HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Ճուղուրյան

ՀԱԿ-ի կարճ շփումներն Ալավերդիում

Քարոզարշավի տասներորդ օրը Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն ու մի քանի կուսակիցներ Ալավերդու կենտրոնական հատվածում բուկլետներ բաժանեցին քաղաքացիներին։ Կիրակի քաղաքը սակավամարդ էր։ Անցորդների հետ կարճ զրույցների ընթացքում թեկնածուն ներկայանում և առաջարկում էր նրանց ծանոթանալ իրենց նախընտրական ծրագրին։

«Չէ՜, ես Նիկոլին եմ ընտրում, Նիկոլի պես չկա»,- ժպիտը դեմքին՝ Զուրաբյանին ասաց մի կին։ Իսկ թեկնածուի հարցին, թե ինչո՞ւ է ընտրում նրան, պատասխանեց՝ «հայ ազգի փրկիչն ա»։  

Փաշինյանի կառավարման ութ տարիների ընթացքում Հայաստանի՝ օր օրի կործանման, 2019-ի Խաղաղության պլանի, Արցախի և մյուս կորուստների մասին Զուրաբյանի դիտարկումը հունից հանեց կնոջը։

«Ղարաբաղը վաղուց ա տված եղել, վարչապետը չի մեղավոր, նախկիններն են մեղավոր։ Հայաստանը կործանվում ա Ռուսաստանի միջոցով», - եզրափակեց վրդովված կինն ու հեռացավ։

Քաղաքացիներից մեկն էլ խոստացավ ծանոթանալ ՀԱԿ-ի նախընտրական ծրագրին՝ ակնկալիքով, որ «միասին պրծնեն այս իշխանություններից, որ կարողանան պահել, պաշտպանել երկիրը»։

Զուրաբյանն էլ նշեց, որ գործող իշխանություններից ազատվելու ամենալավ ճանապարհն իրենք գիտեն։ ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն բուկլետներ փոխանցեց կանգառում երթուղայինի սպասող քաղաքացիներին, բայց նրանց հետ զրուցել չհասցրեց․ ավտոբուսը եկավ։ Ոմանք էլ տեսախցիկի առաջ երևալուց էին խուսափում։  

Ալավերդում կարճ շրջայցի ընթացքում Լևոն Զուրաբյանին հանդիպած քաղաքացիները միայն գործող իշխանությանը դեմ ու կողմ արտահայտվողներ չէին։ Պարզվեց՝ ՀԱԿ-ի համակիրներից էլ կային՝ Օձուն գյուղից։

Մինչև Ալավերդին ՀԱԿ ներկայացուցիչները նաև Ախթալայի հրապարակում էին ժողովրդի հետ հանդիպում ունեցել։ Հաջորդ կանգառը Վանաձորն էր լինելու։ Նախընտրական մթնոլորտից Լևոն Զուրաբյանը գոհ էր․ քաղաքացիների բարյացկամ վերաբերմունքն ու դրական մոտեցումն իրենց ծրագրերին նրան շատ էին ոգևորել։

«Մեծ քաղաքներում ավելի շատ, բայց ինչքան գնում ենք դեպի փոքր քաղաք, զգացվում է որոշակի ահաբեկվածություն։ Ընտրողը նորմալ ընդունում է, խոսում, բայց հենց տեսնում է, որ կամերա կա, անմիջապես հեռանում է»,- նշեց թեկնածուն։  

Ի՞նչ է ուզում քաղաքացին ապագա իշխանությունից հարցին էլ պատասխանեց՝ «ուզում են, որ երկրում մտավորական մթնոլորտը վերականգնվի, մեկն էլ ասում է՝ հարկային քաղաքականությունն է պետք փափկացնել, թեկուզ սառեցնել վճարումները, մաջալ տալ, որ մարդը կարենա գործերն ի մի բերել։ Ինչքան մարդ, էնքան ակնկալիք»։

Ապա վարչապետի թեկնածուն թվարկեց նախընտրական իրենց ծրագրում ներկայացված ռազմավարական այն տասը գործիքները, որոնցով, ընտրվելու դեպքում, փոխելու են «Հայաստանի կարգավիճակը, դեմքը և ապագան»՝ եկամտաբեր գյուղատնտեսությունից մինչև տեխնոլոգիական հեղափոխություն, Իրանի հետ երկաթուղու կառուցում և այլն։ Իսկ ավելի կարճ՝ մեկ նախադասությամբ,  խաղաղության հաստատում՝ մեր հայությունը պահպանելով։

Քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի խոսույթի վերաբերյալ «Հետքի» հարցին ի պատասխան՝ Զուրաբյանը նշեց, որ ժամանակին նախկին իշխանությունների կողմից էլ եղել են խոսքի տգեղ դրսևորումներ, բայց այսօրվա թունավոր, պառակտման, հայհոյախոսության մթնոլորտը ստեղծել է Նիկոլ Փաշինյանը։

«Այլ ուժեր մտնում են դրա մեջ, մենք չենք պատրաստվում դրան հետևել, դա իրենց գործն է»։

Հետընտրական կոալիցիա կազմելու մասին էլ, ասաց՝ դեռ չեն մտածում,  որովհետև այս փուլում ժողովրդի ընտրության հարցն է որոշվում։ Բայց հետագայում, եթե պահանջ լինի, կմիանան՝ իրենց պայմաններով։  

«Բնականաբար, մենք չենք գնա որևէ կոալիցիայի, որը մեր սկզբունքներին դեմ կլինի։ Հիմա ունենք կոնկրետ սպառնալիք, էդ հարցը պիտի լուծենք։ Պրոյեկտներ կան Հայաստանի զարգացման, որ ուղղակի չենք կարող դրանցից հրաժարվել։ Չընդունեն, չենք էլ մտնի որևէ կոալիցիայի մեջ»,- եզրափակեց Լևոն Զուրաբյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter