Վիկտորիա Թեվանյան. «Ես երդվել եմ՝ ոտաբոբիկ եմ գնալու»
«Տատս պատմում էր՝ ինչերի միջով են անցել, ոնց են անցել, ճիշտն ասած՝ մեզ հեքիաթ էր թվում էդ ինչ որ պատմում էր տատս, հեքիաթ էր թվում մեզ, ոնց որ հեքիաթի մեջ ըլնեինք»,-հիշում է ներկայում Չարենցավանում բնակվող Վիկտորիա Թեւանյանը։
Նա ծնունդով Ադրբեջանական ԽՍՀ Բեգում Սարով գյուղից է։ Դպրոցն ավարտելուց հետո ամուսնացել է ու տեղափոխվել Եվլախ։ «Չորս երեխես ընդեղ ա ծնվել՝ Եվլախում։ Ութսունութ թվից սկսվել ա էդ թոհուբոհը, էդ կռիվը»,-ասում է Վիկտորիան։
Ընտանիքին սպառնացող վտանգը զգալով՝ տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Չայլու գյուղ։ «Եկանք Չայլու, մի երկու-երեք ամիս քրոջս տանը մնացինք, նրանից հետո տուն առանք Չայլուում, տուն առանք, ըտեղ մնացինք, մինչև մեկ էլ ընդեղից դուրս եկանք՝ Չայլուից դուրս եկանք իննսուներկու թվին, գնացինք Մատաղիս»,- պատմում է Վիկտորիան։
«Սաղ գիշերը Թալիշից, Շահումյանից, Կարաչինարայից, ամբողջ գիշերը ժողովուրդը հոսում էին՝ էշի արաբով, չգիտեմ ինչերով, դուրս էր գալիս ժողովուրդը, փոշու մեջ կորած, փոշին վերցրած»,- հիշում է նա։
Մատաղիսում մնում են մեկ շաբաթ։ Պատերազմական գործողությունները սաստկանում են, ու ստիպված են լինում այդտեղից էլ հեռանալ. «Ու՞ր գնանք։ Ոտքով քայլում ենք, երեխեքը հոգնում են, էն անտառներով, ոտով քայլում ենք։ Քայլելով գնացել, վերջը էլի, էդ երեխեն ճանապարհին ծնվում ա՝ անտառի մեջ»։
Հետո Հաթերք։ Հաթերքից դարձյալ մեծ դժվարությամբ` Ստեփանակերտ։ Ստեփանակերտից՝ Չարենցավան։ Բայց Չարենցավանը Վիկտորիայի ընտանիքի վերջին հանգրվանը չէր։ Պատերազմի ավարտից հետո տեղափոխվում են Բերձոր։
«Առաջին բնակիչներն ենք եղել։ Բերձորում էլ ենք շատ դժվարություն քաշել, նենց չի, որ հալած յուղի պես ա եղել։ Հետո ենք, ասենք, ամեն ինչը դասավորել, ասենք՝ ամեն ինչը տեղավորել, տուն-տեղ դրել»,-ասում է նա։
Քսանյոթ տարի ապրել են Բերձորում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո կրկին բռնել են գաղթի ճամփան ու նորից հաստատվել Չարենցավանում։
-Հույս ունե՞ք, որ երբեւէ կարող է հետ գնաք,-հարցնում եմ։
–Հույս ունեմ, վերցնելու են, մեկ ա՝ Ղարաբաղը մերն ա։ Մեկ ա՝ Արցախը մերն ա, գնալու ենք մենք Արցախ։ Ես երդվել եմ՝ ոտաբոբիկ եմ գնալու։ Շատ մեծ հույս ունեմ, որ հետ ենք գնալու։ Թեկուզ ես էլ չգնամ, իմ երեխեքը գնալու են իրանց հայրենիքը»,-ասում է Վիկտորիա Թեվանյանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել