HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Նուբարաշենում» կալանավորը հացադուլ է հայտարարել՝ չընդունելով առաջադրված մեղադրանքը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հարութ Աբրահամյանը քիչ առաջ հացադուլ իրականացնելու դիմում է ներկայացրել վարչակազմին, և նրան տեղափոխել են հացադուլ իրականացնողների խուց: Տեղեկությունը հաստատեց Քրեակատարողական ծառայության մամուլի քարտուղար Նոնա Նավիկյանը:

«Հետքին» դիմել է Հ. Աբրահամյանի մայրը՝ Սվետլանա Ազիզյանը: Նա պատմեց, որ որդուն ձերբակալել, ապա կալանավորել են 2026թ. մայիսի 15-ին: Նրա փոխանցմամբ՝ Հարութն անձնագրային հարցերով գնացել է ոստիկանություն, հենց տեղում ձերբակալել են ասելով, որ հետախուզման մեջ է:

«Հարութը վարչական հսկողության մեջ է եղել, փախած չէր, որ հետախուզեին: Տարել են քննչական, այնտեղ որդուս նկատմամբ բռնություն է կիրառվել»,- ասում է Սվետլանա Ազիզյանը:

Հարութ Աբրահամյանի ձերբակալումն, ապա կալանավորումը կապված է 2026թ. մայիսի 3-ին Երևանի Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ու դանակահարության հետ: Նրան մեղադրում են ավտոն կայանելու շուրջ ծագած վիճաբանության ու երկու քաղաքացու դանակահարելու համար:

«Իմ որդու մոտ դանակ չի եղել, նմանատիպ առարկա չի եղել: 10-13 հոգով հարձակվել որդուս ծեծել են, հետո երկու շաբաթ անց բռնում են ու ասում, որ մարդ ես դանակահարել: Քննիչը շատ վատ է վարվել որդուս հետ»,- ասում է Ս. Ազիզյանը:

Մայրն անհանգստացած է որդու կյանքի ու առողջության համար: Ասում է՝ Հարութը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի և կարող է «իր հետ վատ բան անել», քանի որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

Քրեակատարողական ծառայությունից ևս հաստատեցին, որ Հարութ Աբրահամյանը հացադուլ հայտարարելու պատճառը նշել է անհիմն մեղադրանքն ու իր անմեղ լինելը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter