HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՊՀ ՄԽՎ նիստում Հակոբ Արշակյանն անդրադարձել է տարածաշրջանային խաղաղության և ապաշրջափակման հարցերին

Սանկտ Պետերբուրգում շարունակվել են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի, լիագումար նիստերի եւ մշտական հանձնաժողովների աշխատանքները, որոնց մասնակցել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հաղորդում է ԱԺ լրատվական ծառայությունը։

Մայիսի 22-ին տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ 60-րդ լիագումար նիստը, որի ընթացքում անդամ պետությունների պատվիրակությունները քննարկել եւ հաստատել են մի շարք մոդելային իրավական ակտերի նախագծեր: Լիագումար նիստում ելույթ է ունեցել նաեւ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին՝ նշելով, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին ընդունված վաշինգտոնյան հռչակագիրը, որը ստորագրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների կողմից, ԱՄՆ նախագահի մասնակցությամբ, նոր փուլ է բացել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման եւ տարածաշրջանային համագործակցության զարգացման գործընթացում:

Նրա խոսքով հռչակագիրը վերահաստատել է կողմերի հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության եւ Ալմա-Աթայի հռչակագրի հիմնարար սկզբունքներին, ներառյալ՝ անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչումը, ինչպես նաեւ միմյանց նկատմամբ ուժի կիրառման եւ թշնամանքի բացառումը:

«Այսօր արդեն տեսանելի են խաղաղության գործընթացի գործնական արդյունքները. սահմանին այլեւս չեն զոհվում մարդիկ, ինչը կարեւոր հիմք է տարածաշրջանում կայունության, կանխատեսելիության եւ փոխադարձ վստահության ամրապնդման համար»,- նշել է Հակոբ Արշակյանը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է նաեւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ընդգծելով, որ վաշինգտոնյան հռչակագիրը սկիզբ է դրել նաեւ TRIPP տրանսպորտային հաղորդակցության նախագծին, որը Հայաստանում իրականացվելու է տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ իրավազորության սկզբունքների լիարժեք պահպանմամբ:

Հակոբ Արշակյանի խոսքով հաղորդակցությունների լիարժեք բացումը եւ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության առաջմղումը նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանային առեւտրի ընդլայնման, տարանցիկ ուղիների դիվերսիֆիկացման, ներդրումների խթանման, ինչպես նաեւ լոգիստիկ, արդյունաբերական եւ զբոսաշրջային ոլորտների զարգացման համար:

«Այս նախաձեռնությունները կոչված են ապահովելու փոխադարձ տնտեսական օգուտներ տարածաշրջանի բոլոր երկրների համար եւ ձեւավորելու համագործակցության նոր միջավայր՝ հիմնված խաղաղության եւ փոխադարձ հարգանքի վրա»,- ընդգծել է նա:

Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր երկրներին, այդ թվում՝ ԱՊՀ անդամ պետություններին նախաձեռնություններին ցուցաբերվող աջակցության համար եւ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու խաղաղության եւ տարածաշրջանային համագործակցության օրակարգի առաջմղումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter