HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Կոռուպցիայի դեմ պայքարը՝ վայրի կենդանիներից հետո․ ինչ են խոստանում ընտրություններին մասնակցող ուժերը

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերից քչերն են, որ իրենց նախընտրական ծրագրերում կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոստումներ են ներառել։ Քաղաքական ուժերից 5-ի ծրագրում որևէ հիշատակում չկա կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Ընտրությանը մասնակցող ուժերից 5-ն էլ իրենց նախընտրական ծրագրերը չեն ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այդ ուժերի ծրագրերը հասանելի չեն նաև նրանց պաշտոնական կայքերում և սոցիալական ցանցերի էջերում։ 

Շուրջ 8 տարի Հայաստանը կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարի մասին հիշատակվում է հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների բաժնում՝ թափառող կենդանիների պաշտպանության մասին ենթածրագրից հետո։ Ըստ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած քաղաքական ուժի՝ պետական պաշտոնյաների բարեվարքության ստանդարտների և հակակոռուպցիոն համակարգի հետագա զարգացումը հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար էական նշանակություն ունի։ Այս գնահատականը և խոստումը ՔՊ-ի ծրագրում հաջորդում է ընտանի և վայրի կենդանիների պաշտպանության վերաբերյալ խոստմանը։ 

ՔՊ-ի նախընտրական ծրագրում 100 կետից բաղկացած միջոցառումների ցանկ կա, որը կուսակցությունը խոստանում է իրականացնել ընտրություններում հաղթելու դեպքում։ Ցանկի 64-րդ կետում կուսակցությունը խոստանում է բարձրացնել հակակոռուպցիոն կրթության և իրազեկվածության մակարդակը, բարելավել Հայաստանի դիրքերը միջազգային հակակոռուպցիոն վարկանիշային աղյուսակներում։ Իշխող ուժը խոստանում է ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի շարունակականություն, որն իր մեջ ներառելու է ապօրինի սեփականաշնորհված և վարձակալված անտառների, լողափերի, զբոսայգիների, պուրակների, դպրոցների և մանկապարտեզների տարածքների վերադարձը պետությանը և համայնքներին։ Կուսակցությունը խոստանում է նաև պետական գնումների թափանցիկության և օրինականության ապահովում։ 

Խոշոր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագրի վերնագիրը հուշում է, որ այն առավելապես տնտեսական ծրագիր է։ 73 էջից բաղկացած ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարի մասին առանձին բաժին չկա, կոռուպցիա բառն ընդհանարապես չի հիշատակվում։ «Ուժեղ Հայաստանն իր նախընտրական ծրագրի «ուղերձ» բաժնում մեկ նախադասությամբ հիշատակվում է «թափանցիկ պետության և արդյունավետ կառավարման» դրույթը։ Հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների և մի քանի այլ ոլորտներին առնչվող խոստումներում անուղղակի անդրադարձ կա կոռուպցիայի դեմ պայքրին։ Օրինակ՝ տնտեսությունում ստվերի կրճատման խոստում, պետական աշխատողների թվաքանակի և վարձատրության թափանցիկության ապահովման խոստում և այլն։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան դաշինքը» Կենտրոնական ընտրական հանձնաժողով չի ներկայացրել նախընտրական ծրագիրը։ Դաշինքի պաշտոնական կայքում տեղադրված ծրագրի «Հոգատար Հայաստան» բաժնի «թափանցիկություն» ենթաբաժնում նշված է, որ պետք է բացառեն պաշտոնյաների շահերի բախումը։ 

Խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում, որը կոչվում է «Առաջարկ Հայաստանին», կոռուպցիայի դեմ պայքարի մասին որևէ հիշատակում չկա։ ԲՀԿ-ի ծրագիրը բաղկացած է 10 կետից, որտեղ առաջնային է արտաքին քաղաքականությունը, պաշտպանությունը և տնտեսությունը։ Մայիսի 20-ին հրապարակվել է ԲՀԿ-ի՝ հետպատերազմյան զարգացման տեսլականը։ 18 կետանոց փաստաթղթում կառուպցիայի դեմ պայքարը հռչակվել է ռազմավարական նպատակ։

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թևեր» կուսակցությունը խոստանում է ստեղծել «իրական հակակոռուպցիոն համակարգ, որի հիմքում կլինեն թվային տեխնոլոգիաների վրա հիմնված ընթացակարգեր ու մարմիններ, ինչպես նաև հանրային արդյունավետ վերահսկողություն»։ Պետական վճարումների, ֆինանսական համակարգի թափանցիկության ապահովման և կոռուպցիայի նվազեցման նպատակով խոստանում են ներդնել թվային դրամ։ Ըստ «Միասնության թևերի»՝ պետական գնումներում թվային դրամը կդառնա միակ վճարամիջոցը, որով էլ կչեզոքացվի կոռուպցիան։

Կոռուպցիոն հանցանքների համար գոյություն ունեցող վաղեմության ժամկետը կչեղարկի Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ղեկավարած «Նոր ուժ» կուսակցությունը։ «Նոր ուժի» նախընտրական ծրագրում սահմանված է, որ կոռուպցիոն հանցանքի համար դատապարտվածները հնարավորություն չեն ունենա օգտվելու համաներման, պատիժը պայմանականորեն չկիրառելու եւ այլ մեղմացնող ընթացակարգերից։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, որի վարչապետի թեկնածուն ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Զուրաբյանն է, խոստանում է իշխանության գալու դեպքում հանրային կառավարման նոր մոդելի ներդրմամբ պայքարել կոռուպցիան ծնող երևույթների դեմ։ Ըստ այս ուժի՝ նախարարությունները կզբաղվեն քաղաքականություններ մշակելով, իսկ ծառայությունները կմատուցեն ինքնավար գործակալությունները։ Այդ գործակալությունները կունենան անկախություն նաև իրենց բյուջեն տնօրինելու հարցում։ Բացի այդ, «Հայ ազգային կոնգրեսը» խոստանում է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ոլորտում ստեղծել սպասարկման կենտրոն (Front-office) և միջգերատեսչական աշխատանքի ետնաբեմ (Back-office), որտեղ երկու ստորաբաժանումները կհաղորդակցվեն էլեկտրոնային եղանակով՝ կոդավորված։ Այսինքն՝ որոշում կայացնողները չեն իմանա, թե ով է թույլտվություն կամ լիցենզիա հայցողը։ Նույն տրամաբանությամբ՝ սպասարկողները հնարավորություն չեն ունենա ազդելու որոշումների կայացման վրա։ Կուսակցության՝ կոռուպցիայի դեմ պայքարի խոստումները 10 կետից են բաղկացած և ամենածավալունն են մյուս քաղաքական ուժերի համեմատ։

Սուրեն Պետրոսյանի առաջնորդած «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախընտրական ծրագրում, նկարագրելով քաղաքական էլիտայի ձևավորումը, նշվում է, որ 90-ականներին սեփականաշնորհման գործընթացը տեղի է ունեցել իշխանական հովանավորչությամբ։ Հայաստանի ընդերքը (հանքերը) ազգայնացնելու խոստման շրջանակում կուսակցությունը հանքերի ներկայիս շահագործումը գնահատում է որպես տնտեսական կոռուպցիա և պետական ռեսուրսի յուրացում։ «Ժողովրդավարական համախմբումը» խոստանում է կախնել քաղաքական կոռուպցիան՝ սահմանափակելով արտաքին ուժերի կողմից ֆինասավորվող կառույցների գործունեությունը։ 

Նախկին ռազմական ոստիկան, հետախուզման մեջ գտնվող Վարդան Ղուկասյանի «ԴՕԿ» կուսակցության նախընտրական ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարի խոստում կա Եվրոպական միության հետ համագործակցության շրջանակում՝ հակակոռուպցիոն ինստիտուտների զարգացմամբ։ Իսկ ոստիկանության համակարգում կադրային բարեփոխումների շրջանակում այս ուժը խոստանում է կոռուպցիոն անցյալ ունեցող անձանց հեռացնել համակարգից։

«Հանրապետություն»«Լուսավոր Հայաստան», Ռեֆորմիստների, «Բոլորին դեմ եմ» և «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցությունների նախընտրական ծրագրերում Կոռուպցիայի դեմ պայքարի մասին հիշատակումներ չկան։ 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված չեն «Ալյանս», Շնորհապետական, «Հանուն Հանրապետության», «Քոչարի ազգային վերածնունդ և ազգային զարթոնք» և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունների նախընտրական ծրագրերը (Հայաստան դաշինքի մասին վերևում նշել ենք)։ Հանձնաժողովին ծրագրեր չներկայացնելը հետևանք չի առաջացնում։ Այս քաղաքական ուժերի պաշտոնական կայքերում և սոցիալական ցանցերի էջերում ևս չգտանք նրանց նախընտրական ծրագրերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter