HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մարտուն Գրիգորյան. «Գյումրեցիներին ճնշումներով վախեցնելը միշտ ունենում է հակառակ էֆեկտ» 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, «Պատիվ ունեմ» խմբակցության ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, անդրադառնալով մայիսի 22-ին Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից տանը, մեքենայում և կուսակցության շտաբում իրականացրած խուզարկություններին, ինչպես նաև թիմի երկու անդամների ձերբակալություններին, կատարվածը որակեց «2025թ․-ի իշխանական ձեռագրի շարունակություն»:

-Պարոն Գրիգորյան, մայիսի 21-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Գյումրի այցի շրջանակներում դրամատիկական թատրոնում կայացած հանդիպման ժամանակ՝ բեմում ձեր ելույթի ընթացքում, հայտարարեցիք հետևյալը. «այս ելույթից հետո չեմ բացառում, որ գան իմ հետևից»: Սպասո՞ւմ էիք:

-Այո՛, կարելի է ասել՝ անակնկալ ոչինչ տեղի չունեցավ: Իրենք միշտ սպասում են, թե դու երբ կուժեղանաս: 2025թ․-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ էլ նույն սցենարով շարժվեցին: Կրկին ներխուժում, խուզարկություններ, ձերբակալություն: Այդ ժամանակ հիմնականում ընտանիքս տուժեց՝ տղայիս ու հորս բռնեցին: Պատճառը եղավ մեր թաղի անանցանելի, խայտառակ վատ վիճակում գտնվող փողոցի փոսերը խիճ լցնելը: Հիմա էլ են մեղադրանքներ հնչում, սակայն այս պահին չեմ կարող առավել մանրամասն անդրադառնալ, քան կա Հակակոռուպցիոնի տարածած հաղորդագրությունում, որովհետև ստորագրություն եմ տվել ինֆորմացիա չտալ: Հետևենք, տեսնենք առաջիկայում ինչ տեղի կունենա, հետո մեր մեկնաբանությունները կանենք: Մի բան հստակ է, որ քաղաքական ճնշում է: Սա վկայում է այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ես, իմ թիմը Գյումրիում լուրջ կշիռ ենք ներկայացնում: Եվ այս համատեքստում հասկանալի է իշխանության անհանգստությունը: Այն, ինչ իրականացվում է ընդդիմադիրների հանդեպ, անհամաչափ է, որովհետև, վստահ եմ, եթե իշխանությունը որոշի գաղտնալսել ՔՊ-ականներին և ՔՊ–ամերձ շրջանակներին, հնարավոր է շատ ավելի «հետաքրքիր» բաներ բացահայտի: Բայց թիրախավորվում են միայն ընդդիմադիրները: Դա էլ անում են, որ մարդիկ հիասթափվեն, վախենան գալ մեզ հետ հանդիպումների, վախենան գնալ ընտրությունների և այլն: 

-Ձեր կարծիքով՝ ինչու՞ է Գյումրին այդքան կարևորվում համապետական այս ընտրություններում:

-Պատճառը 2025թ-ի ՏԻՄ ընտրություններն են: ՔՊ-ն չկարողացավ Գյումրիում իշխանության գալ, որովհետև ընդդիմության ուժերը միավորվեցին ու որոշիչ խոսքն էլ մեր խմբակցությանն էր: Հիմա իշխանությունն ամեն կերպ ուզում է ազատվել այդ մղձավանջից: Գյումրու ընտրությունները իշխանության կոկորդին կանգնած փուշ է՝ ոչ կարողանում է կուլ տալ, ոչ՝ թքել: Ասել եմ ու նորից կրկնեմ՝ «Գյումրի-2» լինելու է: Մենք արդեն ունենք միավորվելու այդ փորձը, երբ հանուն կոնկրետ գաղափարի մի կողմ ես դնում անձնական ամբիցիաները: Հենց սա է անհանգստացնում իշխանություններին, հենց սա է նրանց հասցնում հիստերիայի: Ես մայիսի 21-ի հանդիպման ժամանակ էլ նույն միտքն ասացի ու գիտեի, որ բարձրացված հիստերիան պիտի ունենա հետևանք: Բացի դրանից, ԲՀԿ-ն միակ քաղաքական ուժն է, որ իր նախընտրական ծրագրում հատուկ տեղ է հատկացրել Գյումրուն՝ 7 կետ իրենք էին գրել, 8-ն էլ մեր թիմն էր առաջարկել՝ ամբողջացնելով քաղաքի զարգացման տեսլականը: Սա հատուկ վերաբերմունք է մի քաղաքի նկատմամբ, որն ունի լիքը պրոբլեմներ, ունի 43 տոկոս աղքատություն, բայց ունի նաև ինքնասիրություն ու արժանապատվություն: Մեկ տարի շարունակ իշխանությունները Գյումրին պահեցին մամլիչի տակ՝ զրկելով տարատեսակ ծրագրերից, ուզեցին խեղճացնել, բայց վստահ եմ, դա չի խանգարի գյումրեցիներին հունիսի 7-ին իրենց իրական վերաբերմունքն արտահայտելու: 

-Ձեր թիմակիցներից Գյումրու ավագանու անդամ Արտակ Հովսեփյանը տնային կալանքի տակ է, իսկ Համբարձում Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով: Ինչպե՞ս են ազդել երկու օր առաջ տեղի ունեցած իրադարձությունները թիմակիցների տրամադրության և նախընտրական քարոզարշավի վրա:

-Ասել, թե չի ազդել, ազդեցություն չկա, ճիշտ չէր լինի, բայց․․․ մենք բոլորս էլ գիտեինք, որ ճնշումներ լինելու են ու պատրաստ էինք դրան: Նրանք, ովքեր երկար տարիներ են զբաղվում քաղաքականությամբ, գիտեն, որ նման դեպքերում պարտավոր են ունենալ իրենց պլան «բ»-ն: Թիմից մեկուսացրել են մեր ամենաակտիվ անդամներին, ովքեր կազմակերպչական աշխատանքներով էին զբաղված, թաղերի պատասխանատուներն էին, և հիմա փորձում ենք բացը լրացնել: Վստահ եմ, որ նույն այդ թաղի բնակիչները կհասկանան, որ տղաներին ձերբակալելով, ճնշելով, իրենց են ճնշել: Համոզված եմ, որ ընտրության օրը նույն այդ մարդիկ իրենց խոսքը կասեն քվե տալով: Ինչ վերաբերում է տեխնիկական մասին, այս երկու օրը խնդիրներ ունեցանք, որովհետև համակարգիչներ են առգրավել, իմ հեռախոսն են վերցրել, որ աշխատանքային գործիք է, բայց այդ հարցերն էլ ենք կարգավորել և այսօրվանից վերսկսում ենք քարոզարշավը թաղային հանդիպումներով: Կարծում եմ՝ սա սկիզբն է, և ըստ մեր աշխատանքի, ըստ մեր կատարած քայլերի պիտի սպասենք իշխանության նոր հակադարձումների: Ուղղակի մի բանի վրա եմ զարմանում. այս բոլոր տարիների ընթացքում իշխանություններն այդպես էլ չհասկացան, որ գյումրեցին ունի կող, որ պատրաստ է ցանկացած առճակատման, և ճնշումներով իրեն վախեցնելը միշտ ունենում է հակառակ էֆեկտ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter