ԲՀԿ քաղաքական թիմի անդամները՝ «Արարատցեմենտի» պետականացման մասին
««Արարատցեմենտի» պետականացման և դրա վերաբերյալ Դատախազության հայտարարությունների իրավական մասով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հետամուտ է լինելու»,- այսօր՝ մայիսի 20-ին, հրատապ ասուլիսին հայտարարեց ԲՀԿ խոսնակ, պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը։
Ըստ նրա՝ իրենք գնալու են իրավական ճանապարհով, այլընտրանք չեն տեսնում այս գործընթացում, տեղական արդարադատության ատյաններով են անցնելու, պատրաստ են Եվրոպական դատարան դիմել։
Տոնոյանը կասկածներ ու վախեր ունի, որ շուտով նաև «Հիսուս Քրիստոսի արձանը պետականացնելու ցանկություն է առաջանալու Նիկոլ Փաշինյանի մոտ»։
«Հաշվի առնելով, որ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի մոտ անհագուրդ մոլուցք է առաջացել տարբեր տեսակի ձեռնարկությունների պետականացման, սեփականաշնորհման, աղքատներին, ծերերին հանձնելու անհաղթահարելի ու բուռն ցանկություն է առաջացել՝ հետաքրքիր զուգադիպությամբ հատկապես նախընտրական շրջանում, ես լրջագույն կասկածներ ու վախեր ունեմ, որ շատ շուտով նաև Հիսուս Քրիստոսի արձանը պետականացնելու ցանկություն է առաջանալու Նիկոլ Փաշինյանի մոտ, կամ Հիսուս Քրիստոսի արձանը կալանավորելու, ձեռնաշղթաներ հագցնելու նման բուռն ու անհաղթահարելի ցանկություն ունենա Նիկոլ Փաշինյանը»,- ասաց Տոնոյանը։
Ըստ նրա՝ երկրի իրավապահ համակարգը առկա հանցագործության բարձր ցուցանիշը, «սարսափելի մեծ» թմրամիջոցների շրջանառությունը կանխելու, բոլոր տեսակի վտանգավոր ու արատավոր գործընթացներին հետամուտ լինելու, մեղավորներին գտնելու, պատժելու, բացահայտելու փոխարեն որդեգրել է «մեկ անձի ցուցումով, պատվերով համերգի տրամաբանությամբ իր գործընթացները կազմակերպելու գործելաոճ»։
ԲՀԿ նախընտրական ցուցակի թեկնածու Սուրեն Սուրենյանցի բնորոշմամբ, «Արարատցեմենտի» շուրջ իրավական ամբողջ գործընթացը հարմարեցվում է Փաշինյանի պատկերացումներին։ Նա ընդգծեց գործարանի կարևոր դերը արդյունաբերության մեջ, որն, ըստ նրա, ապահովում է շինարարական և տնտեսական կայունություն, Հայաստանի տնտեսական սուվերենությունը, ռեգիոնալ նշանակությունը։
«Հիմա դուք ենթադրեք՝ ու՞մ է ձեռնտու արդյունաբերական համակարգի կարևոր այս բաղադրիչի շուրջ անորոշության ստեղծումը, դրա քայքայումը, հնարավոր բացասական հետևանքները։ Իհարկե, ռեգիոնալ այն պետություններին՝ Ադրբեջանին և Թուրքիային, որոնք երազում են ամեն օր մեծացնել իրենցից Հայաստանի կախվածությունը»,- հայտարարեց Սուրենյանցը՝ նշելով «արտաքին պատվերի և արտաքին ականջների» մասին։
Ըստ Սուրենյանցի՝ Հայաստանը թևակոխում է հակասահմանադրական ռեժիմ, որտեղ ոչ թե իշխանության հետ գործ ունենք, այլ՝ մեկ մարդու «քմահաճույքի պատանդը դարձած» պետական ինստիտուտների։
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը՝ անկախ իր պետական կարգավիճակից, որ առանց իրավական լեգալ ընթացակարգի պետք է որոշի որևէ գործարանի ճակատագիր։ Ասում է՝ «Արարատցեմենտն» այսօրվանից պետականացվեց, և այլևս պետք է կատարեք սեփականատիրոջ ցուցումները։ Երբ մեկ մարդ արդեն քմահաճույքով որոշել է, իրավական գործընթացի մասին ընդհանրապես խոսք չկա»,- ասաց Սուրենյանցը։
ԲՀԿ-ի հրավիրած ասուլիսը նվիրված էր ոչ միայն «Արարատցեմենտի» շուրջ թեժացած թեմային, այլև՝ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի մյուս հայտարարություններին, բառամթերքին, վարքագծին։ Ըստ Սուրենյանցի՝ Փաշինյանի ամբողջ բառապաշարը «քաղաքական վրեժխնդրության» մասին է։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չէր մասնակցում ասուլիսին։
«Արարատցեմենտ» գործարանը պետականացնելու Փաշինյանի հայտարարությանը հաջորդեց Դատախազության հայտարարությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 20-ին, քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը շուտով վերադարձվելու է պետությանը։
Վարչապետն ասաց, որ Կառավարությունն արդեն իսկ գրություն է ստացել Գլխավոր դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման։
«Գուլոյան-Ծառուկյան մաֆիան դեռ նոր պետք է իր հատուցմանը հասնի։ Ինչպես 2021 թվականին ձեզ խոստացա, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված պրոցեսներ են լինելու, հիմա ձեզ ուղիղ ասում եմ՝ շատ շուտով Ծառուկյան ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, որովհետև այդ Գուլոյան-Ծառուկյան մաֆիայի մախինացիան բացահայտվել է, և Հայաստանի Հանրապետության կառավարությունն արդեն իսկ գրություն է ստացել Հայաստանի Հանրապետության դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման»,- հայտարարեց Փաշինյանը։
Չուշացավ նաև Դատախազության հայտարարությունը։ Դատախազությունն ուսումնասիրել է 2002 թվականին «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացը և խախտումներ հայտնաբերել։
Ուսումնասիրությամբ ձեռք բերված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի կապակցությամբ դատախազը 2026 թվականի մայիսի 5-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։
2026 թվականի մայիսի 7-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հատկանիշներով։
Ըստ դատախազության՝ 2002 թվականին Կառավարության որոշմամբ «Արարատցեմենտ» ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքով մասնավորեցվել են «Ռոբերտո» բելգիական կազմակերպությանը։ Գինը՝ 200 հազար ԱՄՆ դոլար։
«Ռոբերտո» ընկերության հիմնադիրները, սակայն, եղել են ՀՀ քաղաքացիներ Ազատ, Ռոբերտ և Ռոման Մուրադյանները։ «Ռոբերտո» ընկերության կառավարիչ է նշանակվել Վահագն Գուլոյանը, ով ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խնամի, նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանի կրտսեր եղբայրն է, Ծառուկյանի փեսայի՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի հորեղբայրը:
Ըստ Դատախազության՝ «Արարատցեմենտ» ընկերությունը մասնավորեցնելուց վեց ամիս անց «Ռոբերտո» ընկերության ժողովը որոշել է ընկերության միանձնյա կառավարիչ նշանակել Գագիկ Ծառուկյանին՝ առանց ժամկետի սահմանափակման:
Դրանից երեք ամիս անց Բրյուսելի դատարանը հայտարարել է «Ռոբերտո» ընկերության լուծարման գործընթացի մասին, որն ավարտվել է 5 տարի անց։
«Դատախազությունը 2026 թվականի մայիսի 5-ին գրություն է հասցեագրել ՀՀ կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը»,- նշված է Դատախազության հաղորդագրության մեջ:
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրում նշված է՝ 91.6% մասնակցությամբ ընկերության իրական շահառուն Գագիկ Ծառուկյանն է։
«Եվ առաջիկայում շատ արագ մենք, ինչպես ՀԷՑ-ում նշանակեցինք կառավարիչ, այնպես էլ «Արարատցեմենտ»-ում ենք նշանակելու կառավարիչ, և ես Արարատի ցեմենտի գործարանի բոլոր աշխատողներին շնորհավորում եմ ազատագրման առիթով»,- այսօր քարոզարշավի ժամանակ հայտարարեց Փաշինյանը։
Նա նաև հիշեցրեց, որ պետությանն է վերադարձվել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի մի մասը։
Գլխավոր լուսանկարը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել