Ովքեր կազատվեն բանտերից կամ կպատժվեն. քաղաքական ուժերն ի՞նչ են խոստանում ընտրողին
Արհեստական բանականություն, «թվային ոստիկանություն», համաներում յուրաքանչյուր հինգ տարին մեկ, լյուստրացիա կամ ուղղակի լռություն։ Ուսումնասիրել ենք 2026թ. հունիսի 7-ին Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող 19 ուժերի նախընտրական ծրագրերը՝ հասկանալու համար, թե ինչպիսի արդարադատություն և դատական համակարգ են նրանք նախատեսում Հայաստանի համար և ինչ խնդիրներ են առանձնացնում։
Ընտրությանը մասնակցող 19 կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների մի մասը չունի հրապարակված ծրագիր: Ուսումնասիրել ենք նրանց սոցիալական էջերը, պաշտոնական կայքերն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը, որտեղ, քաղաքական ուժի ներկայացնելու դեպքում, պետք է հրապարակվեին ծրագրերը:
19 քաղաքական ուժից 10-ը կամ նախընտրական ծրագիր չի հրապարակել կամ հրապարակված ծրագրում անդրադարձ չի կատարել արդարադատության ոլորտին:
Ստորև ներկայացնում ենք քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում տեղ գտած դրույթները՝ ըստ ԿԸՀ-ում վիճակահանությամբ որոշված քվեաթերթիկի համարի հերթականության:
1․ «Ռեֆորմիստների» կուսակցության նախընտրական ծրագիրը կես էջանոց փաստաթուղթ է՝ բաղկացած 6 կետից (ծրագրում նշված է 7 կետ, բայց 6-ն է), որտեղ իրավական կամ արդարադատության համակարգի վերաբերյալ որևէ տող չկա։
2․ «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության նախընտրական ծրագրում իրավական կամ արդարադատության համակարգի վերաբերյալ անդրադարձ չկա։
3․ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագիրը բաղկացած է 77 էջից, որից 5 էջը նվիրված է դատական բարեփոխումներին։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքն իր նախընտրական ծրագրում առանցքային տեղ է հատկացրել դատաիրավական համակարգի բարեփոխումներին՝ դատական անկախությունը դիտարկելով ոչ միայն իրավական, այլև պետական անվտանգության և տնտեսական գրավչության հիմնասյուն։ Քաղաքական ուժի համոզմամբ՝ առանց անկախ դատարանների, հնարավոր չէ ապահովել պաշտպանված սեփականություն և սոցիալական արդարություն, ուստի հանձն է առնում ստեղծել միջազգային չափանիշներին համադրելի արդարադատության համակարգ, որը հաշվետու կլինի ժողովրդին։
Բարեփոխումների ճանապարհային քարտեզը բաժանված է երկու փուլի՝ գործող Սահմանադրության հիմքով իրականացվող անհետաձգելի քայլեր և խորքային սահմանադրական փոփոխություններ։ Առաջնահերթությունների թվում է դատական իշխանության քաղաքական չեզոքության երաշխավորումը։ Մասնավորապես, դաշինքն առաջարկում է արգելել վերջին 5 տարում կուսակցական կամ քաղաքական պաշտոն զբաղեցրած անձանց ընտրությունը Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի և Վճռաբեկ դատարանի կազմում։ Սրան զուգահեռ, նախատեսվում է հստակեցնել ԲԴԽ-ի դերը՝ այն դարձնելով բացառապես դատավորների անկախությունը երաշխավորող մարմին, իսկ վարչական սպասարկումը կիրականացնի Դատական դեպարտամենտը։
Համակարգի արդիականացման համար նախատեսվում է շուրջ 10-15 մլրդ դրամի կապիտալ ներդրում, որն ուղղվելու է դատարանների ամբողջական թվայնացմանը և ինքնաշխատ վիճակագրական համակարգերի ներդրմանը։
Դաշինքը նաև մտադիր է նվազեցնել պետական տուրքերը և պարզեցնել դատարան դիմելու ընթացակարգերը՝ արդարադատությունը դարձնելով ավելի մատչելի։ Կադրային հարցում շեշտը դրվում է ոչ միայն դատավորների, այլև միջին օղակի աշխատակիցների վարձատրության բարձրացման վրա՝ կոռուպցիոն ռիսկերն ու որակյալ մասնագետների արտահոսքը կանխելու նպատակով։ Ֆինանսական կայուն ապահովվածությունը պետք է բացառի նաև գործադիրից կախվածության մեջ գցող «պարգևավճարների արատավոր պրակտիկան»։
Քաղաքական ուժը նախատեսում է վերանայել նաև քրեական քաղաքականությունը՝ խստացնելով դատավորների պատասխանատվությունն ակնհայտ անհիմն կալանքների համար և չեղարկելով այն օրենքները, որոնք թույլ են տալիս գործադիրին ազդեցություն ունենալ դատարանների վրա։
Մարդասիրական քայլերի շրջանակում առաջարկվում է կալանքի 1 օրը հաշվել որպես 2, իսկ տնային կալանքի 1 օրը՝ մեկուկես օր ազատազրկում։ Նախատեսվում է բարձրացնել հարկերից խուսափելու համար քրեական պատասխանատվության շեմերը՝ խոշոր չափ սահմանելով 50 մլն դրամը, իսկ առանձնապես խոշոր չափ՝ 100 մլն դրամը գերազանցող գումարը։
Նախատեսվում է օրենսդրությամբ հստակեցնել քաղաքական զսպվածության սկզբունքի բովանդակությունը՝ բացառելով խոսքի ազատությունից ողջամիտ սահմաններում օգտվող դատավորների նկատմամբ անհիմն հետապնդումները։
Քաղաքական ուժը խոստանում է նորընտիր Ազգային ժողովին ներկայացնել համաներման նախագիծ՝ նախապատվությունը տալով ազգային ազատագրական մարտերի, ռազմական գործողությունների մասնակիցներին, զոհված և անհետ կորածների զավակներին և այլն։
4․ «Հայաստանի շնորհապետական» կուսակցության նախընտրական ծրագիրը բացակայում է։
5․ «Նոր ուժ ռեֆորմիստական» կուսակցության նախընտրական ծրագիրը հրապարակված չէ։
6․ «Միասնության թևեր» կուսակցության նախընտրական ծրագիրը 50 էջ ունի, որից մեկ էջը վերաբերում է արդարադատությանը։
Կուսակցությունն իր նախընտրական ծրագրում հանդես է գալիս դատական իշխանության լիարժեք ինքնավարության օգտին՝ խոստանալով դատարանները զերծ պահել ցանկացած մարմնի, պաշտոնատար անձի, գործարարի կամ քաղաքական ուժի ազդեցությունից։ Քաղաքական ուժի առաջնահերթություններից մեկը գործադիր իշխանության «պատժիչ» գործիքակազմի սահմանափակումն է։ Մասնավորապես, կուսակցությունը մտադիր է վերացնել Արդարադատության նախարարի միջնորդությամբ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պրակտիկան, որը բնութագրում է որպես «արատավոր երևույթ»։
Բարեփոխումների առանցքում դրվում է նաև կադրային քաղաքականության խիստ վերահսկողությունը։ Դաշինքը նախատեսում է ստեղծել հատուկ իրավական մեխանիզմ, որը թույլ կտա ստուգել և բացառել Բարձրագույն դատական խորհրդի, Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների դատավորների պաշտոններում այնպիսի անձանց նշանակումը, որոնք ունեն անձնական, ազգակցական կամ խնամիական կապեր օրենսդիր կամ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ։
Համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է դատավորների և դատական ծառայողների թվաքանակը հասցնել եվրոպական միջին ցուցանիշներին, ինչը, ըստ նախնական հաշվարկների, թույլ կտա գործերի քննության ժամկետները կրճատել շուրջ 50%-ով։ Զուգահեռաբար նախատեսվում է հիմնարար վերափոխման ենթարկել էլեկտրոնային արդարադատությունը՝ ապահովելով տեղեկատվության արդյունավետ փոխանակումը տարբեր ատյանների և պետական մարմինների միջև, ինչպես նաև ամբողջացնել արխիվացման նոր համակարգը։
«Միասնության թևերը» առանձնահատուկ ուշադրություն է դարձնում իրավապահ մարմինների ապաքաղաքականացմանը։ Կուսակցությունը հայտարարում է, որ իրավապահ համակարգը չի լինելու քաղաքական ռեպրեսիաների գործիք կամ անձնական շահերի սպասարկող։ Իրավապահ մարմիններն ու նրանց ծառայողները դուրս կբերվեն քաղաքական իշխանության ազդեցությունից:
«Այսօր ստեղծված է արատավոր շղթա՝ նախկինի «կաշառք է վերցնում՝ տուն է պահում» արդարացմանը փոխարինելու է եկել «ռեպրեսիաների է մասնակից դառնում՝ տուն է պահում» արդարացումը։ Սա պետք է վերացվի։ Իրավապահ համակարգի աշխատակիցները չեն լինելու «վարկերի կամ պարգևավճարների գերի»»,- նշված է կուսակցության նախընտրական ծրագրում։
Ոլորտային բարեփոխումների շրջանակում կուսակցությունը խոստանում է նաև ուժեղացնել հանրային պաշտպանի ինստիտուտը՝ ապահովելով քաղաքացիների համար անվճար և հասանելի իրավաբանական օգնություն։
7․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագիրը 9 էջ ունի՝ բաղկացած 10 կետից, որտեղ իրավական համակարգի վերաբերյալ մեկ անդրադարձ կա՝ առանց հստակ ձևակերպումների։ Մասնավորապես՝ նշված է, որ «Արդարադատության և իրավապաշտպանության ինստիտուտները պիտի գործեն հանրային համերաշխության տրամաբանության մեջ։ Պետությունը պիտի մտածված, համակարգված քայլեր կիրառի՝ ներքին թշնամությանն ու պառակտմանը ծառայող գործիքակազմի հայտնաբերման և չեզոքացման ուղղությամբ»:
8․ «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ծրագիրը 7 էջանոց է։ Կուսակցությունը նախատեսում է համապարփակ անցումային արդարադատության իրականացում՝ հիմնված իրավաքաղաքական գնահատականի և պատասխանատվության սկզբունքների վրա։
Կուսակցությունը նպատակ ունի ձևավորել ժամանակավոր դատական մարմիններ, իրականացնել լյուստրացիա, ինչպես նաև պատերազմի և վերջին իրադարձությունների համապարփակ քննություն։
«Բարեփոխումները նպատակ ունեն ապահովելու ազգային ինքնիշխանության լիարժեք իրացումը»,- նշված է ծրագրում։
9․ «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության նախընտրական ծրագիրը հրապարակված չէ։
10․ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը նախընտրական ծրագրում դատական համակարգի բարեփոխմանը վերաբերող կետ ունի։
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը որդեգրել է կոշտ դիրքորոշում՝ դատական համակարգում առկա բացթողումների և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Քաղաքական ուժը հանդես է գալիս դատավորների պատասխանատվության խստացման օգտին:
Ծրագրի համաձայն՝ կարգապահական և քրեական պատասխանատվության են ենթարկվելու այն դատավորները, որոնք ապօրինի կալանավորել են անմեղ քաղաքացիների կամ դիտավորությամբ ոտնահարել են սեփականության ու հիմնարար իրավունքները։ Նման գործելաոճ դրսևորած դատավորների լիազորությունները նախատեսվում է դադարեցնել։
Համակարգային վերափոխումների շրջանակում ՀԱԿ-ն առաջարկում է հիմնարար փոփոխության ենթարկել դատարանների կառուցվածքը։ Նախատեսվում է ներդնել առաջին ատյանի դատարանների երկօղակ համակարգ.
1) տեղական դատարանները քննելու են ոչ ծանր գործերն ու մինչև 3 մլն դրամ քաղաքացիական վեճերի վարույթները,
2) ավագ դատարանները քննելու են ծանր հանցագործություններն ու 3 մլն դրամից ավելի գույքային վեճերի վարույթները։
11․ «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ծրագիրը 4 էջանոց է։ Առանձին անդրադարձ կա արդարադատությանը, որը փաստացի վերաբերում է միայն համաներմանը:
Կուսակցությունը ցանկանում է յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ իրականացնել համաներում: Ոչ մեծ և միջին ծանրության, որոշ դեպքերում՝ նաև ծանր, հանցագործությունների կատարման համար դատապարտված, պատիժը կրող, կամ դեռևս չդատապարտված, սակայն քրեական հետապնդման ենթարկվող անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից: Բացի այդ, գերծանրաբեռնված քրեակատարողական հիմնարկները կթեթևանան, քրեական հետապնդում իրականացնող մարմիններն ու դատարանները կլիցքաթափվեն:
Համաներում պետք է իրականացվի նաև վարչաիրավական խախտումների համար պատասխանատվության ենթարկված անձանց նկատմամբ, որ կթեթևացնի սոցիալական դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացիների՝ տարիների ընթացքում կուտակված բեռը, նաև շեշտակի կնվազեցնի թե՛ դատարանների, թե՛ վճարման կարգադրություններ արձակող նոտարների ծանրաբեռնվածությունը:
«Հանրապետություն» կուսակցությունը ցանկանում է համաներման իրավունք վերապահել նաև Հանրապետության նախագահին:
12․«Քրիստոնեա -Ժողովրդավարական» կուսակցության նախընտրական ծրագիրը բացակայում է։
13․ «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցության նախընտրական ծրագիրը բացակայում է։
14․ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախընտրական ծրագիրը բաղկացած է 17 էջից, սակայն արդարադատությանը կամ դատական համակարգին վերաբերվող հատված չկա։
15․ «Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցության նախընտրական ծրագիրը բացակայում է։
16․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը 25 էջ ունի։ Կուսակցությունը նախատեսում է նվազեցնել դատարանների ընդհանուր միջին ծանրաբեռնվածությունն առնվազն 30 տոկոսով, աստիճանաբար ներդնել դատական շենքերի և դահլիճների նոր ստանդարտներ։
Նախատեսվում է ստեղծել կիբեռպաշտպանության ազգային կենտրոն, զարգացնել տեխնիկական և կիբեռանվտանգության կարողությունները։
ՔՊ-ն նախատեսում է քայլեր ձեռնարկել նոր Սահմանադրության ընդունման ուղղությամբ, ինչը լիարժեք լեգիտիմություն կտա Հայաստանում հաստատված իրավակարգին և հնարավոր կդարձնի արդարության և արդարադատության ինստիտուցիոնալացումը։ Նոր Սահմանադրությամբ պետք է ներդրվի երդվյալ ատենակալների ինստիտուտը՝ «արդարության և արդարադատության կապը ժողովրդի հետ է՛լ ավելի ուժեղացնելու համար»։
Կուսակցությունը խոստանում է հետևողականորեն շարունակել արդարադատության, դատաիրավական և քրեակատարողական համակարգերում մեկնարկած լայնածավալ բարեփոխումները։ Քաղաքական ուժի համար որպես հիմնարար ուղենիշ է ծառայում «նոր սահմանադրական լեգիտիմությունը», որը պետք է դառնա երկրում իրական արդարության և արդարադատության հաստատման գրավականը։
Իրավապահ համակարգի արդիականացման համատեքստում կուսակցությունը շեշտը դնում է նորագույն տեխնոլոգիաների ներդրման վրա։ Մասնավորապես, առաջարկվում է ձևավորել հանցավորության քրեաբանական վերլուծության նոր կառույց, որը կկիրառի արհեստական բանականության (AI) գործիքակազմը։
Ներդրվելու է «Թվային ոստիկանություն»: Իրականացվելու է ոստիկանության գործունեության համապարփակ ստանդարտացում և ամբողջական թվայնացում։
17․ «Հայաստան» կուսակցությունների դաշինքն իր նախընտրական ծրագրով խոստանում է նախատեսել վարչական և քրեական պատասխանատվության լայնածավալ համաներում: Իրականացնել քաղաքական դրդապատճառներով ապօրինի հետապնդումների ենթարկված անձանց իրավունքների լիարժեք վերականգնում և կրած վնասների արդարացի փոխհատուցում:
Դաշինքը նախատեսում է քրեականացնել պաշտոնյայի կողմից սուտ տեղեկատվության տարածումը:
18․ «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության նախընտրական ծրագրում արդարադատությանը կամ դատական բարեփոխումներին վերաբերող մեկ տող է կա։ Այն է՝ «Անկախ դատարաններ և խորքային վեթինգ-1999-ի և 2008-ի ոճրագործությունների ամբողջական հետաքննություն»:
19․ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում իրավական կամ արդարադատության համակարգին անդրադարձ չկա։
Թե այս ծրագրերը որքանով կդառնան իրականություն՝ դժվար է ասել: Սրանք ընդամենը խոստումներ են, որոնց մի մասն այդպես էլ իրականություն չի դառնում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել