HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժենյա Գևորգյան

Կանաչ խոստումներ. ի՞նչ տեղ ունի բնապահպանությունը քաղաքական ուժերի ծրագրերում 

2026թ. նոյեմբերին Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաշխարհային գագաթնաժողովը՝ COP-17-ը։ Երևան են ժամանելու հարյուրավոր երկրների ղեկավարներ, հազարավոր միջազգային պատվիրակներ, բնապահպաններ՝ Հայաստանում քննարկելու մոլորակի էկոլոգիական ապագան։ Մինչ պաշտոնական Երևանը փորձում է աշխարհին ցույց տալ իր հետաքրքրվածությունը բնապահպանական գլոբալ խնդիրներով, զուգահեռ իրականությունում խորհրդարան շտապող ուժերի նախընտրական ծրագրերում բնության պահպանությունը վերջին տեղում է։ Խոստումներ ու էլի խոստումներ, որ հնչում են բոլոր ընտրություններին։ Ի՞նչ են այս անգամ խոստանում քաղաքական ուժերը Հայաստանի բնապահպանական խնդիրները լուծելու համար։  

18 քաղաքական ուժ է մասնակցում 2026-ի խորհրդարանական ընտրություններին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել է 10 քաղաքական ուժի նախընտրական ծրագիր, որոշ ուժեր էլ իրենց ծրագիրը կամ քաղաքական առաջնահերթությունները ներկայացրել են սեփական կայքում։ «Հանուն Հանրապետության», «Շնորհապետական», «Քոչարի ազգային վերածնունդ և ազգային զարթոնք» և «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունները նախընտրական ծրագիր չունեն։ 

Բնապահպանությունը ոչ բոլորին է հետաքրքրում ։ «Ռեֆորմիստների», «Ազգային ժողովրդավարական բևեռի», «Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցության», «Լուսավոր Հայաստանի» և «Բոլորին դեմ եմ»-ի ծրագրերում ընդհանրապես անդրադարձ չկա էկոլոգիային։

Ստորև հերթով ներկայացնենք մնացած քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի բնապահպանական դրույթները։ 

Ի՞նչ է առաջարկում «Քաղաքացիական պայմանագիր»-ը

ՔՊ-ն շատ լավ գիտի թվերի լեզուն. կուսակցության հիմնական առաջնահերթությունների առումով ծրագիրը շատ հստակ է՝ 300 դպրոցի ու 100 մանկապարտեզի կառուցում, ակադեմիական քաղաքի հիմնադրում, ուսուցիչների աշխատավարձի 300 հազար դրամ դրույքաչափ ու TRIPP նախագիծ։ Սակայն բնապահպանությանը նվիրված բաժինը շատ  անորոշ է։ Գործող իշխանության էկոլոգիական ծրագիրը կարդալիս դեժավյու ես ապրում։ 

Ծրագրում նշված է, որ բնության խնամքը պետք է լինի հանրային ուշադրության կենտրոնում։ ՔՊ-ն խոստանում է ներդնել կոշտ թափոնների կառավարման համակարգ, իսկ հանքարդյունաբերության ոլորտը համապատասխանեցնել միջազգային լավագույն փորձին։

Կոշտ թափոնների մասին հարցը տեղ էր գտել նրանց ծրագրում դեռ  2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ ՔՊ-ն «Իմ քայլը» դաշինքի կազմում էր, խոստացել էին մշակել աղբի կառավարման ռազմավարություն, ինչի արդյունքում  պետք է ստեղծվեին առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ թափոնների վերամշակման ծրագրեր: 

2021-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ էլ թափոնների հարցը չմոռացվեց։ ՔՊ-ն խոստացավ ստեղծել ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր թափոնների կառավարման համակարգ։ 

Ռադիոակտիվ թափոնների կառավարման մասին խոսվում էր դեռևս 2010 թվականից։ Այս թափոնների կառավարման ծրագիրը մշակելու համար դեռևս 2017-ին միջգերատեսչական խմբեր են ստեղծվել։ 2019 թվականին հաստատվել է այդ  թափոնների 2019-2026 թթ.-ի միջոցառումների ծրագիրն ու իրականացման ժամանակացույցը։ 

Ջրային ռեսուրսների մասին ՔՊ-ն հիշատակել է մի քանի նախադասությամբ՝ խոստանալով «առանձնակի ուշադրություն» դարձնել խմելու և ոռոգման ջրի կուտակմանը։ Ծրագրում կոչ է արվում լինել խնայող ու հոգատար, իսկ որպես հեռանկար՝ բացառել կեղտաջրերն առանց մաքրման բնություն բաց թողնելը։

Մինչ իշխանությունը սահմանափակվում է բարի ցանկություններով, իրական կյանքում պատկերը միանգամայն այլ է։ Երևանից օրական մոտ 400 հազար մ³ կեղտաջուր անարգել լցվում է շրջակա միջավայր և հետո օգտագործվում Արարատյան դաշտը ոռոգելու համար։ Դեռ 2015-2016 թվականներին կառուցվեց «Աէրացիա» մաքրման կայանը, որի վրա ծախսվեց 10,4 միլիոն եվրո, բայց այն արդեն ավելի քան 10 տարի է՝ պարզապես չի գործում։

Այս նույն հակասությունը կարմիր թելով անցնում է նաև ՔՊ-ի՝ 2026-2031 թվականների «100 քայլերի» ծրագրով։ Մի կողմից իշխանությունը մեծ հպարտությամբ խոսում է COP 17-ը հյուրընկալելու և օդի որակի մոնիթորինգի համակարգ ներդնելու մասին, մյուս կողմից՝ առերեսվում ենք ծրագրի տնտեսական բաժնին։

Իշխանությունը նախատեսում է արդյունաբերական թռիչք, որն ուղղակիորեն բազմապատկելու է էկոլոգիական ռիսկերը և խնդիրները։ ՔՊ-ն նպատակ ունի արդյունաբերական արտադրանքի ծավալները ներկայիս 3,3 տրիլիոն դրամից հասցնել 5 տրիլիոնի՝ ապահովելով 50 տոկոս աճ։ Ավելին՝ ծրագրվում է կառուցել ամբողջական «Արդյունաբերական քաղաք» և մարզերում ստեղծել ևս երկու արդյունաբերական գոտի։

Ամփոփելով՝ ՔՊ ծրագրում տնտեսական շահը հստակ է ձևակերպված, մինչդեռ էկոլոգիական հետևանքների մեղմմանն ուղղված քայլերը նկարագրված չեն, այստեղ իշխանությունը սահմանափակվում է միայն ընդհանրական խոստումներով։

Ի՞նչ է առաջարկում «Ուժեղ Հայաստան»-ը

«Ուժեղ Հայաստան»-ը մեծ տնտեսական նպատակներ է սահմանել, սակայն այդ վերելքի ճանապարհին մոռացել է շրջակա միջավայրի մասին։ Քաղաքական այս ուժի 73 էջանոց նախընտրական ծրագրում էկոլոգիական հիմնական խնդիրներն անտեսված են։ Ջրային պաշարներն այստեղ հիշատակվում են բացառապես գյուղատնտեսության ու էներգետիկայի զարգացման՝ տնտեսական համատեքստում, իսկ ծրագրի զգալի մասը նվիրված է նախկին իշխանությունների չկատարած խոստումների քննադատությանը։

Էկոհամակարգ բառը ծրագրում ընդամենը մեկ անգամ է հանդիպում, այն էլ՝ դեկորատիվ ձևակերպմամբ. «Ուժեղ Հայաստանը» խոստանում է խորացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները՝ շրջակա միջավայրից մինչև կրթություն։ Իսկ թե ինչպես է տնտեսական այդպիսի թռիչքն իրականացվելու առանց բնությունը վնասելու՝ այդպես էլ անպատասխան է մնում։

Ի՞նչ է առաջարկում «Հայաստան» դաշինքը

«Հայաստան» դաշինքի ծրագրում բնապահպանական խնդիրները վերջին պլանում են։ Դաշինքը խոստանում է, որ մայրաքաղաքը  կունենա մաքուր օդ, կկառուցվի նոր աղբավայր։ «Բնապահպանական ներդրումներ՝ պետական պարտքի դիմաց» և «Սևանի էկոhամակարգի պահպանություն». ահա եզակի նախադասությունները բնապահպանության մասին։

Ի՞նչ է առաջարկում  «Հայ ազգային կոնգրես»-ը 

ՀԱԿ-ը նախատեսում է վերացնել աղբավայրերը և կառուցել աղբի վերամշակման գործարաններ։

Խոստանում են փակել Երևանի օդն աղտոտող հանքերը, արգելել հանքարդյունաբերության հետագա ընդլայնումը, իսկ գործող տնտեսվարողների համար սահմանել էկոլոգիական խիստ չափանիշներ, ջրային ճգնաժամը լուծելու համար առաջարկում են ստեղծել առանձին նախարարություն:

Հատուկ անդրադարձ կա ջրային պաշարներին։

Կուսակցությունը մտադիր է կրճատել անձրևաջրերի կորուստը, արագացված տեմպերով ավարտել Եղվարդի ու Կապսի ջրամբարների շինարարությունը և ստորերկրյա ջրառի մակարդակը վայրկյանում 50 մ3-ից իջեցնել մինչև 30-ի:
ՀԱԿ-ն, այդուհանդերձ, առաջարկում է տնտեսական ու ռազմական այնպիսի խոշոր ծրագրեր, որոնք իրենց հերթին մեծ ազդեցություն են ունենալու շրջակա միջավայրի վրա։ Կուսակցությունը պատրաստվում է կառուցել նոր ատոմակայան, հիմնել զենքի ու զինամթերքի սեփական ռազմարդյունաբերական ձեռնարկություններ։ 

Ինչ է առաջարկում «Հանրապետություն» կուսակցությունը

«Հանրապետություն» կուսակցությունն առաջարկում է ջրային ռեսուրսների նախարարություն ստեղծել, կառուցել նոր ջրամբարներ։ Կուսակցությունը նպատակ ունի 2027 թվականից ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ սկսել մեծ մոդուլային ատոմակայանի շինարարություն և դրա համար ստեղծել Ատոմային էներգիայի նախարարություն։ 150,000 բնակչի համար նախատեսված նոր կորպորատիվ քաղաքի հիմնադրումն ու ռազմական արդյունաբերության կտրուկ ընդլայնումը ուղղակիորեն բազմապատկում են էկոլոգիական վնասների ռիսկերը: Դրանք ենթադրում են ռադիոակտիվ ու արդյունաբերական նոր թափոնների ահռելի ծավալներ: Թե ինչպես է կուսակցությունը պատրաստվում պաշտպանել շրջակա միջավայրը այս արդյունաբերական ընդլայնումից՝ ծրագրում որևէ խոսք կամ մեխանիզմ չկա։

Ի՞նչ է առաջարկում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը

Կուսակցության բնապահպանական խոստումները սահմանափակվում են Երևանի տարածքով։ Քաղաքական այս ուժն ուզում է նվազեցնել Երևանի օդի աղտոտվածությունը ու հիմնել թափոնների տեսակավորման ու կառավարման ժամանակակից գործարան։

ԲՀԿ-ի պատկերացումները էկոլոգիական հարցերի մասին ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են մարզերը։ Տնտեսական վերելքի հիմքում կուսակցությունը դնում է նոր, հզոր ատոմակայանի հիմնումն ու խոշոր արդյունաբերական համալիրների գործարկումը։ Թե ինչպես է կուսակցությունը պատրաստվում մարզերում ապահովել մաքուր շրջակա միջավայր և ինչ մեխանիզմներով է չեզոքացնելու արդյունաբերական այդ ծանր բեռը՝ ծրագրում արտացոլված չէ։ 

Ի՞նչ է առաջարկում «Միասնության թևեր» կուսակցությունը

Ըստ այս ուժի նախընտրական ծրագրի՝ մաքուր օդը, անվտանգ ջուրը, բնությունը ոչ թե շքեղություն են, այլ յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունք։ 

«Աղտոտողը վճարում է». այս սկզբունքն է որդեգրել կուսակցությունը։ Ըստ ծրագրի՝ հանքարդյունաբերության ոլորտում ներդրվելու են բնապահպանական խիստ ստանդարտներ և հանրային վերահսկողություն։ Կուսակցությունը խոստանում է մինչև 2030-ը զգալիորեն կրճատել աղբավայրերի ծավալը, ստեղծել թափոնների կառավարման համակարգ՝ աղբի տեսակավորումից մինչև վերամշակում։ 

Խոստանում են վերականգնել Հայաստանի անտառները։ 

Կուսակցության առաջնային նպատակն է՝ տնտեսական աճը չպետք է լինի «բնության հաշվին»։ 

Ի՞նչ է առաջարկում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը

Կուսակցությունը նախատեսում է Հայաստանի ընդերքի աստիճանական ազգայնացում։ Սա նրանց նախընտրական ծրագրի միակ դրույթն է բնապահպանության մասին։ 

Ի՞նչ է առաջարկում «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը

Կուսակցությունը խոստանում է ստեղծել էկոտուրիզմի կենտրոններ։ Եթե կուսակցությունն անցնի խորհրդարան, ոչ ոք իրավունք չի ունենա կործանել Վայոց ձորի սարերը, անտառները, ջրերը՝ հանուն շահույթի։ Անտառահատումների նկատմամբ լինելու է վերահսկողություն, Սևանը լինելու է պետական պաշտպանության հատուկ գոտի, կառուցվելու են նոր ջրամբարներ, հանքարդյունաբերությունը լինելու է բնապահպանական խիստ վերահսկողության ներքո։ Զուգահեռաբար, կուսակցությունը խոստանում է, այնուամենայնիվ, հանքերը  շահագործել, ուղղակի հանուն պետության,  Սյունիքում ստեղծել վերամշակող գործարաններ, պղնձի, մոլիբդենի և այլ մետաղների պատրաստի արտադրանք արտադրող համալիրներ, վերականգնել Լոռվա հզոր արդյունաբերությունը։ 

Բնապահպան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը, ով զբաղված է COP 17-ի նախապատրաստական աշխատանքներով, նշում է, որ գագաթնաժողովը բնապահպանների համար հնարավորություն է՝ լսելի դարձնելու իրենց առաջարկությունները,  քանի որ որոշում ընդունողները հիմա չեն կարող անտեսել բարձրացված հարցերը։  

Տիկին Զարաֆյանը նշում է, որ տարիների ընթացքում, ինչքան էլ քաղաքական ուժերն իրենց ծրագրերում գրեն բնապահպանության մասին, միևնույն է, իշխանության գալուց հետո առաջին տեղում բիզնես շահն է։ Հիմա բոլորի առաջնահերթությունն է աշխատատեղ ստեղծելը, արդյունաբերությունը հզորացնելը, բայց ինչի՞ հաշվին՝ ոչ մեկին հետաքրքիր չէ։  

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերը լավագույնս ցույց են տալիս, , թե ինչպես են նրանք պատկերացնում Հայաստանի բնապահպանական ապագան։ Պետությունը պատրաստվում է բարձրաստիճան հյուրերի դիմավորել, ցույց տալ իր սերն ու հոգատարությունը բնության հանդեպ,  սակայն նախընտրական ծրագրերը թերթելիս հասկանում ես, որ Հայաստանի քաղաքական էլիտան բնությունից լիովին կտրված է և, մեղմ ասած, անտարբեր շրջակա միջավայրի հանդեպ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter