HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակի

Արցախի նախկին պետնախարար, Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026-ի մրցանակի: Վարդանյանին այդ մրցանակին առաջադրել են աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող հինգ ներկայացուցիչ։

Առաջադրող խմբի հայտարարության մեջ նշված է, որ առաջադրման հիմքում Վարդանյանի նշանակալի ներդրումն է մարդու իրավունքների պաշտպանության գործում ամբողջ աշխարհում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով, ինչպես նաև նրա նվիրվածությունը՝ բարձրաձայնելու իր հայրենակիցների իրավունքների պաշտպանության մասին Լեռնային Ղարաբաղում (Արցախում)։ 

«Ռուբեն Վարդանյանի, նրա գործընկերներ Նուբար Աֆեյանի և երջանկահիշատակ  Վարդան Գրեգորյանի համահիմնադրած  «Ավրորա» մրցանակը հնարավորություն  է տվել շարունակել «Ավրորա»-ի դափնեկիրների գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և բառացիորեն հազարավոր կյանքեր փրկել աշխարհի տարբեր երկրներում ու մայրցամաքներում:  Ռուբենը հավատում է, որ բարին հավերժ է և անմահ, և այն ուժեղանում է, երբ բարի գործ ես անում: Նրա շնորհիվ ու աջակցությամբ հնարավոր է եղել  շարունակել պաշտպանել դժվարին  իրավիճակներում հայտնված մարդկանց իրավունքները, կյանքը շարունակելու երկրորդ  հնարավորություն տալ նրանց:

Ռուբենի համար մարդու իրավունքների, արժանապատվության  պաշտպանությունը ամեն ինչից վեր է: Այդ իսկ պատճառով մեզ բոլորիս համար ավելի քան հասկանելի էր ծանր վիճակում հայտնված Լեռնային Ղարաբաղի իր հայրենակիցների կողքին գտնվելու նրա որոշումը: Ռուբենն այնտեղ հանդես էր գալիս որպես  բնիկ ժողովրդի իրավունքների պաշտպան։

Էությամբ ու հավատամքով  լինելով պացիֆիստ՝ Ռուբենը վտանգի տակ դրեց իր կյանքն ու ապահով ապագան՝ երկխոսության, բանակցությունների և փոխըմբռնման ուղիներ որոնելու համար աշխարհի ամենաբարդ և զգայուն հակամարտության գոտիներից մեկում։

«Մարդկային բանականությունը, արժանապատվությունը, համերաշխությունն ու փոխըմբռնում փնտրելու և արդար պայմաններում համատեղ ապրելու պատրաստակամությունը կհաղթեն այն ամենին, ինչ սպառնում է դրանց»։ Սրանք Վացլավ Հավելի խոսքերն են՝ ասված 1995 թվականին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքի բացման արարողությանը: Ռուբենը ևս այս գաղափարախոսության ու արժեքների  կրողն ու հետևորդն է:  Ուստի մենք խորապես հավատում ենք, որ նրա առանձնահատուկ գործունեությունը լիովին համահունչ է  այս մրցանակի ոգուն և  Վացլավ Հավելի սյզբունքներին:

Ճակատագրի հեգնանքով այսօր մարդու իրավունքների ջատագով ու մարդասեր Ռուբեն Վարդանյանն ինքն ունի պաշտպանության կարիք, քանի որ Ադրբեջանի ռազմական դատարանի կողմից  շինծու մեղադրանքներով դատապարտվել է քսան տարվա ազատազրկման և Լեռնային Ղարաբաղի մի շարք այլ գործիչների հետ ներկայումս պահվում է Բաքվի բանտում:

Հավատացած ենք, որ այս մրցանակի շնորհումն արժանի գնահատական կլինի ինչպես  Ռուբեն Վարդանյանի բացառիկ ջանքերին, այնպես էլ  կարևոր քայլ կդառնա նրա  և  Բաքվում պահվող մյուս հայ բանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Առաջադրող խումբ՝

  • Վահան Զանոյան. գրող, թրաֆիքինգի դեմ պայքարի աջակից, գլոբալ էներգիայի հարցերով խորհրդատու

  • Մարգարիտ Բարանկիցե. բուրունդիացի իրավապաշտպան, Maison Shalom խնամքի տան հիմնադիր

  • Թոմ Քաթինա, ամերիկացի բժիշկ և մարդասեր. Սուդանի Նուբա լեռներում գործող «Գթության Մայր» հիվանդանոցի հիմնադիր

  • Ջուլիեն Լուսենգե.  իրավապաշտպան, մարդասեր, Կոնգոյի Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման կազմակերպության համահիմնադիր

  • Միրզա Դինայի. իրաքցի եզդի իրավապաշտպան և ակտիվիստ, «Luftbrücke Irak» կազմակերպության համահիմնադիր

Բաքվի ռազմական դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ 

Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանին ապօրինաբար գերեվարել էր 2023-ի սեպտեմբերին Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի իշխանությունները Վարդանյանի նկատմամբ ներկայացրել են ավելի քան 40 շինծու մեղադրանք, այդ թվում՝ ահաբեկչության ֆինանսավորման, անօրինական զինված կազմավորումների ստեղծման և պետական սահմանի ապօրինի հատման հոդվածներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter