HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մոսկվիչ», ոսկի և գործազրկություն.  «Քոչարի»-ի նախընտրական ցուցակի թեկնածուների գույքային պատկերը

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության ընտրական ցուցակի 81 պատգամավորի թեկնածուների կեսից ավելին՝ 53 հոգի, դրամական միջոց չի հայտարարագրել: 25-ն ընդհանրապես եկամուտ չի ունեցել, իսկ 37-ը գործազուրկ է: Թեկնածուներից մեկը հայտարարագիր չի ներկայացրել: 

«Հետք»-ը ուսումնասիրել է «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության 81 թեկնածուների գույքի ու եկամուտների հայտարարագրերը, որոնք ներկայացվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հատկապես ուշադրություն ենք դարձրել ցուցակի առաջին 5 հոգուն և նրանց, որոնք մեծ գումարներ կամ ունեցվածք են հայտարարագրել, կամ հայտարարագրում հետաքրքիր տվյալ է եղել։

Կուսակցության ցուցակում առաջին համարը Արտակ Սարգսյանն է և համարվում է կուսակցության վարչապետի թեկնածուն։ Նա հայտարարագրել է 0.75 հա մակերեսով մեկ հողամաս։ Շարժական գույք չի հայտարարագրել:

Թեկնածուն «Սարգսյան Ֆիշ» ՍՊԸ-ից ստացել է 1 մլն 500 հազ. դրամ աշխատավարձ, իսկ Քուվեյթում գտնվող «Արթուր Բռադեռզ լեգասի Քուվեյթ» ընկերությունից 6000 Քուվեյթի դինար` մոտ 7.1 մլն դրամ։

Ցուցակի 2-րդ համարը «Հայաստանի քաղաքագետների ասոցիացիա» ՀԿ նախագահ Հմայակ Հովհաննիսյանն է: Հայտարարագրել է 78 քմ բնակարան, 455 քմ գրասենյակային տարածք:

Թեկնածուի եկամուտը կազմել է 1 մլն 180 հազ. դրամ, որը գոյացել է թոշակից և վարձավճարից: Նա հայտարարագրել է նաև 10 հազ. ԱՄՆ դոլար և 1000 եվրո:

Կուսակցության ցուցակի 3-րդ համար Լիլիթ Կուջոյանը 2026թ. մայիսի 19-ին ինքնաբացարկի դիմում է ներկայացրել և դուրս եկել ընտրապայքարից:

ԵՊՀ կրոնագիտության ամբիոնի աշխատակից Վարդան Խաչատրյանը ընտրացուցակի 4-րդ համարն է (ինքնաբացարկ հայտնած թեկնածուի պարագայում՝ 3-րդը): Հայտարարագրել է երկու բնակարան՝ 65 և 80 քմ: Ունի 2002թ. արտադրության «Ֆոլկսվագեն պասատ» մակնիշի ավտոմեքենա:

Թեկնածուի եկամուտը կազմել է 360 հազ. դրամ՝ 200 հազ. դրամ աշխատավարձ և 160 հազ. դրամ թոշակ:

Ցուցակում հաջորդը գործազուրկ Արման Սարգսյանն է՝ կուսակցության առաջնորդ Արտակ Սարգսյանի եղբայրը: Նա դրամական միջոցներ և եկամուտ չի հայտարարագրել:

Ունի 56 քմ մակերեսով բնակարան և 2006թ. արտադրության «BMW X3» մակնիշի ավտոմեքենա:

Ընտրացուցակում 5-րդը (3-րդ համարի ինքնաբացարկից հետո) «Մերոնց տուն» ՍՊԸ-ի փոխտնօրեն Անգին Ղուկասյանն է: Համասեփականության իրավունքով ունի 250 քմ բնակելի տուն, իսկ եկամուտը գոյացել է ՍՊԸ-ից ստացած աշխատավարձից՝ 104 հազ. դրամ:

Մուշեղ Տերյանը ցուցակում 9-րդն է, «Այլօր» ՍՊԸ-ի տնօրենն է և սեփականատերը: Թեկնածուն տուն չունի: Ունեցած միակ անշարժ գույքը, ըստ հայտարարագրի, 7,5 քմ մակերեսով տաղավարն է:  Ունի 2004թ. արտադրության «Նիսսան տեռանո 2» մակնիշի ավտոմեքենա:

2025թ. ապրիլի 1-ից մինչև 2026թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում թեկնածուի եկամուտները կազմել են 7 մլն 150 հազ. դրամ, որը գոյացել է «Այլօր» ՍՊԸ-ից ստացած շահաբաժնից, աշխատավարձից և վարձավճարից:

Մուշեղ Տերյանը հայտարարագրել է 12 մլն դրամ, 20 հազ. ԱՄՆ դոլար և 8000 եվրո:

Արմեն Երիցյանը ցուցակում 30-րդ համարն է: Հայտարարագրել է 2 բնակարան և 400 և 1100 քմ մակերեսներով 2 հողատարածք Աբովյան քաղաքում, 580 քմ առանձնատուն Նուռնուս գյուղում:

Թեկնածուն հայտարարագրել է նաև 1988 և 1989 թվականների արտադրության բեռնախցիկով «Մոսկվիչ» մակնիշի 2 ավտոմեքենա: 

Եկամուտը կազմել է 82 000 դրամ: Դրամական միջոց չի հայտարարագրել:

Անհատ ձեռնարկատեր Դավիթ Ֆիդանյանը կուսակցության ցուցակի 33-րդ համարն է: Նա, որպես եկամուտ, հայտարարագրել է 200 դրամ, սակայն ունի 3 մլն դրամ:

Թեկնածուն անշարժ գույք չունի: Հայտարարագրել է 2007թ. արտադրության «Կադիլակ» մակնիշի ավտոմեքենա:

Լուսինե Հովհաննիսյանը «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության ցուցակի 53-րդ համարն է: Հայտարարագրել է 2 բնակարան՝ 40 և 75 քմ մակերեսներով: Ունի 2004թ. արտադրության «Մերսեդես-Բենց C240» մակնիշի ավտոմեքենա:

Թեկնածուն «Գլոբ Էքսպլորերս» ՍՊԸ-ի տնօրենի տեղակալն է: Տարվա եկամուտը եղել է ՍՊԸ-ից ստացված աշխատավարձը, որն, ըստ հայտարարագրի, կազմել է 104 000 դրամ: Սակայն դրամական միջոցներն ավելի շատ են: Թեկնածուն ունեցել է 13 մլն 650 հազ. դրամ, 23 հազ. 500 ԱՄՆ դոլար, 17 հազ. եվրո և 1 մլն 500 հազ. ռուսական ռուբլի:

Խոշոր չափի դրամական միջոցներ է հայտարարագրել նաև գործազուրկ Գևորգ Միքայելյանը: Նա ցուցակի 54-րդ համարն է: Չունի եկամուտ, անշարժ գույք: Հայտարարագրել է 83 քմ մակերեսով բնակարան: Սակայն, 2026թ. ապրիլի 1-ի դրությամբ ունեցել է 4 մլն 500 հազ․ դրամ, 20 հազ. ԱՄՆ դոլար, 15 հազ. եվրո և 2 մլն ռուսական ռուբլի:

Գրեթե նույնն է նաև 75-րդ համարի թեկնածու՝ գործազուրկ և թոշակառու Նանուլի Վարդերեսյանի դեպքում: Եկամուտը, ըստ հայտարարագրի, կազմել է 53 000 դրամ, որը կենսաթոշակն է, սակայն ունի 1 մլն դրամ, 60 հազ. ԱՄՆ դոլար և 6000 եվրո:

Թեկնածուն ունի 30 քմ բնակարան, ինչպես նաև 2019թ. արտադրության «Mersedes GLC» մակնիշի ավտոմեքենա:

Ցուցակում միակ թեկնածուն, որը թանկարժեք գույք է հայտարարագրել, 80-րդ համարում հայտնված Հովհաննես Նաղդալյանն է՝ ունի 8 մլն դրամ արժողությամբ ոսկի:

Ցուցակի 71-րդ համար Սարգիս Վահրամյանը հայտարարագիր չի ներկայացրել:

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք»-ի ցուցակի կազմը՝ ըստ սեռի, տարիքային խմբերի և ֆինանսական վիճակի 

Կուսակցության թեկնածուներից միայն 2-ն ունեն մինչև 1 մլն դրամ, 15-ը՝ 1-5 մլն դրամ, 3 հոգի հայտարարագրել է 5-10 մլն, իսկ 7 հոգի՝ 10 և ավելի միլիոն դրամ: Դրամական միջոց չի ունեցել 53 թեկնածու:

Ըստ դրամական միջոցների, Քոչարի.jpg (168 KB)

Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա մինչև 1 մլն դրամ եկամուտ է հայտարարագրել 49 թեկնածու, 1-5 մլն դրամ՝ 4 թեկնածու և 5-10 մլն դրամ՝ 2-ը: 10 և ավելի միլիոն դրամի եկամուտ որևէ թեկնածու չի հայտարարագրել, իսկ 25-ը ընդհանրապես եկամուտ չի հայտարարագրել:

Ըստ եկամուտների, Քոչարի.jpg (219 KB)

Եկամուտների հանրագումարով թեկնածուներից «թոփ 5-ի» մեջ կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Արտակ Սարգսյանն առաջինն է՝ 8 մլն 600 հազար դրամով: 5-րդ տեղում Ռուզաննա Մանուկյանն է, որը նաև խոշոր դրամական միջոցներ ունի:

Դրամական միջոցների հանրագումարով առաջին 5 թեկնածուներից 3-ը՝ Գևորգ Միքաելյանը, Նանուլի Վարդերեսյանը և Ռուզաննա Մանուկյանը չեն աշխատում:

Ռ. Մանուկյանի եկամուտը կազմել է 72000 ԱՄՆ դոլար, որը ստացել է նվիրատվությունից, իսկ դրամական միջոցները կազմել են 2 մլն դրամ և 35 հազ. ԱՄՆ դոլար:

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության ընտրացուցակի մեծ մասը արական սեռի ներկայացուցիչներ են՝ 52 տղամարդ, 29-ը՝ կին:

Թեկնածուների կեսից ավելին՝ 61 հոգին, 45 և բարձր տարիքի են, 12-ը՝ 25-34 տարեկան, իսկ 8-ը՝ 35-44 տարեկան:

Պատգամավորի 81 թեկնածուներից 59-ը «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության անդամ են, 22-ը՝ անկուսակցական:

Սեռատարիքային կազմը, Քոչարի.jpg (260 KB)

Նրանցից 37-ը գործազուրկ է, 43-ն աշխատանք ունի, իսկ մեկ թեկնածուի վերաբերյալ տեղեկություն չկա, քանի որ հայտարարագիր չի ներկայացրել:

Ըստ աշխատանքային կարգավիճակի, Քոչարի.jpg (471 KB)

«Հետքը» առաջիկայում կներկայացնի մյուս ուժերի նախընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների հայտարարագրերից հետաքրքիր մանրամասներ։

Տե՛ս նաև.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter