HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակոբ Արշակյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի, լիագումար նիստերի եւ մշտական հանձնաժողովների աշխատանքներին: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը։

Պատվիրակության կազմում են ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Ալեքսեյ Սանդիկովը, Շիրակ Թորոսյանը եւ Գեղամ Նազարյանը:

Մայիսի 21-ին ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նախագահությամբ կայացել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը, որի ընթացքում ներկայացվել են ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելությունների զեկույցները, այդ թվում՝ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտարկման նախապատրաստական աշխատանքները:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ողջունելով խորհրդի անդամներին, նշել է, որ 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մի շարք միջազգային կազմակերպությունների դիտորդական առաքելությունների ներքո, ներառյալ՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եւ Եվրոպական խորհրդարանի:

«Սա արտացոլում է մեր երկրի հավատարմությունն ընտրական գործընթացի թափանցիկության եւ ժողովրդավարական չափանիշների սկզբունքներին»,- նշել է Հակոբ Արշակյանը:

ԱԺ նախագահի տեղակալի խոսքով վերջերս Հայաստանում էր ԱՊՀ ՄԽՎ երկարաժամկետ առաքելությունը:

«Առաքելության պարբերական հրավիրումն արտացոլում է համագործակցության կայուն բնույթը եւ հայկական կողմի շահագրգռվածությունն ընտրությունների անկախ միջազգային գնահատման հարցում: Հունիսի 4-8-ն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ ՄԽՎ հիմնական պատվիրակության սպասվող այցը Երեւան կդառնա միջազգային մոնիթորինգի կարեւոր մասը»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

ԱԺ փոխնախագահը նաեւ տեղեկացրել է, որ մայիսին Հայաստանում էր ԵԽԽՎ նախընտրական առաքելությունը, որի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել պետական մարմինների, խորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների հետ: Քննարկվել են ընտրական օրենսդրությանը, նախընտրական իրավիճակին եւ ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

«Եզրափակելով՝ կցանկանայի ընդգծել միջազգային մոնիթորինգի կարեւորությունը՝ որպես ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման գործոններից մեկը»,- նշել է Հակոբ Արշակյանը:

Խորհրդի նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ վեհաժողովի ընթացիկ գործունեությանը, առաջիկա ծրագրերին եւ համագործակցության հիմնական ուղղություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter