HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կանգնած ենք պատմական առաքելության իրագործման առաջ». Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը Հանրապետության օրվա առթիվ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև. 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ:

1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը: Հայ ժողովուրդը, ապրելով իր պատմության ամենածանր ժամանակաշրջաններից մեկը, կարողացավ համախմբվել պետություն ունենալու վեհ գաղափարի շուրջ, հավատալ իր ուժին ու ոտքի կանգնել՝ կերտելով անկախ հանրապետություն: Չնայած Հայաստանի առաջին հանրապետությունն ընդամենը երկուսուկես տարվա կյանք ունեցավ, բայց այն շրջադարձային էր մեր ազգային մտածողության տեսանկյունից, քանի որ դարերով պետականազուրկ եղած ազգից կրկին վերածվեցինք պետականակերտ ժողովրդի:

Սիրելի՛ հայրենակիցներ, այժմ մենք կանգնած ենք պատմական առաքելության իրագործման առաջ:

Մենք սկսել ու շարունակում ենք կառուցել այնպիսի պետություն, որտեղ կենացային խաղաղությունը վերածվել է իրական ու տեսանելի խաղաղության:

Պետություն, որին տրվող ինքնիշխան, ազատ ու անկախ ձեւակերպումներն այլեւս միայն սահմանադրական ամրագրումներ չեն:

Պետություն, որտեղ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ թե միայն կոչեր են, այլ հստակ որդեգրված քաղաքականության ուղենիշներ, երբ քաղաքացին իր անմիջական մասնակցությունը կարող է ունենալ պետության զարգացման ու կայացման գործում:

Եվ, իհարկե, պետություն, որը ձեռք է բերել միջազգային հեղինակություն՝ վայելելով տարբեր երկրների առաջնորդների եւ միջազգային գործընկերների հարգանքն ու գնահատանքը:

Փառք նահատակներին եւ շնորհավոր Հանրապետության տոնը, ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter