակյալ ապրանք, որի շրջանառությունը որևէ ձևով, որևէ շուկայում կամ որևէ երկրում խոչընդոտվում է։ Այսօրվա գների ճնշումների ֆոնին աշխարհում՝ նման բան ուղղակի տեղի չի ունենա։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Շարունակենք այս խթանման միջոցառումները, իրականացնենք՝ ինտենսիվ, արագ, արդյունավետ, պարզ լինեն միջոցառումները, վստահ եմ, որ այս խնդիրն այլևս արդիական չի լինի, և մեր արտադրողների խնդիրները շատ արագ կլուծվեն»,-ասել է Մհեր Գրիգորյանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել