Կախվածությունից անդին. Սերոն
«Գարեհատիկ Ջոնը» նրա սեղանի գիրքն էր, Վիկտոր Ցոյը՝ պաշտելի երաժիշտը, ում սկավառակները հեռավոր սիբիրներում ծառայելու տարիներին բերել ու խնամքով պահում էր պինդ կողպված մի ճամպրուկում ու որոնք մի օր, հարբած ժամանակ, ջարդուփշուր արեց... «Ալկոհոլիկներին ոչ ոք չի սիրում, անգամ հարազատներն են ատում մեզ»,- սիրում էր կրկնել դառնացած քմծիծաղով:
Նրա մասին բերնեբերան պատմություններ էին անում մեծերը: Ասում են, որ Սերո քեռին՝ բարձրահասակ, թիկնեղ, կառլմարքսյան մորուքով այդ տղամարդը, տարիներ առաջ սիրելիս է եղել Սոնային: Ծնողներն աղջկան մի գիշերում, թաքուն-թաքուն ամուսնացնում են արտասահմանից ժամանած ինչ-որ ազդեցիկ երիտասարդի հետ: Ասում են՝ այդ օրվանից քեռուս համար աշխարհն իմաստազրկվել ու դատարկվել է, և լցվել են նրա գինու բաժակները:
Ես հիշում եմ Սերո քեռու սակավաթիվ սթափ օրերը: Ծառերից մեռած ճյուղերն էր հեռացնում, մոր հետ նարդի խաղում, խոշորացույցով կարդում էր Ջեկ Լոնդոն կամ այգեգործության մասին գրքեր, իսկ հետո ինձ՝ պատրաստակամ ունկնդրիս պատմում, որ պատվաստումը հզոր այգեգործական տեխնիկա է, որ այն հնարավորություն է տալիս համատեղել երկու ծառերի ուժերը՝ ստեղծելով ավելի առողջ բույս: Երբեք չեմ մոռանա քեռուս տապակած կարտոֆիլի հոտը. ձիթայուղի մեջ հատիկ-հատիկ կարմրացնում էր կլոր կտրատած կարտոֆիլները՝ դրսից խրթխրթան, ներսից՝ փափուկ: Լավ օրերին Սերո քեռին կատակում ու հանելուկներ էր ասում.
-Սարի գլխին մի բան կա,
Անունը տվեցի՝ չիմացար:
Խորամանկ նայում էր շփոթված դեմքիս, ընդգծված կրկնում էր «բանկա»-ն ու ծիծաղում բարձր ու վարակիչ ծիծաղով: Բոլորս էինք ծիծաղում, բայց օդում անորսալի տագնապ կար: Գիտակցում, որ լավ օրերն ավարտվելու են …
Շուտով վերսկսվում էր հարբածության երկար-երկար էպիզոդը. Այդ շրջանում հեղաշրջվում էր քեռիս, չարանում, կռվարար ու անտանելի դառնում: Մոր բոլոր փորձերը՝ զգուշավոր ընտրված բառերը, բարության ու ներողամտության դրսևորումները միանգամից ձախողվում էին: Սերոյի մեջ կարծես մի չար մեխանիզմ էր տեղադրվում, բռնկվում էր ու անկառավարելի դառնում, ջարդում ձեռքն ընկած իրերը, հայհոյում, ինքն իրեն պատեպատ տալիս, հետո՝ տեսնելով տատիկիս արցունքներն ու սարսափից սպիտակած դեմքս՝ դիվական ժպիտ էր փայլում դեմքին ու արտիստիկ հայտարարում էր. Ребята, давайте жить дружно! Այդ պահերին ես ատում էի նրան:
«Ալկոհոլիկներին ոչ-ոք չի սիրում, անգամ հարազատներն են ատում մեզ»,- վստահ էր Սերո քեռին: Իսկ ես հաճախ ամաչում էի նրա համար: Անհարմար էի զգում, երբ ծանոթները ծիծաղելով հարցնում էին՝ քեռին խմած է, թե՞ քնած: Զայրանում էի, երբ ածելի էին բերում քեռուս ու պնդում, որ սափրվի վերջապես, մարդ դառնա (կարծես խնդիրը ածելին էր): Ես հիշում եմ այն օրը, երբ առաջին անգամ հասկացա, որ նա դժբախտ է. ննջասենյակի դուռը պինդ փակեց ու տատիկիս հրամայեց՝ տեղաշորը չհավաքե՛ս: Տատիկս ինչ-որ բան քրթմնջաց քթի տակ, հետո մի բաժակ թթվի ջուր լցրեց, մեկնեց քեռուս: Երբ Սերոն սենյակ մտավ, աննկատ թաքնվեցի դռան հետևում: Սենյակում կծվահոտ էր կանգնած: Օդ չկար շնչելու: Թաց անկողնու կողքին նստած էր Սերո քեռիս, գլուխն ափերի մեջ, իսկ ուսերը ցնցվում էին հեկեկոցից: Մի քայլ արեցի, այնպե՜ս էի ուզում գրկել ու մխիթարել նրան, բայց ինչ-որ բան ստիպեց ոտքերիս ծայրերին անաղմուկ հեռանալ:
Իմ մանկական ուղեղը բառեր չուներ զգացածս արտահայտելու համար, միայն բնազդաբար էի հասկանում, որ Սերո քեռին հաճույքով չի կրում իր հնամաշ վերարկուն, որից միշտ գինու, օղու ու գարեջրի ծանր հոտ էր գալիս։ Ես տեսնում էի, որ նա գաղտագողի է մառան մտնում՝ գինի խմելու, նկատում էի նրա ընկերների մաղվելը՝ «բաժակի ընկերների» ավելանալուն զուգահեռ, որսում էի այն պահերը, երբ նա թաքցնում էր դատարկ շշերը և այն պահերը, երբ կանգնում էր մեծ հայելու դիմաց ու ուսումնասիրում սեփական արտացոլանքը՝ կարմիր քթով, ուռած կոպերով ու հուսալքված մորուքով: Խմիչքին «հաղթելու» մասին երկար, հոգնեցուցիչ խոսակցություններն եմ հիշում և քեռուս լռությունը: Երբեմն նա գրազ էր գալիս, որ յոթ օր չի խմելու։ Դիմանում էր մեկ օր, երկու օր, երեք օր: Հետո գանգատվում էր ցավերից, տնքում, ամբողջ գիշեր շուռումուռ գալիս անկողնում։ Վեցերորդ օրը հայտարարում էր, թե իրեն միայն «Գարեհատիկ Ջոնը» կարող է փրկել։ Հետո ամեն բան կրկնվում էր:
Միայն տարիներ անց իմացա, որ ալկոհոլային կախվածությունը հիվանդություն է, ոչ թե կամքի պակաս։ Որ ալկոհոլը կարող է փոխել մարմինն ու գիտակցությունն այնպես, որ մարդը շարունակի խմել արդեն ոչ թե հաճույքի, այլ տառապանքից փախչելու համար։ Որ երկար ժամանակ խմող մարդիկ ալկոհոլից հրաժարվելիս կարող են ունենալ ցնցումներ, սրտի արագ բաբախ, խուճապային գրոհներ, հալյուցինացիաներ։
Սերո քեռին ապրում էր մի միջավայրում, որտեղ այդ ամենը ոչ ոք հիվանդություն չէր անվանում։ Մեր գյուղում գրեթե բոլոր տղամարդիկ էին խմում։ Խմում էին ուրախության ժամանակ, թաղումներին, աշխատանքից հետո, անառիթ։ Ալկոհոլը տղամարդկանց լեզուն էր դարձել՝ վիշտ տանելու, չստացված կյանքը լռեցնելու ու փոքր գյուղի ձանձրույթը փարատելու համար։ Ոչ ոք չէր խոսում թերապիայի, կախվածության կամ բուժման մասին։
Ալկոհոլը վնասում է ոչ միայն խմողին։ Այն քանդում է ընտանիքներ, փոխում մարդկանց վարքը, մեծացնում բռնության, դժբախտ պատահարների ու վաղ մահվան վտանգը։ Բայց ամենասարսափելին, երևի, այն է, որ կախվածությունը մարդուց կամաց-կամաց խլում է սեփական կյանքի հնարավորությունը՝ թողնելով միայն հաջորդ բաժակի մասին մտածելու ուժ։
Քեռուս վերջին անգամ 2021-ին տեսա։ Տեսազանգով։ Տունը դատարկ էր։ Տատիկս վաղուց չկար, թոռները ցրվել էին։ Ու ամայացած տան մեջ պառկած էր մահացող քեռիս։ Մեն-մենակ։
Նա կարող էր մասնագիտական օգնություն ստանալ։ Կարող էր տաղանդավոր այգեգործ դառնալ։ Կարող էր գտնել ի՛ր Սոնային, կարտոֆիլ տապակել ընտանիքի համար, կատակներ անել ու վարակիչ ծիծաղել: Բայց նա մեռնում էր դատարկ սենյակում։ Եվ ես երբեք չեմ մոռանա կառլմարքսյան մորուքով այդ մարդու վերջին հայացքը՝ անտարբեր ու տխուր, տխուր, տխուր։
Սարի գլխին մի բան կա,
Անունը տվեցի՝ չիմացար…
լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել