HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատարանն անվավեր է ճանաչել Արցախի մշտական ներկայացուցչության շենքի նկատմամբ սեփականության իրավունքը

Վարչական դատարանը (դատավոր՝ Կարեն Զարիկյան) 2026թ. մայիսի 22-ին բավարարել է Գլխավոր դատախազի հայցը և վճռել անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ն. Զարյան 17Ա հասցեում գտնվող շենքի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության, ինչպես նաև հողամասի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքի գրանցումը։ Դատարանն անվավեր է ճանաչել նաև «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ ՓԲԸ-ի անվամբ հետագայում կատարված անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցումը։ Գլխավոր դատախազությունը Կադաստրի կոմիտեի դեմ հայցը ներկայացրել էր 2025թ. հուլիսի 15-ին: 

Հիշեցնենք՝ անշարժ գույքը, որի հետ կապված իրավունքները վիճարկում է Գլխավոր դատախազությունը, տարիներ շարունակ եղել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը։ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո փաստացի այն Արցախի պաշտոնյաների գործունեության և Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հետ կապ պահելու միակ տարածքն է։ Այն 1969թ. կառուցված երկհարկանի վարչական շենք է։

Դեռևս 2024թ. սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե Արցախի նորեկ իշխանությունները, որոնք փախել են Հայաստան, Արցախի ներկայացուցչությունում հավաքներ են անում, փորձում են «իրենց վրայից մեղքը մաքրել»:

«Չեն կարողանալու մաքրել: Այդ շենքի իմաստն էլ պետք է մենք վերանայենք։ Ես համարում եմ, որ այդ շենքը այլևս չպետք է նման բաներին ծառայի»,- ասել էր ԱԺ նախագահը։

Դատախազության հիմնավորումն այն է, որ Կադաստրի կոմիտեն 2007թ. հունվարի 31-ին գրանցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքը՝ Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում (այժմյան հասցե) գտնվող շենքի նկատմամբ, իսկ նշված հասցեում գտնվող 1159.2 քմ. մակերեսով հողամասի նկատմամբ՝ անհատույց օգտագործման իրավունքը: Իսկ 33.2 քմ մակերեսով վարչական շենքի նկատմամբ գրանցվել է «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպության անհատույց օգտագործման իրավունքը:

Ըստ դատախազության՝ Կառավարությունը 1997թ. ապրիլի 15-ին որոշել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը շենք նվիրել՝ Երևանի քաղաքապետի վրա դնելով շենքի նվիրատվության պայմանագրի կնքման պարտականությունը: Սակայն այդ պայմանագիրը չի կնքվել և նվիրատվության պայմանագրի բացակայության պայմաններում Կադաստրը կատարել է սեփականության իրավունքի պետական գրանցում:

Կադաստրի կոմիտեն ընդունել է հայցվոր Գլխավոր դատախազության ներկայացրած հայցադիմումով ներկայացրած պահանջներն ամբողջությամբ:

Գործում երրորդ անձ ներգրավված հիփոթեքային ընկերությունը Վարչական դատարանին հայտնել է, որ դատախազությունը չի վկայակոչել գեթ մեկ իրավական ակտ, որի համաձայն 1997թ. ապրիլի 15-ին անձը համարվում էր սեփականատեր գրանցման պահից: Ավելին` նման կարգավորում բացակայում է նաև 1964թ. ՀԽՍՀ քաղաքացիական օրենսգրքով, որը գործել է մինչև 1999 թվականը: 

Երրորդ անձի հիմնավորմամբ՝ նշված օրենքով պարտադիր է համարվում միայն պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցումը, մինչդեռ պետական մարմնի որոշումը ևս իրավունքի ծագման հիմք է: 

«Պետությունը վիճարկվող ակտի անվավերությունից որևէ շահ կամ ակնկալիք ունենալ չի կարող, քանզի անգամ այդ պայմաններում էլ գույքը կառավարության որոշման հիման վրա հանդիսանալու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականությունը, կամ այլ կերպ՝ Հայաստանը հրաժարվել է այդ գույքի նկատմամբ իր ունեցած իրավունքներից: Հայց ներկայացնելու նախադրյալներից իրավական շահագրգռվածությունը բացակայում է»,-նշել են «Ֆիդեսի» ներկայացուցիչները:

Ընկերության պնդմամբ՝ կառավարությունն իր որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վրա նվիրատվության պայմանագիր կնքելու պարտավորություն և առավել ևս՝ այն կատարելու ժամկետ չի նախատեսել: Որոշմամբ ընդամենը նախատեսվել է մեկամսյա ժամկետում կատարել ճշտումներ և սահմանված կարգով ձևակերպել նվիրատվության և հողօգտագործման փաստաթղթեր: Մինչդեռ Գլխավոր դատախազությունն իր հայցով չի անդրադարձել այն հարցին, թե արդյոք այդ պահին որևէ կարգով սահմանված էր նվիրատվության պայմանագիր կնքելու գործողություն: Ժամկետը վերաբերել է ճշտումներ կատարելուն: 

Վարչական դատարանն արձանագրել է, որ գույքի նվիրատվության այլ եղանակ, քան նվիրատվության պայմանագիր կնքելը, որևէ նորմով սահմանված չէ: Այսինքն՝ եթե ցանկանում էին գույք նվիրել, պարտադիր պետք է լիներ նվիրատվության պայմանագիր։ Հետևաբար կառավարության 1997թ. թիվ 78 որոշումը ինքնին չէր կարող նշանակել, որ շենքը արդեն նվիրաբերվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը։ Միայն կառավարության որոշումը բավարար չէր, պետք է նաև կնքվեր նվիրատվության պայմանագիր։ Ավելին, նույն որոշմամբ Երևանի քաղաքապետին հանձնարարվել է ձևակերպել այդ փաստաթղթերը, բայց դա չի արվել։

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը «ատմական խայտառակություն» է որակել Արցախի Հանրապետության սեփականազրկումը։ 

«ՀՀ վարչական դատարանի նախագահի այսօրվա հրապարակած վճռով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Հիշեցնում եմ, որ դատավորը հրաժարվել է Արցախի Հանրապետությանը գործով ներգրավել որպես երրորդ անձ, ինչի համատեքստում ստիպված էի Արցախի Հանրապետության շահերը ներկայացնել այլ գրանցված իրավունքի սուբյեկտի անունից։ Սրանից անհիմն ու աբսուրդային դատական ակտ երբևէ չեմ ունեցել»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է փաստաբանը՝ հավելելով, որ դատարանի վճիռը կբողոքարկեն Վերաքննիչ վարչական դատարան։

Նշենք, որ վճիռ կայացրած դատավոր Կարեն Զարիկյանը Վարչական դատարանի նախագահն է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter