HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արծրուն Մարգարյանի սպանության գործով նախկին թիկնապահները կրկին մեղադրյալի կարգավիճակ ունեն

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026թ. մայիսի 27-ին վերացրել է Ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար Արծրուն Մարգարյանի թիկնապահներ Արսեն Խաչատրյանի և Արմեն Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու և Արծրուն Մարգարյանի սպանության մասով քրեական գործի վարույթը կարճելու մասին 1999 թվականի սեպտեմբերի 20-ի որոշումները։ Այս մասին հայտնում են Դատախազության լրատվական ծառայությունից։

«Որոշումները վերացվել են նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով Քննչական կոմիտեում իրականացված վարույթի արդյունքներով։

Հիշեցնենք, որ 1999թ. նախաքննության ընթացքում Ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար Արծրուն Մարգարյանի թիկնապահներ Արսեն և Արմեն Խաչատրյաններին մեղադրանք էր առաջադրվել Արծրուն Մարգարյանի սպանության համար։ Հետագայում, սակայն, նախաքննության մարմինը հանգել էր այն եզրակացության, որ նրանք որևէ հանցանք չեն կատարել, իսկ Արծրուն Մարգարյանը, ըստ նախկին քննության վարկածի, իր թիկնապահների նկատմամբ մահափորձ կատարելուց հետո ինքնասպանություն է գործել։ Այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել էր, իսկ սպանության մասով քրեական գործի վարույթը՝ կարճվել։

2025թ. նախաձեռնված նոր քրեական վարույթի շրջանակում ուսումնասիրվել են քրեական գործի նյութերը, իրականացվել են լրացուցիչ քննչական գործողություններ և նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն։

2026թ. մարտի 31-ին ստացված նոր դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է, որ Արծրուն Մարգարյանի կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային ծանր վնասվածքի հետևանքով նրա շարժունակությունը կտրուկ սահմանափակված կլիներ, և նա կարճ ժամանակ անց գործնականում չէր կարողանա կատարել որևէ նպատակային ու համակարգված գործողություն։ Փորձաքննության եզրակացության համաձայն՝ այդպիսի վնասվածքի պայմաններում գործնականում անհավանական է եղել, որ Արծրուն Մարգարյանը կարողանար ինքնուրույն զենքն ուղղել գլխին և արձակել մահացու կրակոց։

Հաշվի առնելով, որ նոր ի հայտ եկած հանգամանքների ուսումնասիրությամբ ձեռք են բերվել տվյալներ, ըստ որոնց՝ Արծրուն Մարգարյանը կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքից հետո չէր կարող կատարել այնպիսի գործողություններ, որոնք անհրաժեշտ կլինեին ինքնասպանության համար, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վերացրել է 1999թ. սեպտեմբերի 20-ի համապատասխան որոշումները։

Քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter