7 տարի առանց տան ու գումարի. բանտից կազմակերպված խարդախության գործի վաղեմության ժամկետի լրանալուն մնացել է 3 տարի
«Բարեգործական» անշարժ գույքի գործակալությունը
2019 թվականին մի շարք քաղաքացիներ սոցհարթակներից իմացել են «ԱԳԱ ԱՐՄ» անշարժ գույքի գործակալության մասին։ Գործակալությունը ներկայանում էր որպես հայ-ամերիկյան բարեգործական կազմակերպություն, որը գրավադրված գույքն իբր գնում է հարկադիր աճուրդով և շահավետ պայմաններով վաճառում քաղաքացիներին՝ առանց տոկոսի և երկարաժամկետ վճարման հնարավորությամբ։
Սակայն, այս սխեմայի տակ, ըստ Երևանի քրեական դատարանում քննվող գործի մեղադրանքի, իրականում գործել է կազմակերպված հանցավոր խումբ։ Քաղաքացիները միլիոնավոր դրամներ են փոխանցել գործակալության աշխատողներին՝ տուն ձեռք բերելու նպատակով, սակայն գործակալությունն այդպես էլ տուն չի գնել քաղաքացիների համար և չի վերադարձրել գումարները։ Մեղադրանքն առաջադրվել է երեք հոգու։ Մեղադրյալներից մեկը՝ Արման Գիվարգիզովը, քաղաքացիներին ներկայացել է Արման Արամյան անունով՝ որպես գործակալության հիմնադիր տնօրեն։ Գործակալության 2019 թվականի գործունեության ամբողջ ընթացքում նա այլ հանցագործություն կատարելու համար պատիժ է կրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։
Այս գործով կա 30 տուժող։ Նրանք ոստիկանություն են դիմել դեռևս 2019 թվականին, և 2021 թվականից գործը քննվում է դատարանում։ 5 տարի է անցել, սակայն դատաքննության փուլը դեռ չի ավարտվել, մարդիկ մնացել են առանց գումարների ու տների։ Իսկ գործի վաղեմության ժամկետի լրանալուն մնացել է երեք տարի։ Այսինքն՝ ենթադրյալ մեղավորների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը 3 տարի հետո կդադարեցվի։
Տուժածների պատմությունները
Արսեն Քիշմիրյան․ «Նրանք տպավորություն էին ստեղծում, որ ամեն ինչ իրական է»
35-ամյա Արսեն Քիշմիրյանը «ԱԳԱ ԱՐՄ» անշարժ գույքի գործակալության մասին իմացել է 2019 թվականին։ List.am կայքի հայտարարության մեջ գործակալությունը ներկայանում էր որպես բարեգործական անշարժ գույքի հիմնադրամ։ Արսեն Քիշմիրյանը զանգել է հայտարարությունում նշված հեռախոսահամարով, որից հետո գնացել է գործակալության գրասենյակ։ Գրասենյակում նրան ասել են, որ եթե բնակարանը գտնվում է հարկադիր աճուրդում, գործակալությունը նախապես պայմանավորվածություն է ձեռք բերում աճուրդում գտնվող գույքի սեփականատիրոջ հետ, հարկադիր աճուրդով գնում է այդ գույքը՝ շուկայականից էժան գնով։
Գրասենյակում որպես գործակալության տնօրեն հանդես է եկել Գայանե Խաչիկյանը (սույն գործով մեղադրյալներից մեկը)՝ գործակալությունը ներկայացնելով որպես ընտանեկան բիզնես: Քիշմիրյանի՝ գործակալության գրասենյակում գտնվելու ամբողջ ընթացքում այնտեղ են գտնվել Գիվարգիզովի մայրը՝ Սոնիկ Գիվարգիզովան և կինը՝ Ռուբինա Մարգարյանը (սույն գործով մեղադրյալներից մեկը):
«Նրանք (Գայանե Խաչիկյանը, Սոնիկ Գիվարգիզովան, Ռուբինա Մարգարյանը) ներկա են եղել բոլոր գործողություններին՝ գումար տալու, պայմանագիր կնքելու ընթացքին։ Նրանք տպավորություն են ստեղծել, որ գործակալությունն իրական է, գործում է, և իրենք աշխատում են այդ գործակալությունում»,- ասում է Արսեն Քիշմիրյանը։
Նրա հետ 2019 թվականի հուլիսի 29-ին կնքվել է պայմանագիր, որը վերնագրված էր՝ «Անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիր»։ Ըստ այս պայմանագրի՝ Գայանե Խաչիկյանի անունից գործակալությունը Արսեն Քիշմիրյանին վաճառել է Նոր Արեշ 11-րդ փողոցի 8/5 բնակարանը, որն իբր վաճառվում էր 8 մլն 618 հազար դրամով։ Արսեն Քիշմիրյանը նախնական պայմանագրով վճարել է ամբողջ գումարը, որի մեջ ներառված է եղել միջնորդի՝ գործակալության ծառայությունների արժեքը։
Քիշմիրյանը առուվաճառքի պայմանագիրը կնքել է Գայանե Խաչիկյանի հետ, գումարը նույնպես առձեռն փոխանցել է Գայանե Խաչիկյանին։
Արսեն Քիշմիրյանը պատմեց, որ Արման Գիվարգիզովի հետ երբևէ հանդիպում չի ունեցել: Նա նույնիսկ չի իմացել Գիվարգիզովի իրական անունն ու գտնվելու իրական վայրը: Գործակալության աշխատողները նրան ասել են, թե իբրև իրենց հիմնադիր տնօրենը ԱՄՆ-ում է գտնվում, և որ նրա անունը Արման Արամյան է: Մինչդեռ Արման Գիվարգիզովը գործակալության «բացվելու» և բոլոր աշխատանքները կազմակերպելու ամբողջ ընթացքում այլ գործով պատիժ է կրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։
Արսեն Քիշմիրյանը Արման Գիվարգիզովի հետ մի քանի անգամ խոսել է հեռախոսազանգով։
Քիշմիրյանին զանգել է Գայանե Խաչիկյանը և ասել, որ իր հետ ուզում է խոսել իրենց հիմնադիր տնօրենը: Գիվարգիզովը երբեք ուղիղ չի զանգել քաղաքացիներին։ Քիշմիրյանի փոխանցմամբ՝ Գիվարգիզովն ասել է, որ ԱՄՆ-ում է՝ գործուղմամբ, ու վստահեցրել, որ վերջինս կարող է հանգիստ լինել՝ «իր ուզած տունը կլինի»:
Գիվարգիզովը Քիշմիրյանին ասել է, որ իր ընտրած տունը հարկադիր աճուրդով գնելու համար օնլայն փոխանցում է անելու։ Երբ եկել է տունը գնելու ժամանակը, պարզ է դարձել, որ գումարի փոխանցում չի եղել։ Արսեն Քիշմիրյանը գնացել է «ԱԳԱ ԱՐՄ» գործակալություն ու պարզաբանում է պահանջել: Գործակալության տարածքում գտնվողները նրան ասել են, որ մարդը, ում հետ խոսել է Քիշմիրյանը, քրեակատարողական հիմնարկում է գտնվում, և որ գործարքն իրականում խաբեություն է: Դա իմանալուց հետո Քիշմիրյանը դիմել է ոստիկանություն։
Սիլվարդ Մաթևոսյան․ «Վարկ եմ վերցրել, որ գումարը կարողանամ վճարել»
Սիլվարդ Մաթևոսյանը 65 տարեկան է։ Գործակալության մասին իմացել է Ֆեյսբուքից՝ նույնպես 2019 թվականին: Տուն գնելու նպատակով զանգել է ֆեյսբուքյան գրառման մեջ նշված հեռախոսահամարով:
«Զանգին պատասխանել է տիկին Գայանեն (Գայանե Խաչիկյան, գործով մեղադրյալ): Ինձ ասել է, որ գրավի տակ գտնվող տներն էժան գնում ու վերավաճառում են»,- պատմում է Սիլվարդ Մաթևոսյանը։
Էժան տուն գնելու, գումարն առանց տոկոսադրույքի տարիների ընթացքում մարելու հնարավորությունը Սիլվարդ Մաթևոսյանին հարմար տարբերակ է թվացել։
«Երբ առաջին անգամ գնացի գործակալություն, սենյակում 3-4 հոգի կար։ Ինձ հարցրին՝ ինչ տուն եմ ուզում։ Հետո մի քանի անգամ կանչել են իրենց մոտ, սկզբում բնակարան առաջարկեցին, ապա՝ առանձնատուն Արաբկիր վարչական շրջանում։ Տան նկարները ցույց տվեցին, հավանեցի»,- պատմում է Սիլվարդ Մաթևոսյանը։
Գումարը տալու պահին, ըստ Ս. Մաթևոսյանի, ներկա են եղել Գայանե Խաչիկյանը և Ռուբինա Մարգարյանը։ Սիլվարդ Մաթևոսյանն ասում է, որ գումարն անձամբ տվել է Գայանե Խաչիկյանին։ Նա վճարել է երկու փուլով։ Ընտրված տունը գործակալությունից ասել են, որ արժե 65 հազար դոլար։ Սակայն գումարը վերցրել են դրամով։ Սիլվարդ Մաթևոսյանը նախ վճարել է 4 մլն դրամ, հետո՝ 7 մլն։ Ընդ որում, երկրորդ անգամ վճարած գումարը վարկ է վերցրել։
Գումարի առաջին մասը Գայանե Խաչիկյանին տալուց հետո վերջինս զանգել է Քիշմիրյանին ու ասել, որ «Արամյանն ուզում է խոսել իր հետ»։
«Գիվարգիզովը Արման Արամյան էր ներկայանում, ասում էր, որ Ամերիկայում է ու խոստումներ էր տալիս՝ «քո տունը լինելու է, ինչ պակաս-պռատ փող կա, ես կտամ» և այլն։ Հետո ասում էր՝ արդեն ստեղ ուշ ա, քնած են բոլորը, կանչում են ու անջատում էր զանգը»,- պատմում է Սիլվարդ Մաթևոսյանը։
Գիվարգիզովի հետ նա մի քանի անգամ նույնաբովանդակ խոսակցություն է ունեցել։ Տունն ընտրելուց հետո Սիլվարդ Մաթևոսյանը որդու հետ փորձել է գնալ, տեսնել այն։ Գործակալությունում սկզբում ասել են, թե պետք չէ գնալ, քանի որ վաճառքը գաղտնի է։ Հետո մեքենայով ուղարկել ու հեռվից ցույց են տվել առանձնատունը, սակայն մոտենալ թույլ չեն տվել։ Սիլվարդ Մաթևոսյանը որդու հետ ընդդիմացել ու մտել են տան դարպասներից ներս։ Պարզվել է՝ այդտեղ ապրող մարդիկ տունը գնել են մի քանի ամիս առաջ, իսկ այդ պահին տունը վերանորոգում են։
Երբ հասկացել են, որ գործակալությունը խաբել է իրենց, Սիլվարդ Մաթևոսյանը տուն վերադառնալուց անմիջապես հետո զանգել է Գայանե Խաչիկյանին ու պահանջել վերադարձնել գումարը։ Գայանե Խաչիկյանը վերադարձրել է 3,8 մլն-ը, սակայն գումարի մյուս մասը հետ չի տվել՝ պնդելով, թե գումարը Ռոբերտ անունով մեկի մոտ է, ով նույնպես ԱՄՆ-ում է։
Մինչ օրս Սիլվարդ Մաթևոսյանը իր ամբողջ գումարը հետ չի ստացել ու շարունակում է մարել վարկը։
Արֆենյա Գևորգյան․ գումարը փոխանցելուց հետո գործակալության աշխատողներն անհետացել են
Արֆենյա Գևորգյանը տվյալ քրեական գործով տուժողներից մեկն է։ Նույն պատմությունը կրկնվել է նաև նրա դեպքում։ Նա Գայանե Խաչիկյանին է փոխանցել 9 680 000 դրամ՝ Աջափնյակում տուն գնելու համար։ Պայմանագրերը կնքվել են 2019 թվականի փետրվարին, մարտի 13-ին և ապրիլի 9-ին։ Սկզբում Արֆենյա Գևորգյանը փոխանցել է 726 000, հետո՝ 5 830 000, իսկ երրորդ պայմանագրով՝ 3 124 000 դրամ։
Գործակալությունը Արֆենյա Գևորգյանին մի քանի տուն է առաջարկել, մի անգամ տարել ու հեռվից տուն են ցույց տվել, նա նույնիսկ չի հիշում, թե որ հասցեում էր, բայց չեն թողել մոտենալ կամ մտնել տուն։
Երբ եկել է սեփականության իրավունքը ձևակերպելու պահը, գործակալության աշխատողները չեն պատասխանել Արֆենյա Գևորգյանի զանգերին։ Վերջինս մի քանի անգամ գնացել է գրասենյակ, բայց այն փակ է եղել։ Գործակալության հետ չկարողանալով կապ հաստատել՝ նա դիմել է ոստիկանություն։
Քաղաքացիների բողոքների հիման վրա գործը վարույթ է ընդունվել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ու նախաքննություն է սկսվել 2019 թվականի հոկտեմբերին։ Արֆենյա Գևորգյանը 2021 թվականին Դատախազությանը գործի նախաքննությունը ձգձգելու մասին դիմում է ներկայացրել։ Քրեական գործի նախաքննությունն այդ պահին ընթանում էր արդեն 1 տարի 4 ամիս։ Արֆենյա Գևորգյանը դիմել էր խնդրանքով, որ նախաքննության փուլն ավարտվի ողջամիտ ժամկետներում։
Նախաքննության ժամկետների ձգձգումը Դատախազությունը պայմանավորել էր նրանով, որ գործը ծավալուն է, և գործին առնչվող մի շարք վկաների, մեղադրյալների ու տուժողների պետք էր ներգրավել ու հարցաքննել։ Գործի նախաքննությանը մասնակցել է երկու քննիչ, որոնցից մեկը տեղափոխվել է Քննչական կոմիտեի մեկ այլ ստորաբաժանում, իսկ մյուսն ազատվել է աշխատանքից։ Երկու դեպքում էլ քրեական գործի նախաքննությունը ավարտական փուլում չի եղել։
Պատմությունը գրեթե նույնությամբ կրկնվել է մյուս տուժողների դեպքում։ Օրինակ՝ Փիրուզ Ղազանչյանի համար պայմանագրով պետք է գործակալությունը տուն գներ մինչև 2019 թվականի օգոստոսի 31-ը։ Փիրուզ Ղազանչյանը վճարել էր ընդհանուր շուրջ 8 մլն դրամ։ Փիրուզ Ղազանչյանի խոսքով՝ գործակալության գրասենյակը մի քանի անգամ տեղափոխվել է․ նախ եղել է Գարեգին Նժդեհի 8 հասցեում, հետո՝ Խորենացու 47/7 հասեցում, վերջում՝ Մոլդովական 50/2 հասցեում։
Փիրուզ Ղազանչյանը, Արֆենյա Գևորգյանը, Արսեն Քիշմիրյանը իրենց գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն հետ չեն ստացել։
Ինչ պատիժ էր կրում Արման Գիվարգիզովը 2019 թվականին
Արման Գիվարգիզովը մեղադրվում էր երեք անչափահաս երեխաներին ստիպողաբար մուրացկանությամբ զբաղվելու և նրանց՝ մուրացկանությամբ աշխատած գումարները տնօրինելու, այսինքն՝ երեխաներին շահագործելու մեջ։ Երեխաներին, որոնք այդ ընթացքում գտնվել են ծնողական վերահսկողությունից դուրս, նա խոստացել է բարեկեցիկ կյանքով ապահովել․ մեկին խոստացել է տանել ՌԴ և ամուսնացնել հարուստ աղջկա հետ, մյուսին՝ որ բջջային հեռախոս կգնի ու դերասան կդարձնի, երրորդին նա առաջարկել էր աշխատել որպես իր թիկնապահ։ Երեքին էլ խաբել ու համոզել է մուրացկանություն անել, որից հետո երեխաների աշխատած գումարը վերցրել է իրեն։ Միաժամանակ երեխաներից երկուսի և նույնպես անչափահաս ու իր ծանոթ Ալբերտ Հովհաննիսյանի հետ նա մասնակցել է Երևանի Նոր Արեշի 46-րդ փողոցի 76 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետից գազի գլանանոթի գողությանը։ Գողությունից մի քանի օր անց գազի գլանանոթը վաճառել է 30 000 դրամով։ Դատարանի որոշմամբ 2014 թվականին Արման Գիվարգիզովը դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում էր «շահագործման նպատակով երեխային, հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձանց հավաքագրելու, տեղափոխելու, թաքցնելու, ինչպես նաև այդպիսի անձանց շահագործելու, անչափահասին խոստումներ տալու, խաբեության կամ այլ եղանակով հանցանքի կատարմանը ներգրավելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողության մեջ»։ Այս հանցագործությունների համար Արման Գիվարգիզովը կրել է պատիժը։
Արման Գիվարգիզովը վերը նշված հանցագործությունների համար պատիժը կրելու ընթացքում՝ 2019 թվականի մայիսի 17-ին, քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Ստեփան Մարգարյանին խնդրել է իրեն փոխանցել բջջային հեռախոս։ Դրա դիմաց Գիվարգիզովը Ստեփան Մարգարյանին առաջարկել է 30 հազար դրամ․ 20 հազարը՝ «Նոկիա» հեռախոս ձեռք բերելու համար, իսկ 10 հազարը՝ որպես կաշառք։ Գործը հասել է դատարան 2019 թվականի հուլիսին, իսկ դատավճիռ կայացվել է 2023 թվականի մայիսի 8-ին։ Դատարանի վճռով Ստեփան Մարգարյանը ազատազրկվել էր երեք տարի ժամկետով։
Ինչի՞ մեջ են մեղադրվում Արման Գիվարգիզովը և մյուսները հիմա
Անշարժ գույքի գործակալության գործով մեղադրանքի համաձայն (ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետեր)՝ Արման Գիվարգիզովը ստեղծել է կազմակերպված խումբ, կատարել է դերերի բաշխում, ղեկավարել է այն և համատեղ ջանքերով խաբեությամբ կատարել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն։ Այս խմբի մասնակիցներն են եղել Գայանե Խաչիկյանը և Ռուբինա Մարգարյանը։ Գիվարգիզովը կազմակերպված խմբով ստեղծել է «ԱԳԱ ԱՐՄ» անշարժ գույքի գործակալությունը: «ԱԳԱ ԱՐՄ» ՍՊԸ-ն գրանցվել է 2018 թվականին: Ընկերության տնօրենը գրանցման ժամանակ եղել է Նաիրա Հայրապետյանը։ Ավելի ուշ՝ 2018 թվականի օգոստոսին, ընկերության տնօրեն է դարձել Գայանե Խաչիկյանը։ Ընկերությունը պատկանում է Ռոբերտ Հարաբեդյանին։ Կազմակերպությունն իբրև թե պետք է քաղաքացիների համար շահեկան պայմաններով բնակարաններ ձեռք բերեր։ Այդպիսով՝ ընկերությունը կեղծ խոստումներով ու խարդախությամբ, ձևական կազմված պայմանագրերով մի շարք քաղաքացիներից շորթել է միլիոնավոր դրամներ, ոմանցից՝ նրանց ամբողջ ունեցվածքը, տարիներով կուտակած խնայողությունները և յուրացրել է դրանք։
Գործի նախաքննությունը տևել է մոտ երկու տարի։ Այդ ընթացքում մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է կալանք։ 2021 թվականի նոյեմբերի 19-ին գործը վարույթ է ընդունվել Երևան քաղաքի դատարանում։ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին գործը տեղափոխվել է Երևան քաղաքի այլ դատարան, որտեղ էլ վարույթ է ընդունվել սեպտեմբերի 19-ին։ 2022 թվականի հոկտեմբերին դատաքննությունը վերսկսվել ու շարունակվում է մինչ օրս։ Մինչև 2023 թվականը Արման Գիվարգիզովի նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել, քանի որ նա գտնվել է քրեակատարողական հիմնարկում, իսկ Ռուբինա Մարգարյանի ու Գայանե Խաչիկյանի նկատմամբ կիրառվել է չհեռանալու մասին (բացակայելու արգելք) խափանման միջոցը։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի փոխանցմամբ՝ ներկայումս Արման Գիվարգիզովի նկատմամբ կիրառված է չհեռանալու մասին (բացակայելու արգելք) խափանման միջոց։
«Հետքը» հանդիպել է մեղադրյալ Արման Գիվարգիզովի հետ։ Վերջինս ցանկություն էր հայտնել հանդիպել և փոխանցել փաստաթղթեր, որոնք, ըստ նրա, ապացուցում են «ԱԳԱ ԱՐՄ» գործակալության օրինական գործունեությունը։ Գիվարգիզովի պնդմամբ՝ մինչև քրեական գործի հարուցումը գործակալությունը բնակարաններ է ձեռք բերել շուրջ 15 անձի համար։
Նա նշեց, որ 30 տուժողների հետ կապված միջադեպերը կանխամտածված չեն եղել, և ինքը խաբելու մտադրություն չի ունեցել։ Հարցին՝ եթե խաբելու նպատակ չի եղել, ապա ինչո՞ւ է թաքցրել իր անունն ու գտնվելու վայրը, Գիվարգիզովը խուսափեց պատասխանել։
Հավելենք, որ Արման Գիվարգիզովը այդպես էլ մեզ չի ներկայացրել խոստացված փաստաթղթերը։
Արման Գիվարգիզովը դատաքննության ընթացքում մի քանի տուժողների որոշ չափով վնասը փոխհատուցել է։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնել են Դատախազությունից։
Այս գործով վաղեմության ժամկետը լրանում է 3 տարուց՝ 2029 թվականին
Տուժողները միաժամանակ մտավախություն ունեն, որ եթե դատաքննությունը շարունակվի նույն տեմպերով, ապա կլրանա հանցանքի վաղեմության ժամկետը։ Այս գործով վաղեմության ժամկետի որոշման համար հիմքը 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքն է։ Արման Գիվարգիզովը, Գայանե Խաչիկյանը և Ռուբինա Մարգարյանը մեղադրվում են ծանր հանցագործության մեջ, որի վաղեմության ժամկետը լրանում է հանցանքի ավարտից 10 տարի անց։ Նշված գործով հանցանքը կատարվել ու ավարտվել է 2019 թվականին։ Հետևաբար՝ այս գործով վաղեմության ժամկետը լրանում է 3 տարուց՝ 2029 թվականին։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանից «Հետքին» հայտնել են, որ սույն գործով 2022 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2026 թվականի մայիսի 15-ը նշանակվել է 25 դատական նիստ։ Մինչև 2026 թվականի մայիսի 15-ը 30 տուժողներից հարցաքննվել են ընդամենը 14-ը։
Արդեն 7 տարի է՝ առանց գումարի ու տան մնացած տուժողները սպասում են այս գործով որոշման։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել