Նախընտրական խոստումների «մրցավազքը»՝ առողջապահության ոլորտում
Եթե ի մի բերենք Հայաստանի 2026 թվականի նախընտրական քարոզարշավի առողջապահությանը վերաբերող խոստումները և պատկերացնենք, որ դրանք դարձել են իրականություն, ապա կստացվի, որ
- Հայաստանի բնակչությունն ունի առողջապահության ապահովագրություն,
- բժիշկներն ու բոլոր բուժաշխատողները ստանում են միջինից բարձր աշխատավարձ,
- դեղերն էժան են ու բոլորին հասանելի,
- Հայաստանի բոլոր մարզերում կան ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան հիվանդանոցներ,
- բոլորն ակտիվ զբաղվում են սպորտով,
- Հայաստանը դարձել է բժշկական տուրիզմի կենտրոն:
Սրանք 2026 թվականի նախընտրական քարոզարշավում ամենահաճախ հնչող խոստումներն են։ Սակայն, կան վարչապետի պաշտոնին և իշխանությանը հավակնող ուժեր, որոնք նույնիսկ նախընտրական ծրագիր չեն ներկայացրել։ Որոշներն էլ, չնայած ծրագիր ունենալուն, Հայաստանի ապագան պատկերացրել են առանց առողջապահության ոլորտում բարեփոխումներ անելու:
«Հետքը» առանձնացրել է առողջապահության ոլորտի նախընտրական խոստումները և խմբավորել քաղաքական ուժերին՝ ըստ ոլորտի նկատմամբ իրենց մոտեցումների։
Մանրամասն ծրագրեր ներկայացրած ուժեր
«Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայացրել է ամենածավալուն նախընտրական ծրագիրը՝ մանրամասն անդրադառնալով առողջապահության ոլորտին։ «Ուժեղ Հայաստանը» նախ քննադատում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը՝ նշելով, որ այն թերֆինանսավորված է։
Առանձնացնում է առողջապահության համակարգի հետևյալ խնդիրները․
- առաջնային բուժօգնությունը թույլ է․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը կարևորում է առաջնային օղակի դերը հիվանդությունների կանխարգելման ու վաղ ախտորոշման գործում, սակայն, նշում է, որ առաջնային օղակի վրա կատարվող ծախսերը կազմում են պետական առողջապահական ծախսերի մոտ 20 տոկոսը, ինչն իր պնդմամբ, քիչ է։
- բժիշկների աշխատավարձը ցածր է․ այստեղ նշվում է հատկապես առաջնային օղակի բժիշկների աշխատավարձերի ցածր լինելը։ Սա է պատճառը, ըստ ուժի, որ տեղի է ունենում բժիշկների արտահոսք։
- դեղերը թանկ են․ դեղերի գները Հայաստանում ավելի բարձր են՝ Վրաստանի համեմատությամբ։ Դեղերի գների բարձր մակարդակը դաշինքը պայմանավորում է դրանց գրանցման բարդ համակարգով։ Եվրոպական երկրներում գրանցված դեղերը պետք է կրկին փորձաքննություն անցնեն Հայաստանում։ Սրա պատճառով, ըստ դաշինքի՝ սահմանափակվում է մրցակցությունը, բարձրանում են գները, և դանդաղում է նոր դեղերի մուտքը հայկական շուկա։
Առաջարկները
«Ուժեղ Հայաստան» դաշինքը խոստանում է իրականացնել դեղերի շուկայի բարեփոխումներ․
- ամենաշատ օգտագործվող դեղերի գները կնվազեցնի շուրջ 20 տոկոսով,
- կճանաչի եվրոպական և այլ զարգացած երկրների գրանցումները (FDA(ԱՄՆ Սննդի և դեղերի վարչություն), EMA(Դեղերի եվրոպական գործակալություն)),
- կվերացնի դեղերի կրկնվող փորձաքննությունները,
- կպարզեցնի շուկայի մուտքը նոր դեղերի համար,
- կարգացնի դեղագործական արտադրությունը։
Քաղաքական ուժը պնդում է, որ այսպես կակտիվանա շուկայական մրցակցությունը, գները կնվազեն, կբարձրանա բուժման արդյունավետությունը։ Դեղագործական արդյունաբերության զարգացման նպատակով կտրամադրվեն հարկային արտոնություններ, կաջակցեն արտահանմանը։
Բացի այդ,
- 2027 թվականից ամեն տարի կբարձրացնի բժիշկների աշխատավարձերը, Երևանում՝ 20 տոկոսով, մարզերում՝ 25 տոկոսով,
- կուժեղացնի առաջնային օղակը,
- կմեծացնի ընդհանուր առողջապահության ֆինանսավորումը։
Թե ինչ ֆինանսական միջոցներով է իրականացնելու այս ծրագրերը, դաշինքը չի մանրամասնել։
«Ուժեղ Հայաստան» դաշինքը առողջապահության ոլորտը համարում է տնտեսական ռազմավարության ծրագիր։
«Առողջապահությունը և դեղագործությունը կարող են դառնալ Հայաստանի համար այնպիսի ոլորտներ, ինչպիսին տեղեկատվական տեխնոլոգիաներն են այսօր»,- նշված է քաղաքական ուժի նախընտրական ծրագրում:
Դաշինքը խոստանում է Հայաստանը դարձնել միջազգային բժշկական ծառայությունների կենտրոն և դեղագործական արտադրության տարածաշրջանային հարթակ՝ իրականացնելով առողջապահական ծառայությունների և դեղերի արտահանում։ Սա նախատեսում է իրականացնել մարդկային կապիտալի, բարձր կրթական համակարգի, մասնավոր հիվանդանոցների ճկունության, միջազգային ստանդարտներին համապատասխան հիվանդանոցների կառուցման, միջազգային սերտիֆիկացումների, ներդրումների ներգրավման շնորհիվ։
Ընդլայնելու է բժշկական ծառայությունների արտահանումը․ կձևավորի բժշկական ծառայությունների արտահանման ազգային ծրագիր, կզարգացնի բժշկական տուրիզմը, կներգրավի օտարեկրյա հիվանդների, կիրականացնի միջազգային սերտիֆիկացում։ Այս գործում առաջնային ուղղություններ են հանդիսանալու ատամնաբուժությունը, վերականգնողական բժշկությունը, վիրաբուժությունը, ախտորոշիչ ծառայությունները: Մասնավոր ներդրումների, միջազգային մակարդակի հիվանդանոցների ստեղծման, միջազգային հավատարմագրման միջոցով դաշինքը նախատեսում է ներգրավել օտարերկրյա հիվանդների՝ մեծացնելով բժշկական ծառայությունների արտահանման ծավալները։
«Միասնության թևեր» կուսակցությունը ԿԸՀ կայքում նախընտրական ծրագիր չի ներկայացրել։ Նախընտրական ծրագրի սեղմագիրը ներկայացված է կուսակցության պաշտոնական կայքում։
Այս քաղաքական ուժը խոստանում է ՀՀ քաղաքացիների համար Հայաստանի ամբողջ տարածքում ապահովել համընդհանուր անվճար բժշկական օգնություն և սպասարկում՝ ծառայությունների համապարփակ փաթեթով։ Պետական առողջապահական հաստատություններում աշխատող բժիշկների համար անհատական լիցենզավորման քննությունների փոխարեն կներդնի որակյալ, շարունակական վերապատրաստման և վերամասնագիտացման ծրագրեր։ Կներդնի բուժաշխատողների և մանկավարժների վարձատրության նոր համակարգ՝ հաշվի առնելով բուժաշխատողի աշխատանքի վայրը (հատկապես՝ մարզերում), աշխատանքային ծանրաբեռնվածությունը: Միաժամանակ բացառում է վարչարարական աշխատանքներում բուժաշխատողների ներգրավումը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է Առաջարկ Հայաստանին 10 կետանոց ծրագիրը, որի 7-րդ կետը նվիրված է առողջապահության ոլորտին։ Այն վերնագրված է՝ «Առողջ մարմնում՝ առողջ հոգի»։
«Բարգավաճ Հայաստանը» խոստանում է զարգացնել պրոֆեսիոնալ և սիրողական սպորտը, տոտալ ու խիստ պայքարել թմրամիջոցների տարածման ու թմրամոլության դեմ, ներդնել առողջության ապահովագրման առավել արդյունավետ և ճիշտ հաշվարկված համակարգ, որտեղ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա ստանալ երաշխավորված և բարձրակարգ բուժօգնություն ամբողջ կյանքի ընթացքում։
2029-ից սկսած՝ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ծնված օրվանից ավտոմատ կերպով պիտի ստանա առողջապահական երկու հատուկ հաշիվներ՝
- 1,5 միլիոն դրամի չափով վիրաբուժական միջամտությունների համար,
- 1 միլիոն դրամի չափով՝ ընթացիկ ոչ վիրահատական բուժումների համար:
Բժիշկների և բուժաշխատողների համար «Բարգավաճ Հայաստանը» խոստանում է արժանապատիվ, աշխատանքային ծանրաբեռնվածությանը համարժեք աշխատավարձ։
Չնայած Հայաստանում արդեն առողջության ապահովագրության շահառուների մեջ մտնում են թոշակառուները և մինչև 18 տարեկանները, «Բարգավաճ Հայաստանը» նախընտրական ծրագրում ընդգրկել է նաև այս կետը։
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը ողջունում է առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Իշխանության գալու դեպքում ՀԱԿ-ը
- ներդնելու է հեռավար բժշկության (telemedicine) օրենսդրական կարգավորում՝ պետության ներսում և արտերկրից բուժծառայությունների մատուցումը հասանելի դարձնելու նպատակով,
- նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ զարգացնելու է դեղերի, բժշկական սարքերի ու սարքավորումների ազգային արտադրությունը։
ՀԱԿ-ը խրախուսում է առողջ ապրելակերպը, զանգվածային սպորտը և ֆիզիկական ակտիվությունը։ Վերջիններիս զարգացման ու տարածման համար պետական աջակցության ծրագրերի միջոցով կընդլայնի համայնքային մարզադաշտերի, բակային խաղահրապարակների և բացօթյա մարզասարքերի ցանցը, դպրոցներում կարդիականացնի դպրոցական մարզադահլիճները, կներդնի արտադպրոցական մարզական խմբակների անվճար համակարգ, յուրաքանչյուր վարչական շրջանում կստեղծի ազատ և անվճար հանրային տարածքներ, որոնք հարմարեցված կլինեն սպորտային միջոցառումների համար։
Կանխարգելիչ առողջապահության համակարգ ներդնելու միջոցով տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ կիրականացնի «առողջ համայնք» ծրագրեր՝ զանգվածային մարզական փառատոններ ու հանրային իրազեկման արշավներ:
Թմրամոլության դեմ պայքարի ծրագրում կներդնի կամավոր վերականգնողական համակարգ՝ թույլ տալով անձին վերականգնվել ներքին մոտիվացիայի խթանման միջոցով։ Ըստ ծրագրի՝ անձի թմրամոլությունից բուժումը պարտադիր կլինի միայն այն դեպքում, երբ անձի վարքագիծը լինի վտանգավոր շրջապատի համար։ Միաժամանակ, թմրամիջոցներով պայմանավորված հանցագործությունների համար դատապարտված անձանց կարիքների գնահատումը քաղաքական ուժը համարում է պարտադիր պայման՝ բժշկական օգնության ու սոցիալ-հոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման համար:
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության վերակազմակերպման արդյունքում կստեղծվի Հանրային կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի նախարարություն։
Ընդհանուր դրույթներով սահմանափակվողներ
Իշխող քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, առողջապահության ոլորտում իր հիմնական ուշադրությունը սևեռել է առողջ ապրելակերպի վրա։ Առողջ ապրելակերպը ՔՊ-ն համարում է երջանկության և բարեկեցության էական գործոն։ Թե որն է առողջ ապրելակերպը, մանրամասնում է՝
- առողջ սննդակարգը,
- ֆիզիկական ակտիվությունը,
- ֆիզիկական կուլտուրան,
- զանգվածային սպորտը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խոստանում է խրախուսել առողջ ապրելակերպը և իրականացնել դրան ուղղված ծրագրեր՝ խթանելով հատկապես սպորտով զբաղվելը երեխաների շրջանում։ Թե ինչ ծրագրեր կիրականացնի, քաղաքական ուժը ծրագրում չի մանրամասնել։
100 կետանոց խոստումների շարքում 6-րդ կետի տակ ՔՊ-ն խոստանում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկել ամբողջ բնակչությանը։
36-րդ կետի տակ խոստանում է կառուցել, վերազինել 50 առողջապահական կազմակերպություն, ԵՄ կամ ԱՄՆ ստանդարտներով ակրեդիտացնել 20 բժշկական կազմակերպություն։
91-րդ կետի տակ ՔՊ-ն խոստանում է ներդնել մարդու առողջության վրա շրջակա միջավայրի (կլիմայի փոփոխություն, օդ, ջուր) ազդեցության կառավարման համակարգ, 99-րդ կետի տակ՝ Սփյուռքի հետ վերաֆորմատավորել հարաբերությունները՝ համահայկական մասնագիտական, այդ թվում առողջապահական ցանցերի ընդլայնման ու, զարգացման համար:
«Հայաստան» կուսակցությունների դաշինքը նախընտրական ծրագրում խոստանում է իրականացնել առողջապահության ոլորտի թվային տրանսֆորմացիա։ Դաշինքը մտադիր է զարգացնել առողջապահության համընդհանուր ապահովագրությունը, հիվանդությունների կանխարգելման հնարավորությունները, բացառում է հիվանդանոցներում բուժառուների հերթերն ու դեղերի գների անհիմն բարձրացումը, խոստանում է շեշտակի բարձրացնել բուժաշխատողների աշխատավարձերը, ներդնել վարձատրության արդար համակարգ, մարզերում հիմնել ժամանակակից բժշկական կենտրոններ՝ ապահովելով որակյալ բուժօգնության հասանելիություն բոլոր քաղաքացիների համար, կարգավորել դեղերի շուկան, գործարկել առաջատար երկրներում գրանցված դեղամիջոցների ավտոմատ լիցենզավորման մեխանիզմ:
Սակայն թե ինչպես է իրականացնելու բոլոր այս նպատակները, քաղաքական ուժն իր ծրագրում չի մանրամասնել։
Նույն տրամաբանությամբ խոստումներ է տվել օրենքի դիկտատուրա խոստացող «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը՝ իր պաշտոնական սոցիալական էջում։ Նախ կուսակցությունը պնդում է, որ Հայաստանում բժիշկը պետք է ապրի արժանապատիվ կյանքով։ Խոստանում է զարգացնել բուժական տուրիզմը, նոր առողջարաններ կառուցել, մարզերում վերանորոգել գյուղական բուժկետները, կարգավորել դեղերի գները։
«Հանրապետություն» կուսակցությունը նախատեսում է համընդհանուր առողջապահական ապահովագրության մեջ ներառել երեխաներին, թոշակառուներին, հաշմանդամություն ունեցող աձանց, սոցիալապես անապահով ընտանիքներին, առանց հաշվի առնելու, որ նշված խմբերն արդեն ներառված են ապահովագրության համակարգում:
Խոստանում է արդիականացնել թվային առողջապահության համակարգը, իրականացնել քաղաքացիների հիվանդության պատմության թվային պահպանում, իրականացնել հազվադեպ հիվանդությունների հատուկ ուսումնասիրություն՝ գիտական նոր լուծումների ակնկալիքով: Այս կուսակցությունը նույնպես չի մանրամասնել՝ ինչ նպատակով ու ինչ միջոցներով է իրականացնելու նշված ծրագրերը։
Ռեֆորմիստների կուսակցությունը նախատեսում է զգալիորեն բարձրացնել բժիշկների աշխատավարձը։ Թե ինչքան է «զգալիորենը», կուսակցությունը չի մանրամասնել։
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը նախընտրական ծրագիր ԿԸՀ-ում չեն ներկայացրել։ Երկու ուժերն էլ իրենց պաշտոնական կայքերում հրապարակված նախընտրական ծրագրերում առողջապահության ոլորտին վերաբերող միայն մեկ դրույթ են ներառել, որն իշխող ուժի կողմից արդեն ներդրված առողջապահության համընդհանուր ապահովագրական համակարգի ստեղծումն է։ Բայց ի տարբերություն «Նոր ուժի», «Ազգային-ժողովրդավարական բևեռը» նաև վերակազմավորելու է առողջապահության համակարգը։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը իր նախընտրական 17 էջանոց ծրագրում առողջապահության ոլորտին առնչվող միայն մի բառ է օգտագործել՝ բժշկությունը՝ համարելով այն հայկական պետության 6 սյուներից մեկը։
Առողջապահության ոլորտն անտեսած ուժերը
«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը ԿԸՀ-ում նախընտրական ծրագիր չի ներկայացրել։ Իսկ կուսակցության պաշտոնական կայքում ներկայացված ծրագրում առողջապահության ոլորտին վերաբերող որևէ կետ չկա։
Հայաստանի շնորհապետական կուսակցությունը նախընտրական ծրագիր ԿԸՀ-ում չի ներկայացրել։ Իսկ վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանի անվամբ կայքում Հայաստանի ժողովրդին նոր դարաշրջան առաջնորդելուց բացի, այլ առաջարկներ չկան։
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք», «Քրիստոնեա-ժողովրդավարական», «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական, «Հանուն հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները նախընտրական ծրագրեր ԿԸՀ չեն ներկայացրել, իսկ իրենց պաշտոնական կայքերում ներկայացված ծրագրերում չեն անդրադարձել առողջապահության ոլորտին։
Քաղաքական հայտ ներկայացրած 19 ուժերը ո՛չ ընդհանուր դրույթներով, ո՛չ էլ մանրամասն ծրագրերով չեն անդրադարձել հոգեկան առողջության ոլորտին, առողջապահական գրագիտությանը, քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձանց առողջության ապահովմանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել