Արաբկիրում նոր շինությունը կառուցվում է նորմերի խախտմամբ․ բնակիչները բողոքում են
Նախկին պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությունը Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցի 33/4 հասցեում հինգ հարկից բաղկացած հասարակական նշանակության շինություն է կառուցում։ Հարակից շենքի բնակիչների խոսքով՝ քաղաքապետարանը չպետք է շինթույլտվություն տրամադրեր, քանի որ շինության կառուցումը հանգեցնելու է մի շարք շինարարական նորմերի խախտման։
Այդ հողամասի մակերեսը 560քմ է, կառուցապատվողը՝ 440քմ, ընդհանուր օգտագործվողը՝ 2205քմ (բոլոր հարկերի մակերեսները միասին)։ Հողամասը պատկանում է «Սաբրե» ՍՊԸ-ին։ Ընկերության տնօրենը Ալինա Աշոտի Գրիգորյանն է, որն Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր Նվեր Չախոյանի կինն է, նրանց որդին՝ Արեգ Չախոյանն էլ ընկերության տնօրենն է։ Տարածքը ընկերությունը ձեռք է բերել 2026-ի ապրիլի 17-ին, երբ շինթույլտվությունն արդեն տրամադրված է եղել (տրամադրվել է 2025 թվականի ապրիլի 28-ին)։
Բնակիչները բազմիցս դիմել են Երեւանի քաղաքապետարան, սակայն իրենց հուզող հարցի պատասխանն այդպես էլ չեն ստացել։ Պնդում են, որ քաղաքապետարանը շինթույլտվություն չպետք է տրամադրեր։ Ըստ քաղաքապետարանի՝ շինթույլտվության համար հիմք է հանդիսացել կառուցապատող Հայկ Հովհաննիսյանի էսքիզային նախագիծը։ Այն քննարկվել է քաղաքապետարանի համապատասխան հարցերով զբաղվող աշխատանքային խմբում, ինչից հետո՝ 2024-ի սեպտեմբերի 10-ին, տրվել է նախագծման թույլտվությունը։ Այնուհետև նախագիծը ստացել է «Լավո» ՍՊԸ-ի փորձագիտական դրական եզրակացությունը։ Քաղաքապետարանն էլ, հիմք ընդունելով դա, 2025 թվականի ապրիլի 28-ին՝ երկու տարի 10 ամիս ժամկետով (ավարտը 2028-ի փետրվարի 28-ին) տրամադրել է շինթույլտվությունը։ Կառուցվում է հասարակական շինություն, որը բաղկացած է 5 վերգետնյա ու 1 նկուղային հարկից։ Շինության բարձրությունը 19.5 մետր է, այնտեղ պետք է լինի 29 միավոր գրասենյակային տարածք։
Կառուցապատվող Արամ Խաչատրյան փողոցի 33/4 հասցեի հարեւանությամբ երեք բնակելի շենք կա՝ 33/1, 33/2, 31/3։ Կառուցվող շինության և 33/1 բնակելի շենքի միջև տարածությունը մոտ 15 մետր է։ Բնակիչներից մեկն իր միջոցներով ձեռք է բերել վերը նշված հասցեների համար այդ խախտումը փաստող ճարտարապետի մասնագիտական եզրակացություն։ Ըստ եզրակացության՝ կառուցվող շինությունը կհանգեցնի հարակից շենքերի ինսոլյացիայի (արևակայման) սահմանված ռեժիմի խախտման, այլ կերպ՝ հարակից բնակելի շենքերը կզրկվեն բնական լուսավորությունից։ Այն խոչընդոտում է Խաչատրյան 31/3 և Խաչատրյան 31/1 բնակելի շենքերի արևակայման ռեժիմին, ինչն էլ շինարարական նորմերի 522-րդ կետի խախտում է։
Նախագծով նշված է 6 մեքենայի համար կառուցվող կայանատեղի, որը, բնակիչների ասելով, 29 գրասենյակային տարածքի համար շատ քիչ է։ ՀՀ շինարարական նորմերի 31-րդ հոդվածի համաձայն՝ ընդհանուր օգտագործման մակերեսից (այս դեպքում 2205քմ-ից) մեկ մեքենայի կայանատեղի կառուցելու համար հատկացվում է 50-60 քմ։ Այսինքն՝ վեցի փոխարեն պետք է կառուցվեր առնվազն 36 ավտոկայանատեղի։ Բնակիչները մտահոգվում են, որ երբ շենքը սկսի գործել, իրենց բակ մտնող նեղ ճանապարհը կխցանվի, քանի որ այդ տարածքում կսկսեն մեքենաներ կայանել։ Այդ դեպքում արդեն մտավախություն կա, որ չի լինի հրշեջ մեքենաների մոտեցումն ապահովելու համար նախատեսված 6մ լայնությունը։
Բնակիչներից Նաիրա Ֆանդուցը բողոքում է, որ փորման աշխատանքների պատճառով իրենց՝ 70 տարվա վաղեմության շենքը քանդվում է։
Բնակիչները նշում են նաև, որ կառուցվող շինությունը շատ մոտ է խաղահրապարակին, ինչն էլ արդեն շինարարական նորմերի 81-րդ հոդվածի խախտում է, քանի որ հեռավորությունը պետք է կազմի 12 մետր։
Մտահոգություն են հայտնում նաև կոյուղագծերի և ջրագծերի համար։ Ըստ նրանց՝ նոր շենքի կառուցումը կհանգեցնի նաև կոյուղատար համակարգի ծանրաբեռնվածության։
Քաղաքապետարանից բացի, բնակիչները դիմել են նաև վարչապետի աշխատակազմին, սակայն դիմումը վերահասցեագրվել է Երեւանի քաղաքապետարան։ Հիմա ստորագրահավաք են կազմակերպում, որ դիմեն Դատախազություն։
«Հետքը» կապ հաստատեց «Սաբրե» ՍՊԸ-ի հետ։ Ընկերության տնօրեն Արեգ Չախոյանը նշեց, որ շինարարությունը բոլոր նորմերին համապատասխանում է, այլապես քաղաքապետարանը շինթույլտվություն չէր տրամադրի։ Կայանատեղիների սակավության առչնությամբ նշեց, որ ապագայում պատրաստվում են այդ տարածքից դուրս կառուցել «վալե» կայանատեղի՝ ծառայություն, երբ դուք ձեր մեքենան չեք կայանում ինքնուրույն, այլ թողնում եք հատուկ աշխատակցի (վալեի) մոտ, ով կայանում է ձեր փոխարեն, իսկ անհրաժեշտության դեպքում մեքենան մոտեցնում է։
Ասաց, որ եթե բնակիչները մտահոգություններ ունեն, կարող են դիմել համապատասխան մարմիններին, ոչ թե խոչընդոտն շինաշխատանքներին կամ քարերով հարվածեն շինհրապարակն առանձնացնող թիթեղներին։ Արեգ Չախոյանի խոսքով, բնակիչների հետ հաճախ են խոսել, խոստացել են բարեկարգել խաղահրապարակը, կանաչապատել հարակից տարածքը։ Խոստացավ կրկին հանդիպել և բնակիչների հետ քննարկել առկա խնդիրները։
2025-ին «Հետքն» ուսումնասիրել է Արաբկիր վարչական շրջանում 2015-2025 թվականներին իրականացված և ընթացքում գտնվող բազմաբնակարան շենքերի կառուցապատման ծրագրերը և դրանց հնարավոր ազդեցությունը ենթակառուցվածքների (գազամատակարարման, ջրամատակարարման և ջրահեռացման, էլեկտրաէներգիայի մատակարարման) վրա։ Արաբկիրում 5 տարում ավելի քան 10.000 բնակարան է կառուցվել։ Սպառման կտրուկ աճի պատճառով 2013 թվականից մինչև 2025 թվականը ջրաղբյուրների ջրատվությունը նվազել է ավելի քան 24%-ով։ Բացի այդ, նորակառույց շենքերի պատճառով կտրուկ ավելացել է բնական գազի պահանջարկը՝ երկու անգամ գերազանցելով գործող համակարգի հնարավորությունները։ Իրավիճակն էլ ավելի են բարդացնում կառուցվող 9,875 նոր կայանատեղիները, որոնք էականորեն ծանրաբեռնում են Արաբկիրի փողոցները։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել