Ռուսաստանն արգելել է 20 հազար ՀՀ քաղաքացու մուտքը. ինչո՞ւ են նվազել միգրացիոն հոսքերը ՀՀ-ից դեպի ՌԴ
Բերդավանի գեղագիտական կենտրոնի դիմացի մայթին զրուցում էին տեղի բնակիչներ Գեւորգ Բայրամյանն ու Ժորա Թանդիլյանը: Կեսօրվա արեւին գյուղի կենտրոնում շարժը քիչ է: Խանութներից մեկը նոր ապրանք էր ստանում, մյուս խանութի ներսում էլ ընդմիջման ժամ էր. սուրճի բաժակների կողքին տորթի երկու կտոր էր դրված:
Ծաղկի խանութում ծաղիկները դրսում չեն ցուցադրում, քանի որ այդպես ավելի շուտ կթառամեն:
Նոյեմբերյան խոշորացված համայնքի սահմանամերձ Բերդավան գյուղն ապրում է իր սովորական օրով:
Գեւորգ Բայրամյանը 66 տարեկան է, ծնվել, մեծացել է Բերդավանում: 1992 թվականից մեկնում էր Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Սակայն արդեն երկու տարի գյուղում է մնում: Ասում է՝ Բերդավանում սահմանային ամրաշինական աշխատանքներին է մասնակցում, իսկ աշխատելու համար ՌԴ չի վերադառնա, քանի որ արդեն տարիքն այն չէ:
Վերջին 10 տարիներին արտագնա աշխատանքի նպատակով Բերդավանից Ռուսաստան մեկնողները շատ էին: Բայց հիմա գնացողները քիչ են: Գեւորգ Բայրամյանը դա պայմանավորում է տեղում աշխատանք գտնելու հանգամանքով: ՌԴ-ի սահմանային խստացումների մասին ասում է. «Եթե մարդը կնգանը դուրս ա անում, ինչ-որ տեղ նեղվում էլ ա։ Հիմա բաժանք ա գնում, հիմի եթե դա կատարվի, երկու կողմերն էլ կնեղվեն։ Բայց հարցն էն ա՝ եթե ուզում ենք պետություն ունենանք, պետք է մի քիչ էլ ինքնուրույնություն ունենանք։ Կրթված մարդիկ եք, գիտեք»:
Բերդավանի բնակիչը նշում է, որ «խաղաղությունը եկել է, եւ եթե ժողովուրդը մի քիչ գնահատի, կպահի, եթե ուրիշի քմահաճույքին չգնա, թող պակաս լինենք, ոչինչ»:
Ժորա Թանդիլյանը եւս, ինչպես շատ բերդավանցիներ, ժամանակին գնում էր Ռուսաստան աշխատելու: Սակայն 10 տարի է՝ չի մեկնում արտագնա աշխատանքի: Հիմա աշխատում է գյուղի դպրոցի կաթսայատանը:
Ռուսաստան չգնալու նրա պատճառը ընտանեկան էր՝ երեխաները մեծացել էին, աշխատանքի տեղավորվել, ընտանիքի հոգսն էլ՝ փոքր-ինչ թեթեւացել: Բացի դրանից, ասում է, ինքը մեծացավ: Հիմա թոշակառու է՝ 66 տարեկան:
Տավուշի մարզի Իջեւան խոշորացված համայնքի Աչաջուր գյուղում էլ բնակիչները նշում են, որ հիմա ավելի քիչ են մեկնում արտագնա աշխատանքի: Պատմում են, որ մոտ 10 տարի առաջ գյուղի մեծ մասը աշխատանք էր գտնում ՌԴ-ում:
33-ամյա Նիկոլայ Մնացականյանը 2011 թ.-ից գնում էր Ռուսաստան՝ շենքեր էին կառուցում: 2018 թ.-ից հետո մի տարի է գնացել, քանի որ լավ աշխատանքային առաջարկ ուներ: Վերջին 2 տարիներին աշխատում է Երեւանում՝ կրկին շինարարության վրա:
«Միանշանակ էստեղ լավ ա, հիմա տան դռանն եմ աշխատում: Երկու երեխա ունեմ՝ տղա եւ աղջիկ: Մի պատճառն էլ դա ա, որ չեմ գնում, երեխաներիս համար եմ մնում»,- ասում է Նիկոլայը:
Գյուղում, ըստ նրա, շինարարական աշխատանք կա, եւ մարդիկ աշխատանքով ապահովված են:
Համագյուղացիներից Գրիգոր Ցուցուլյանն այլ կարծիք ունի՝ շինաշխատանքը սեզոնային է, կարճաժամկետ, երբ ավարտվի, ինչո՞վ են զբաղվելու բնակիչները: Նա 1970-ականներին Իջեւանից է տեղափոխվել Աչաջուր: Գյուղատնտես էր, աշխատում էր սովխոզում, ծխախոտ ու հացահատիկ էին աճեցնում:
76-ամյա աչաջուրցին ասում է, որ լավ կլինի գյուղում աշխատատեղեր ստեղծեն: Գյուղից Իջեւան մեքենայով տանում են կարի արտադրամասում աշխատելու: Հարցնում է՝ իսկ, օրինակ, հնարավոր չէ՞ր այդ արտադրամասը հենց գյուղում գործեր:
«Շենքեր են կառուցում, չգիտեմ, շենքն էլ սարքեցին, պրծավ, հո 100 տարի չե՞ն սարքելու»,- նկատում է Գրիգոր Ցուցուլյանը:
Ասում է՝ ուշադիր հետեւում է թե՛ հայկական, թե՛ ռուսական լուրերին: Տեղեկացել է ՌԴ-ի միգրացիոն խստացումների մասին: «Ռուսների հետ հարաբերությունները վատացել են, դա էլ է վատ անդրադառնալու մեր երկրի վրա: Գազն էլ է թանկանալու, խոպանիստներին էլ են քշելու: Երեւի վարչապետն ուրիշ ծրագիր չունի, նա դիվանագետ չի»,- ասում է 76-ամյա աչաջուրցին:
Պատմում է՝ ինչքան էլ դժվարություններ են եղել, չի ցանկացել Աչաջրից դուրս գալ: «Երբ մարդ հայրենիքից երկար կտրվում ա, դեֆորմացվում ա»,- եզրափակում է նա:
«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն ծրագիր է իրականացնում ակտիվ միգրացիոն հոսքեր ունեցող 5 մարզերում՝ Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում եւ Արագածտոնում:
ՀԿ-ի միգրացիոն հարցերի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը նշում է՝ ՀՀ մարզերում հանդիպումների արդյունքում պարզել են, որ դպրոցների, մանկապարտեզների շինարարության առկայության պայմաններում մարդիկ գերադասում են մնալ եւ աշխատել տեղում, բայց դժվար է ասել, թե ինչ կլինի շինաշխատանքների ավարտից հետո՝ մարդիկ կշարունակե՞ն մնալ տեղում ու այլ գործի անցնել, թե՞ կրկին կմեկնեն ՌԴ:
Բացի շինարարության գործոնից՝ դեպի Ռուսաստան աշխատանքային միգրացիայի հոսքի նվազման վրա ազդել են այդ երկրի միգրացիոն օրենսդրության խստացումները: Միգրացիոն հոսքի վրա կարող է ազդել նաեւ հայ-ռուսական քաղաքական իրավիճակը:
«Հետքի» զրուցակիցը նշում է, որ քաղաքական ազդեցությունը պայմանավորված է նրանով, թե որ ուժը կլինի ՀՀ հաջորդ իշխանությունը: «Բացի աշխատանքից՝ մեր հիմնական միգրացիոն պատճառաբանությունն անվտանգայինն է: Երբ մարդիկ իրենց ապագան վտանգված են տեսնում, այսինքն՝ պատերազմի վտանգ, անվտանգային այլ հարցեր, այդ ժամանակ ակտիվանում են Հայաստանից մեկնող միգրացիոն հոսքերը»,- նկատում է Բեժանյանը:
Միգրացիոն հոսքերի նվազում եղել է նաեւ 2015 թ. սկզբին: Փորձագետը նշում է, որ այն ժամանակ դա պայմանավորված էր ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացմամբ. 2014-ի վերջին մարդիկ արտագնա աշխատանքից վերադարձել էին, իսկ 2015-ի հունվարին հայտնաբերել, որ մուտքի արգելք ունեն եւ չեն կարող մեկնել Ռուսաստան՝ այնտեղ գտնվելու առավելագույն ժամկետը խախտելու պատճառով: Ըստ Տ. Բեժանյանի՝ 2015-ին ավելի քան 40 հազար մարդ մուտքի արգելք ուներ 3-10 տարի ժամկետով:
«Մոտ 2-3 տարի մարդիկ դիմում էին մեզ: Այդ ժամանակ մեր Միգրացիոն ծառայությունը փորձում էր աշխատել ՌԴ միգրացիոն ծառայության հետ, թղթերը ներկայացնում էին, եթե հնարավոր էր չեղարկել մուտքի արգելքը: Եղել են դեպքեր, երբ անհատական գործի քննության արդյունքում չեղարկվել է մուտքի արգելքը: Բայց հիմա ծավալներն ավելի մեծ են, խիստ, ու բացի մուտքի արգելքից՝ արտաքսումներն են շատ, վերահսկվող անձանց ռեեստրում հայտնվելն է շատ, եւ այդ խստացումներով պայմանավորված՝ մարդիկ հաճախ որոշում են կայացնում, որ չեն ցանկանում մեկնել»,- մեկնաբանում է միգրացիոն հարցերի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը:
Նրա փոխանցմամբ՝ այս տարվա ապրիլի 30-ի դրությամբ 20 հազար ՀՀ քաղաքացի մուտքի արգելք ունի դեպի Ռուսաստան:
Տես նաեւ՝
- Ռուսաստանը շարունակում է խստացնել պայմանները օտարերկրացիների, հատկապես՝ աշխատանքային միգրանտների համար
- Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունը օտարերկրացիների նկատմամբ ավելի է խստանում. ստուգումներ, տեղաշարժի վերահսկում, քննություն
Հոդվածը պատրաստվել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի միգրանտների աջակցության» ծրագրով իրականացված մեդիատուրի շրջանակներում
Բերդավանի եւ Աչաջրի լուսանկարները՝ հեղինակի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել