HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հուշարձանի կարգավիճակ են ստացել 12 պատմամշակութային կառույցներ

ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի այս տարվա երկրորդ նիստում քննարկվել են նոր հայտնաբերված պատմամշակութային կառույցների՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը և հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր։ Այս մասին հաղորդում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։

«Հանձնաժողովի դրական եզրակացությունների հիման վրա 12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ։

Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Ս. Խանզադյան փողոց, 38, Ս. Խանզադյան փողոց, 46 և Նորքի փողոց, 86 հասցեների բնակելի տները, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի երեք խաչքարեր (1880-ական թթ.) և Քասախ գյուղի գյուղատեղին (XIII-XIV դդ.), Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ալվանք գյուղի «Քահրիզների համակարգ» (XVIII դ.), Լիճք գյուղի «Գյուղատեղի Թաղամիրի» (XIII դ.- ուշ միջնադար) և «Թաղամիրի կամուրջ» (XVII դ.) պատմամշակութային օբյեկտները (քարտեզագրական նյութերը կցվում են):

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում գտնվող խաչքարը (XIV դ.) և Վայոց ձորի մարզի Գոմք գյուղի դամբարանադաշտը (մ.թ.ա II-I հազ.) ստացել են հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։

Քննարկվել են նաև Արարատի մարզի Խոսրովի արգելոցի տարածքում գտնվող «Մարդանց» ( XVII-XIX դդ., պետական ցուցիչ՝ 3.98.1.1), «Բաբերդ», V-XVII դդ. (պետական ցուցիչ՝ 3.98.5.1), «Ներքին Գլան» (X-XVII դդ., պետական ցուցիչ՝ 3.98.7.1), «Աղջոց» (X-XVIII դդ., պետական ցուցիչ՝ 3.99.1.1), «Եղեգի» (XVIII-XIX դդ., պետական ցուցիչ՝ 3.99.3.1), «Հավուց Թառ» (XI-XVIII դդ., պետական ցուցիչ՝ 3.99.4.3) գյուղատեղիների, Սյունիքի մարզի Ալվանք գյուղի Կուսանաց Անապատ վանական համալիրի (XVII-XVIII դդ., պետական ցուցիչ՝ 8.9.16), Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սբ. Աստվածածին եկեղեցու (պետական ցուցիչ՝ 10.2.2), «Տավուշ» ամրոցի (պետական ցուցիչ՝ 10.2.8.3), Ենոքավան գյուղի «ՕԿՈՆ» ամրոցի ( Ք.ա. II-I հազ., պետական ցուցիչ՝ 10.28.6) և այլ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը։

Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Լուսանկարում՝ Նորքի փողոց, 86 հասցեի բնակելի տունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter