Յիշատակներուս մէջ կը լողայ միտքս... Միսաք և Մելինե Մանուշեաններ (մաս 1-ին)
Ճակատագրական վալսը
Մելինե Ասատուրեանը իր ամբողջ խնայողությամբ նոր զգեստ և կոշիկ գնեց՝ Փարիզի Հայ Օգնության Կոմիտեի կազմակերպած հանգանակություն-համերգին մասնակցելու համար: 1933 թվականի ձմեռն էր: Այդ օրը նրան կարգեցին հանգանակվող գումարի պատասխանատու: Դահլիճ մտած ատլետիկ կազմվածքով ջահելը՝ գիշերի պես սև աչքերով, թուխ մորթով, ճերմակ գեղեցիկ ատամնաշարով, այտին մի հին սպի, իսկ կզակին՝ փոսիկ, անմիջապես գրավեց Մելինեի ուշադրությունը: Բոլորը նրան Մանուշ էին կանչում՝ ազգանունը կրճատելով՝ Միսաքն էր՝ Մանուշեան: Մելինեին վալսի հրավիրեց: Պարելիս, ակամա կանգնեց նրա ոտքին: Ոչ այնքան որ ոտքը ցավեց, այլ որ կոշիկը՝ նոր, վերջին խնայողություններով գնած նորաձև կոշիկը...

Մելինե Մանուշեան, Փարիզ, 1935թ.
Երեխա ժամանակ Պոլսի մանկապարտեզում, երբ Մելինեին նեղացնում էին թուրք երեխաները՝ քարեր նետելով իր և ընկերների ուղղությամբ, նա պատասխանում էր ճիշտ նույն կերպ: Բայց հիմա իր առջև մի համակրելի հայ երիտասարդ էր, այնպես որ Միսաքին «պատժեց» այլ կերպ՝ մերժեց տուն ուղեկցելու նրա առաջարկը: Իր ըմբոստությունը, իրավունքները պաշտպանելու մղումը նկատել էին նաև դպրոցում: Երբ 1928-ին ավարտում էր Փարիզի կրթարանը, տնօրենը բնութագրի մեջ նշել էր, որ անկասկած խելացի աղջիկ է, բայց ըմբոստ է, անկարգություններ հրահրող: Մի օր, իբրև ընդվզում դպրոցական անորակ սննդի դեմ, Մելինեն մի փոքրիկ ապստամբություն կազմակերպեց. որոշվեց միահամուռ թեյը թափել բաժակներից: Նրան տնօրենը «բոլշևիկ» անվանեց: Մելինեն չգիտեր, թե դա ինչ բան է, քանի դեռ չէր անցել աշխատանքի ՀՕԿ-ում, որ Խորհրդային Հայաստանին օգնելու նպաստամատույց մի կոմիտե էր: Բայց բողոքելուց զատ, Մելինեն, դեռ փոքրուց, գիտեր նաև զոհողությունների գնալ: Երբ երկրաշարժ եղավ Արևելյան Հայաստանում, ինքն այդ ժամանակ որբանոցում էր: Շաբաթական 2 օրվա փոխարեն 1 անգամ միս կերավ, մյուս բաժինը Հայաստանի երեխաներին ուղարկելու համար, ժանյակներ հյուսեց՝ ի նպաստ Հայաստանի երեխաների: Թերևս ամենամեծ զոհողությանը նա գնաց 2-րդ պատերազմի շրջանին, երբ սիրած մարդուց ծնվելիք երեխայի երանելի սպասումից, առավել ուժեղ զգաց ատելությունը նացիզմի հանդեպ: Նա գնաց մի քայլի, որ իր սիրած տղային ցավ պատճառեց և ընդհատեց ոչ միայն երեխայի, այլև ամուսնու կյանքը, որ պիտի շարունակվեր մահից հետո: Ինչևէ, հանգանակություն-համերգից հետո Մելինեն տուն գնաց մենակ: Այդ օրը նրա հիշողության մեջ կարթնանա շատ հաճախ, բայց առավել՝ 1944-ի Փետրվար 21-ի ողբերգության վերհուշով՝ իր միայնակ կյանքի ամբողջ ընթացքին:
Ֆրանսիայում
Այս երկիրը ծանոթացրեց 2 տարագրյալ և որբ հայերի: Նրանց կապեց ոչ միայն միմյանց հանդեպ ունեցած զգացմունքը, այլև միավորեցին միևնույն գաղափարները և նպատակները: Նրանք ծնվել էին 7 տարի տարբերությամբ և իրարից 1158 կմ հեռավորության վրա՝ Մելինեն՝ 1913-ին Կոստանդնուպոլսում, իսկ Միսաքը՝ 1906-ին Եփրատի աջ կողմում, Նեմրութ լեռան ստորոտին գտնվող Ադըյամանի Չելեպի թաղում: Հնում սա հայկական Կոմմագենի շրջանն էր, հետո արդեն՝ Խարբերդի: Քաղաքը մի հետաքրքիր պատմություն ունի: Ժամանակ առաջ այստեղ իշխել է մի դաժան տիրակալ՝ Հասան Մանսուր անունով: Բնակիչները, այլևս չհանդուրժելով նրան, սպանել են և քաղաքը վերանվանել Ադըյաման՝ Սոսկալի: Այս Սոսկալի քաղաքում և շրջակա հայկական գյուղերում իրապես սոսկալի դեպքեր են տեղի ունեցել 1895, 1909, 1915 թվականներին: Ահա այստեղ 1906-ի Սեպտեմբեր 1-ին ծնվում է Միսաքը, ընտանիքի 4 երեխաներից ամենափոքրը: Չնայած հարազատները պնդում են, թե ծնվել է 1909-ին, պարզապես Ֆրանսիայում աշխատանքի իրավունք ստանալու համար իրեն մեծացրել է 3 տարով:
Անպայման պատժել սրիկաներին

Ձախից նստած՝ Կարապետ, կանգնած՝ Միսաք Ջունիե որբանոցի ընկերների հետ՝ Խորեն Մուրադեան և Հարություն Յաքուբեան, Բեյրութ, 1920թ.
Ինչևէ՝ հավանաբար Սոսկալի անունով քաղաքի երբեմնի բնակիչների ըմբոստ ոգին, Հասան Մանսուրի սարսափելի վարքի մասին պատմությունները, իր աչքով տեսած հայերի կոտորածները, իր պարտիզպան հոր՝ Գևորգի սպանվելը Ուրֆայի դիմադրության ժամանակ, ուր տեղափոխվել էին՝ լքելով իրենց տունը, մոր՝ Վարդուհի Կասեանի սովամահ լինելը և քրոջ կորսվելը մի անխախտ որոշում ձևավորեցին իր մեջ՝ անպայմանորեն և արդարորեն պատժել դաժաններին: Եվ շուտով նացիստների մուտքը Ֆրանսիա նրան ոտքի հանեց: Բայց մինչ Ֆրանսիա հասնելը, որբ մնացած Միսաքը իր Կարապետ և Հայկ եղբայրների հետ դեռ մի լավ պիտի տանջվեր: Որբացած 3 եղբայրներին բաժանեցին իրարից. Միսաքին մի քուրդ ընտանիք վերցրեց: Դարձավ հովիվ: Քիչ էր մնում նշանեին իրենց աղջկան հետ: Բարեբախտաբար բեդվինների, քրդերի, թուրքերի մոտից հայ որբուկներ փնտրողները գտան այսուայն կողմ ցրված եղբայրներին և տարան Այնթափ՝ եգիպտահայերի հիմնած որբանոցը: 1920-ին էլ, քեմալական վտանգից խուսափելու համար, որբանոցի սաներին փոխադրեցին այլ վայրեր: Ի վերջո, Հայկը հայտնվեց Սիրիայում, մինչդեռ Կարապետը և Միսաքը Լիբանանում՝ Ջունիէ որբանոցում գտան իրարու: Այստեղ որբուկները բախվեցին Հայրիկ-տնօրեն Ղազարոս Ղպլիկեանի կոպիտ և անսիրտ վերաբերմունքին, բայցև վայելեցին ուսուցիչ Գրիգոր Պողարեանի սերը և զմայլվեցին նրա սովորեցրած հայերենի ողջ հմայքով: Այստեղ էր, որ թե՛ Կարապետի և թե՛ Միսաքի մեջ առաջին անգամ խոսեց բանաստեղծը: Որբանոցում յուրացրած ատաղձագործության հմտությունները Միսաքին հետագայում հացի տեր դարձրին: Եվ 1924-ի Սեպտեմբեր 8-ին Քորդելիա շոգենավը հայ որբերի մի նոր խումբ փոխադրեց Ֆրանսիա՝ նաև լրացնելու համար առաջին պատերազմից հետո նվազած աշխատուժը, որի կարիքը խիստ զգացվում էր այս երկրում: Կարապետն արդեն այստեղ էր: Բեյրութ-Յաֆֆա-Ալեքսանդրիա ծովային ուղին հաղթահարելով, նավը հասավ Մարսել. Սեպտեմբեր 16-ն էր, առավոտյան ժամը 7-ը: Այդ օրվանից սկսվեց Միսաք Մանուշեանի նոր կյանքը: Նա ուներ ընդամենը 20 տարի ապրելու:
Շիկահեր աղջիկը Մոսկով մականունով
Մինչ Միսաքն անցնում էր իր մանկության և պատանության ոդիսականով, զուգահեռաբար հյուսվում էր Մելինեի կյանքը: 1913-ի Նոյեմբեր 13-ին Կոստանդնուպոլսի օսմանյան փոստատան պատասխանատուներից Ասատուր Սուքեմեանը և Զարուհի Քլիջեանը ունեցան 2-րդ աղջիկը: Թուրքերը փոքրիկ Մելինեին Մոսկով էին կոչում՝ շիկահեր լինելու համար: Երբ 1915-ին Ասատուրը սպանվեց, երեխաները ապաստան գտան Ադաբազարի ամերիկյան որբանոցում, մինչև որ քեմալական վայրագությունները սկիզբ առան, և երեխաներին տեղափոխեցին Հունաստան՝ Կորնթոս, որտեղ Պողոս առաքյալը գրել էր իր հայտնի 2 նամակները Թեսաղոնիկցիներին: Այստեղի որբանոց ասածը մի ճամբար էր՝ բաց երկնքի տակ, անհնար պատսպարվելու կիզիչ արևից կամ անձրևներից: Որբանոցից միակ քաղցր հուշը ամերիկացի բեյսբոլիստի հյուրասիրած շոկոլադն էր՝ առաջինն իր կյանքում: Այդ քաղցր մրցանակին արժանացել էր իր նիհարիկ և ճկուն մարմնով խիտ թփերի մեջ սողոսկելու և խաղի գնդակը գտնելու համար: Մի խոսքով՝ շուտով այստեղից երեխաներին փոխադրեցին Մարսել: Եվ հենց այս ճամփորդության ժամանակ էլ հոր Ասատուր անունը գրանցվում է իբրև ազգանուն և Մելինե Սուքեմեանը դառնում է Մելինե Ասատուրեան:
Աշխարհը հայելի մըն է, եթէ ժպիտս կը ժպտի, եթէ տխրես ինք ալ տխուր է
Այսպես՝ ցեղասպանության դառնությունը ապրած 2 ջահելներ փորձում էին ֆրանսական արևի տակ գտնել իրենց տեղը: Միսաքի առաջին գործատեղը La Seyne-sur-Mer-ի պատմական նավաշինական գործարանն էր: Ջունիե որբանոցում ձեռք բերած ատաղձագործության հմտությունները, որ Միսաքը բանեցնում էր մարդատար և բեռնատար նավերի փայտե հարդարանքների վրա, նրան օրական 10 ֆրանկի եկամուտ էին ապահովում: Շուտով եղբոր Կարապետի հետ տեղափոխվում է Փարիզ՝ ավելի լավ վարձատրվող աշխատանք գտնելու հույսով: Մտնում է Citroen-ի գործարան, որը արդեն 1919-ից սկսել էր մարդատար ինքնաշարժերի զանգվածային արտադրությունը: Ֆրանսիա տարագրված հայերին նոր փորձություն էր սպասվում՝ տնտեսական ճգնաժամը: Հատկապես ներգաղթյալները կորցնում էին աշխատանքը: «...Գործազրկութեան բարիքները մենք ալ կը վայելենք առաջին հերթին...»: Օդդո ճամբարը, Ադրիանի չինական բարաքները բազմազգ ներգաղթյալների օթևանն էին: Արդարության բացակայություն, սոցիալական բևեռացում՝ այն ինչ տեսավ Միսաքը իր բանվորության շրջանին: Գործ չկար, սովը համատարած էր: Եվ նա սկսեց բնորդություն անել՝ Մոնպարանսի և Լատին թաղամասի արվեստագետներին իր պիրկ, գեղեցիկ, իսկը անտիկ քանդակ նմանող մարմինը կրկնօրինակելու հնարավորություն տալով: Այս ընթացքում էր, որ ազգային գրադարանում անհագորեն կարդում և կլանում էր համաշխարհային գրականության գոհարները: Այստեղ է հանդիպում Ավետիք Իսահակեանին, ծանոթանում նկարիչ Գրիգոր Պետիկեանին, որին «կեանքի տափակութիւնները երբէք չեն ընկճեր, որովհետեւ դէպի իտէալ իր թռիչքը շատ զօրաւոր է» և գրող Գեղամ Աթմաճեանին՝ Սեմային: Միասին ընդունվում են Սորբոն՝ որպես ազատ ունկնդիր և սկսում են հրատարակել «Ջանք» և «Մշակոյթ» պարբերականները, թարգմանում Բոդլեր,Վեռլեն, Ռեմբո... Միսաքը երազում էր արվեստաբանական գրքեր գրելու մասին: Ամբողջովին տոգորված էր բարձր գրականությամբ և բարձր երաժշտությամբ: Այդ վերին ոլորտները հակակշիռն էին իր ապրած անցյալի և անձուկ ներկայի: «Երբ մանուկ էի, շատ կը փափաքէի դերասան ըլլալ, բայց կեանքն ինձ մենակեաց բանաստեղծ մը շինեց: Ի՛նչ հակասութիւն...» ՝ 1932 Օգոստոս 28-ին գրեց նոթատետրում: Կարդացել էր Գ.Մահարիի «Մանկութիւն եւ պատանեկութիւն» ը և կարծես իրեն Գուրգենի հայելու մեջ տեսած լիներ: Գրում է, որ մի օր էլ ինքը պետք է իր ինքնակենսագրությունը գրի: Այն անշուշտ կտարբերվեր Մահարիից «...բայց մեր մէջ միայոյզ լար մը պիտի գտնուի շարունակ: ․..Կը սպասեմ այն օրը, երբ փոթորկոտ գլուխս հանգչեցնելու բարձ մը ունենամ՝ կարենալ թուղթին հանձնելու կեանքիս վէպը»:
Մարդկային վիշտը որքան կարող է խոր ըլլալ սիրելիի մը կորստին առջեւ

Միսաքը եղբոր՝ Կարապետի հետ, Փարիզ, 1925թ.
Այդ վեպի մեջ անկասկած պատմելու էր նաև իր սիրելի եղբոր՝ Կարապետի մահը, որ վրա հասավ իր գրկում և՝ «Արցունքը գամեցաւ աչքերուս մէջ»: Կարապետը հիվանդ էր դեռ որբանոցից՝«աղիքներուն մէջ թիւպերքիւլօզի միգրոպ բոյն դրած է...»: Փարիզում հիվանդությունը նորից գլուխ բարձրացրեց: Ամեն բուժում անօգուտ եղավ: Այնքան մեծ էր հոգեկան ցնցումը, որ գիտակցության կորուստ ունեցավ: Հիվանդանոցի պատասխանատուները ոստիկանություն կանչեցին: «...Ոստիկանները կուգան և Միսաքին ձեռքերն ու ոտքերը կապելով կը տանին. Բայց ո՞ւր...յիմարանոց»: Բարեբախտաբար մյուս եղբայրը՝ Հայկը, նույնպես արդեն Փարիզում էր տիկնոջ՝ Մարիամի և որդու՝ Գևորգի հետ և կարողանում է Միսաքին ազատել հոգեբուժարանից: Կարապետին թաղում են Բանյոյի շիրմատանը: «...զիս յիմարանոց ղրկեցին առանց րոպէ մը անդրադառնալու թէ մարդկային վիշտը որքան կարող է խոր ըլլալ սիրելիի մը կորստին առջեւ երբ անիկա իր հոգին կաւանդէ ախ քաշելով ու լալով եղբօրը բազուկներուն մէջ: ...Փակուեցայ ես իմ մէջ: Ինքզինքս յաւիտենապէս մինակ զգացի»: Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան, Բախի ֆուգաները անդադար հնչում էին նրա գլխում. այնքան ներդաշնակ էին իր հոգեվիճակին:
Մինչ այդ, Մելինեն...
...որ բնավ լուր չուներ, թե իր ապրած քաղաքում մի հայրենակից երիտասարդ կռիվ է տալիս հանապազօրյա հացի համար և մխիթարվում արվեստներով, ինքն էլ սովորում է մեքենագրություն: Շուտով շատ վարժ՝ տասը մատները արագ–արագ սահեցնելով գրամեքենայի ստեղների վրայով, ֆրանսերեն և հայերեն տեքստեր է տպում: Նա չէր էլ պատկերացնում, թե որքան կարևոր էր դառնալու իր այս հմտությունը, ոչ թե վարձատրության, այլ քաղաքական իմաստով: Այս երկու զուգահեռ ճակատագրերը հատվում են Փարիզի Հայ Օգնության Կոմիտեում՝ ՀՕԿ-ում: Այն օրվա հանդիպումը, երբ Միսաքը պարի ժամանակ անզգուշությամբ տրորեց անծանոթ Մելինեի ոտքը, շարունակություն ունեցավ:
շարունակելի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել