Գործազուրկ Ալավերդին՝ նախընտրական խոստումների միջեւ
Գործազրկության բարձր մակարդակ ունեցող Ալավերդի խոշորացված համայնքում քաղաքացիներից շատերը հունիսի 7-ին քվեարկության են գնալու այն ակնկալիքով, որ իրենց բնակավայրերում աշխատատեղեր բացվեն։ Նույնիսկ տարեցները, որոնց համար պետությունն ընտրություններից առաջ կենսաթոշակ է բարձրացրել և առողջության ապահովագրության համակարգ ներդրել, երիտասարդների գործազրկության մասին են մտածում։
«Էդ ամենը կարող էին շուտ անել, ինչո՞ւ են հիմա անում։ Շատ լավ ա, որ բժշկությունն անվճար ա, կենսաթոշակ են բարձրացնում, բայց կուզեմ, որ ժողովուրդը ճիշտ ուղով գնա, ընտրի արժանավորին։ Ա՛յ, գործարանն աշխատում էր, ինչքան լավ էինք ապրում։ Ուզում եմ՝ աշխատատեղ ըլի, որ մեր էս խեղճ ժողովուրդը կարողանան ինչ-որ մի բանից օգտվեն» - ասում է Ալավերդու բնակիչ Ջեմմա Շախկյանը։
Ախթալայում ապրող Անուշ Կամինովան մեկ բառով ներկայացնում է իրենց քաղաքի վիճակը՝ ահավոր, ապա թվարկում խնդիրները․ «Հիվանդանոցը փակեցին, կարի ֆաբրիկան փակեցին, աշխատատեղեր չունենք, երիտասարդությունը գնում ա, որովհետև տեղում աշխատանք չկա, մեկն էլ իմ տղեն էր, գնաց արտերկիր, չեմ էլ ուզում հիշեմ։ Վերևներից պըտի ըլի փոփոխությունը, մեզանով ոչ մի բան չի լինի, հա, մենք ընտրում ենք, բայց չգիտենք՝ ոնց կլինի։ Շատ բաներ են խոստանում մարդիկ, բայց չի էլ կատարվում»։
Մայիսի 26-ին Ախթալայում «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակն ու քարոզարշավը գլխավորող Նարեկ Կարապետյանն էր բացատրում հրապարակ եկած քաղաքացիներին, թե իշխանության գալուց հետո ինչպես են մեղմելու գործազրկության խնդիրն այս տարածաշրջանում։
Կարապետյաններն առաջարկում են ժամանակակից ձուլարաններ կառուցել, որպեսզի պղինձը վերամշակվի Հայաստանում, ու բնակչությունն ապրի դրա հաշվին։
«Ախթալայի հողի տակ կա միլիարդավոր դոլարների հարստություն, որն արտահանվում է, չի օգտագործվում Հայաստանում։ Այսօր Հայաստանի հանքարդյունաբերության մեջ էս համայնքը չունի օգուտ, քանի որ ամբողջը գնում է պետական բյուջե։ Հողի տակ մենք ունենք ամենահարուստ պաշարներով տարածաշրջանը, հողի վրա մարդիկ դրա արդյունքը չեն տեսնում։ Հարկերը, որ վճարվում են արդյունաբերության կողմից, պետք ա հետ գան համայնք, որպեսզի համայնքը կարողանա միջոցներ հատկացնել զարգացմանը»,- պարզաբանեց Կարապետյանը։
Ծնելիության ցածր և արտագնա աշխատանքի մեկնողների բարձր ցուցանիշ, փակ դռներ, խեղճություն․ այս բնորոշումները Նարեկ Կարապետյանինն են՝ Լոռու մարզի մասին։ Եվ սա, ըստ նրա, հնարավոր է հաղթահարել միայն աշխատատեղեր ստեղծելով։ Իսկ աշխատատեղեր պիտի ստեղծեն ոչ թե անհատները, այլ՝ պետությունը։
«Մեզ պետք է՝ պետությունն ակտիվ զբաղվի աշխատատեղեր ստեղծելով, պետության ղեկավարը պետք է չզբաղվի ԱԺ-ում սաղ օրը սրա-նրա հետ կռվելով, գնա դուրս՝ կանանց հետ կռվի, մտնի մետրո՝ էրեխու ու կնոջ հետ կռվի, պետության ղեկավարը գիշեր-ցերեկ պետք ա աշխատատեղ ապահովի։ Երկրի գլխավոր խնդիրն ինչ-որ գոծիչներին անվանարկելը չէ, ամեն օր ինչ-որ մեկին բռնելը չէ, երկրի գլխավոր խնդիրը մարդկանց գործի տեղավորելն է։ Լոռվա մարզը խոցելի է, որովհետև պետությունն այսքան ժամանակ լավ քաղաքականություն չի իրականացրել այստեղ», - նշեց կրտսեր Կարապետյանը։
«Տաշիր» ընկերության սեփականատեր, միլիարդատեր Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստանը» խոստանում է կիսով չափ կրճատել Հայաստանի գործազուրկ քաղաքացիների թիվը՝ 600 հազարից դարձնելով 300 հազար։ Հինգ տարվա ընթացքում տարեկան 60 հազար նոր աշխատատեղ են բացելու։
«Հետքի» հարցին, թե որքանով են իրատեսական այս և խոստացած մյուս փոփոխությունները (անվճար կրթահամակարգ, նպաստ՝ զինվորների ընտանիքներին, 300 հազար աշխատատեղ և այլն), Կարապետյանը պարզաբանեց՝ ներմուծումը պիտի փոխարինեն Հայաստանի բոլոր շրջաններում արտադրություններ հիմնելով։
«Մեր երկիրը նստած է ներմուծման ասեղի վրա, ինչը երկու բանի է վնաս․ գումարները մեր երկրից գնում են, հարկեր չեն հավաքվում, աշխատատեղեր չեն ստեղծվում, ստեղծվում է, օրինակ, հարևան Թուրքիայում, որովհետև այնտեղի ապրանքն ենք առնում։ Եվս մեկ շատ կարևոր բան՝ ներմուծման դեպքում մեր տեղական դրամը թուլանում է, քանի որ դոլար ենք առնում, արտահանում ենք»։
Մինչև Ալավերդու ընտրողների հետ հանդիպումը «Ուժեղ Հայաստանը» քայլերթ արեց Թումանյան փողոցի բանուկ հատվածում և բուկլետներ բաժանեց անցորդներին, կայանած մեքենաների և տաքսու վարորդներին։
Ալավերդիում էլ նախընտրական զրույցի թեման աշխատատեղերի ստեղծումն էր, արդեն ութ տարի չգործող պղնձաձուլարանը, ճոպանուղին։
«Ի՞նչը պիտի ստիպի ալավերդցուն գնալ, քվեարկել նույն մարդկանց օգտին, ովքեր տասնամյակներ, հարյուրամյակներ գործող ձուլարանը փակեցին, ովքեր սահմանը մոտեցրեցին Լոռուն, ովքեր ընտրված ղեկավարներին սպեցնազով գալիս, մտնում, հանում էին, ի՞նչը պիտի ստիպի ընտրել էս մարդուն, երկու հատ բորդյուրն ու բրուշատկե՞ն»,- հարցնում է Նարեկ Կարապետյանը՝ հիշատակելով 2023-ի դեկտեմբերի 5-ի իրադարձություններն Ալավերդիում, երբ ՔՊ-ն կարմիր բերետավորների աջակցությամբ պաշտոնանկ արեց Ալավերդու համայնքապետին։
Իսկ գործարանը ավելի վաղ՝ 2018-ի հոկտեմբերին փակվեց, երբ բնապահպանական տեսչական մարմինը արտանետումների սահմանաչափը 6-7 անգամ գերազանցելու համար «Էյ Սի Փի» ընկերությանը տուգանեց 380 մլն դրամով։ Ավելի քան 500 մարդ գործազուրկ դարձավ։
Ի դեպ, Ալավերդու նախկին պաշտոնանկ համայնքապետ Արկադի Թամազյանը, որ 2022-ին «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակով էր համայնքապետ ընտրվել, հիմա «Ուժեղ Հայաստանի» ընտրական ցուցակի 32-րդ համարի թեկնածուն է։
Եթե Ալավերդին ընտրի փոփոխոթյան ճանապարհը, ապա 3-4 տարի անց այստեղ գործարան է բացվելու․ քաղաքն ունի ինժեներական մեծ պոտենցիալ, հարյուրամյակներ շարունակ աշխատավոր մարդկանց քաղաք է եղել։ Հակառակ դեպքում, չունենալով տնտեսական միավոր, այն կդառնա Աշոցքի, Ամասիայի նման լքվող տարածաշրջան. Նարեկ Կարապետյանի կանխատեսումներն են։
Թե՛ Ախաթալայում և թե՛ Ալավերդիում Կարապետյանը խոսեց նաև խաղաղության պայմանագրից։ «Ուժեղ Հայաստանը» ուժեղ խաղաղություն է խոստանում՝ Իրանի և մյուս դաշնակիցների երաշխավորությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած խաղաղությունն, ըստ Կարապետյանի, առանց դրա է լինելու, այսինքն՝ թույլ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել