Անժամկետ նստացույց՝ երկու շաբաթ հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի համար (լուսանկարներ)
Գեղամ Օհանյանը Նախագահի նստավայրի դիմաց անժամկետ նստացույց է սկսել Արթուր Օսիպյանի համար, որը 14-րդ օրն է՝ հացադուլի մեջ է։
Արթուր Օսիպյանը ձերբակալվել է 2026թ․ մայիսի 18-ին՝ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո, երբ քարոզարշավի ժամանակ մոտեցել էր վարչապետին և քննադատել նրան։
Գեղամը բաց նամակ հանձնեց նախագահին, որպեսզի նա միջնորդություն ներկայացնի Գլխավոր դատախազություն՝ Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխելու ու նրա տեղաշարժի ու խոսքի ազատությունը ապահովելու համար։
«Եթե հանցակազմ կա նրա գործողություններում, կամ ինչ-որ գործ է քննվում, որին մենք անգամ գուցե ծանոթ չենք, ապա կարող են դա անել չհեռանալու մասին ստորագրությամբ»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց Օհանյանը։
Նամակի բովանդակությունը կհրապարակվի և կընթերցվի երեկոյան՝ 19։00, Բաղրամյան 26 հասցեում, ուր Գեղամ Օհանյանը հրավիրում է մտահոգ քաղաքացիներին՝ իրենց ներկայությամբ աջակցելու արդեն երկու շաբաթ հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանին։
Գեղամ Օհանյանը մասնագիտությամբ ինժեներ է, աշխատում է որպես լեռնային զբոսավար, լեռնագնաց է։ Արթուր Օսիպյանին անձամբ չի ճանաչում, իր ակցիան քաղաքական բնույթ չի կրում, ներկայանում է որպես ՀՀ շարքային քաղաքացի ու այս կերպ փորձում է վերականգել մեկ այլ քաղաքացու խախտված սահմանադրական իրավունքը։
«Քաղաքացուն կալանավորել են խոսք արտահայտելու համար։ Ուստի նստացույցը անցկացնում եմ ՀՀ նախագահի նստավայրի մոտ՝ որպես Սահմանադրության պահպանմանը հետևող թիվ մեկ պաշտոնյայի»,- հայտարարում է Գեղամ Օհանյանը։
Ըստ Ա․ Օսիպյանի փաստաբանի՝ վերջինս հացադուլ սկսել է վարչապետի կողմից նրա արժանապատվությունը նվաստացնելու հետևանքով և կդադարեցնի, եթե վարչապետը հրապարակային ներողություն խնդրի։ Դրան ի պատասխան՝ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Օսիպյանն ինքը պետք է ներողություն խնդրի։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել