Մեծ Բրիտանիայի հակառուսական նոր պատժամիջոցների պատճառը Ռուսաստանի գործողություններն են ուկրաինացի երեխաների եւ Հայաստանի դեմ
Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը (Foreign, Commonwealth and Development Office) մայիսի 11-ին հայտարարել է, որ «Մեծ Բրիտանիան բացահայտում եւ հակազդում է Ռուսաստանի չարամիտ գործունեությանը բոլոր ոլորտներում՝ սկսած ուկրաինացի երեխաների հարկադիր արտաքսման եւ ռազմականացման համակարգված արշավից մինչեւ Հայաստանում կայանալիք ընտրություններին միջամտելու վերջին փորձերը»:
Ըստ բրիտանական գերատեսչության հաղորդագրության՝ իրենք պատժամիջոցներ են կիրառել 85 անձանց եւ կազմակերպությունների նկատմամբ, որոնք ներգրավված են ուկրաինացի երեխաների՝ Ուկրաինայից հարկադիր դուրսբերման, գաղափարական մշակման ու ռազմականացման մեջ, ինչպես նաեւ նրանց նկատմամբ, ովքեր ղեկավարում են Ռուսաստանի տեղեկատվական պատերազմները:
Մեծ Բրիտանիան 1,2 մլն ֆունտ ստեռլինգի լրացուցիչ ֆինանսավորում կհատկացնի՝ օգնելու գտնել ուկրաինացի երեխաներին եւ նրանց տուն վերադարձնել։ Հաղորդագրության համաձայն՝ մինչ օրս Ռուսաստանն Ուկրաինայի օկուպացված տարածքներից հարկադրաբար դուրս է բերել ավելի քան 20 հազար ուկրաինացի երեխայի, որոնցից շուրջ 6000-ն ուղարկվել են վերադաստիարակման ճամբարներ, որտեղ ենթարկվում են քարոզչության, որն ուղղված է ուկրաինական ինքնության ոչնչացմանն ու ռուսամետ, խորապես ռազմականացված համոզմունքների սերմանմանը։
Բրիտանական կողմի տեղեկացմամբ՝ այս պատժամիջոցները Ռուսաստանի չարամիտ գործունեությանը հակազդելու համար ձեռնարկված ամենախիստ միջոցառումներից են, եւ նոր փաթեթը հարված է հասցնելու ռուսական տեղեկատվական պատերազմի արշավներին։
«Նոր միջոցառումները ուղղված են Սոցիալական նախագծման գործակալության (ՍՆԳ) 49 աշխատակիցների դեմ, այդ թվում՝ հեղինակների, թարգմանիչների եւ տեսանյութեր պատրաստողների, որոնք պատասխանատու են Կրեմլի կեղծ քարոզչության ստեղծման համար,- ասվում է բրիտանական գերատեսչության հաղորդագրության մեջ,- Կրեմլի կողմից ՍՆԳ-ին են պատվիրվել եւ ֆինանսավորվել ժողովրդավարությունը խաթարելուն եւ Ուկրաինային աջակցությունը թուլացնելուն ուղղված միջամտության մի շարք գործողություններ»։
Բրիտանական կողմը պնդում է, որ ՍՆԳ-ն ծրագրել է արշավներ, որոնք, ամենայն հավանականությամբ, պատվիրվել են Ռուսաստանի նախագահի աշխատակազմի կողմից, այդ թվում՝ «Հայաստանում ռուսամետ կազմակերպությունների ստեղծումն ու ռուսամետ գործիչների օգտին իշխանափոխության վրա ազդեցությունը»։
«Պատժամիջոցների տակ գտնվող «Դիալոգ» ինքնավար հասարակական կազմակերպությունը գործում է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի անունից եւ համատեղ աշխատել է ռուսական հետախուզական ծառայությունների հետ՝ Ռուսաստանի կառավարության շահերից բխող ազդեցության չարամիտ արշավներ իրականացնելու համար: «Դիալոգը» ռուսական հետախուզության հետ նաեւ համակարգել է Հայաստանի ներքին քաղաքականությանը միջամտելու ծրագրերը»,- ասվում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:
Այս առումով Միացյալ Թագավորության արտգործնախարար Իվեթ Քուփերը հայտարարել է, թե իր երկիրն անտարբեր չի մնա, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է արտերկրում սուտ եւ ռուսամետ պատմություններ տարածել. «Պատժամիջոցները կարեւոր քայլ են՝ բացահայտելու եւ հակազդելու այն ամենին, ինչի պատրաստ է գնալ Ռուսաստանը, որպեսզի միջամտի, խաթարի ժողովրդավարությունը, ինչպես նաեւ ոչնչացնի Ուկրաինայի ապագան ուկրաինացի երեխաների սարսափելի արտաքսման եւ գաղափարական մշակման միջոցով»։
Ուկրաինացի երեխաների ռուսաֆիկացմանը մասնակցելու հիմքով պատժամիջոցների տակ է հայտնվել Երիտասարդության ռազմամարզական պատրաստության եւ հայրենասիրական դաստիարակության կենտրոնը, որը հայտնի է որպես ««Ռազմիկ» կենտրոն» (“Центр “Воин”): Այս կենտրոնն, ըստ բրիտանական կողմի, ուկրաինացի երեխաներին ռազմական գործ է ուսուցանում եւ գաղափարական մշակման ենթարկում: Ուկրաինացի երեխաների հետ կապված բրիտանական պատժամիջոցների ցանկում է ներառվել նաեւ չճանաչված Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության երիտասարդական քաղաքականության նախարար Յուլյա Վելիչկոն:
Ըստ հաղորդագրության՝ մինչ օրս Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ավելի քան 3300 թիրախների նկատմամբ՝ խափանելու համար նրանց գործունեությունը, ովքեր խթանում են Ռուսաստանի պատերազմական ջանքերը: Խոսքը ռազմական մատակարարման շղթաների խափանումից մինչեւ միգրանտներին որպես ճնշման գործիք օգտագործելու դեմ պայքարի մասին է։
Բրիտանական նոր պատժամիջոցների տակ հայտնված 85 ֆիզիկական ու իրավաբանական անձանցից 29-ը նրանք են, ովքեր կապված են ուկրաինացի երեխաներին առնչվող ռուսական քաղաքականության եւ գործողությունների հետ, իսկ 56-ը նրանք ենք, ովքեր պատասխանատու են ապատեղեկատվության տարածման համար:
Լուսանկարում՝ Միացյալ Թագավորության խորհրդարանը Լոնդոնում (հեղ.՝ Վահե Սարուխանյան)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել