«Չգիտեմ, թե ինչ ապագա կլինի, բայց մենք, ինչքան հնարավոր է, ապրելու ենք այստեղ»,- ասում է Կիրանցի 56-ամյա բնակիչը
Արեւն արդեն մայր է մտել: Նարնջագույն փեթակներով այգում հեռվից երեւում են բազմագույն ծաղիկները: 84-ամյա Ֆլորա Նազարյանի ծաղկանոցն է՝ հովտաշուշաններ, վարդեր, վարդակակաչներ, թեյի ծաղիկներ: Տիկին Ֆլորան աշխատում էր ծաղկանոցում: Հիշում է, որ ժամանակին երազում էր սեփական բակում ծաղկանոցի մասին:
Ամուսիններով ինժեներներ են եղել, աշխատում էին Երեւանում: 1980-ականներին որոշել են ամուսնու հայրենի գյուղում՝ Կիրանցում, տուն կառուցել: Բայց միայն 2000-ականներին են տեղափոխվել ու հաստատվել այստեղ: Ներկայիս տան հարեւանությամբ էլ ամուսնու պապական տունն է:
Տիկին Ֆլորան ներս է հրավիրում մեզ: Ձեռքերը դեռ հողոտ են:
-Օրական քանի՞ ժամ եք անցկացնում ծաղկանոցում,- հետաքրքրվում եմ ես:
-Ժամանակով չեմ հաշվում, երբ տրամադրությունն ուզի, երբ ծաղիկները կանչեն:
-Իսկ ո՞նց եք լսում այդ ձայնը:
-Հոգումս է լսվում,- մեղմ ժպիտով պատասխանում է 84-ամյա կինը:
Ինժեներ Ֆլորա Նազարյանը (անձնագրով՝ Քնարիկ), Տավուշի մարզի Կիրանց գյուղ տեղափոխվելուց հետո ֆիզիկա եւ մաթեմատիկա էր դասավանդում այստեղի դպրոցում, եղել է նաեւ դպրոցի ուսմասվարը: Ասում է՝ հրաշք երեխաներ կան դպրոցում, պարզապես պետք է զարգացնել նրանց:
Որդին՝ 56-ամյա Անդրանիկ Նազարյանը, Կիրանցի ամենախոշոր մեղվապահն է: Նախկինում մի 100 փեթակ ուներ: Բայց պատմում է, որ 7-8 տարի առաջ, երբ մեղվի հիվանդություն տարածվեց, փեթակները կրճատվեցին: Այժմ 60 փեթակ ունի, բայց մտադիր է նորից շատացնել:
2000-ականներին Կիրանցում հաստատվելով՝ Անդրանիկը սկզբից հողագործությամբ էր զբաղվում, բայց ասում է, որ այդ գործը մեղվապահությունից պակաս եկամտաբեր էր:
25 տարի Նազարյանները չէին էլ պատկերացնում, որ մի օր իրենց տան դեմ դիմաց լինելու է Հայաստան-Ադրբեջան սահմանը: 2024 թ. սահմանազատված տեղանքում կառուցվել է բետոնե պատը՝ 130 մետր երկարությամբ եւ 3 մետր բարձրությամբ:
Տիկին Ֆլորայի ծաղկանոցը չի օգնում, որ նա չտեսնի այդ պատը: Ամեն առավոտ երբ դուրս է գալիս բակ, աչքն ընկնում է այդ պատին: Ասում է՝ ցավ է զգում:
«Սկզբից խորշանք էր, հետո ինձ թվում է՝ աչքի ճառագայթները անցնում են սահմանը, չեմ ուզում տեսնել: Սկզբից վատ էի, հիվանդ: Հիմա ոչ թե համակերպվել եմ, այլ ինձ թվում է՝ մի բան պիտի լինի, որ դա չլինի: Քաղաքական ուժի չեմ հարում, տարիքս չէ, որ քաղաքականությամբ զբաղվեմ»,- նշում է 84-ամյա կինը:
Ֆլորա Նազարյանը ծնունդով Արարատի մարզի Վեդի քաղաքից է: Պատմում է, որ խորհրդային տարիներին իրենց դպրոցում կար ադրբեջանական բաժին: Ինքն էլ ադրբեջաներեն այբուբենը գիտեր, կարողանում էր որոշ չափով խոսել: Նույնիսկ գնում էին հարեւանությամբ գտնվող ադրբեջանական գյուղ՝ գնումներ կատարելու: Ասում է՝ այն ժամանակ չէր նեղվում, բայց հիմա իրականությունն այլ է:
«Ոչ թե լարվածություն, այլ ցավ եմ ապրում: Ոնց որ, Վան եմ գնացել, տեսել պապական տունս, սրտի ցավ եմ զգացել, նկարել, եկել եմ: Այդ նույն ցավն այստեղ եմ զգում»,- ասում է մեր զրուցակիցը:
Անդրանիկն էլ նշում է, որ իրենց մտքով չի անցել, թե սահմանն այդքան կմոտենա: Մինչեւ սահմանազատումը Կիրանցինը համարվող հողերի մի մասը եւս հանձնվել է Ադրբեջանին:
«Չգիտեմ, թե ինչ ապագա կլինի, բայց մենք, ինչքան հնարավոր է, ապրելու ենք այստեղ, Հայաստանը սիրում ենք, չեմ ուզում հանձնվել: Բայց այսպիսի իշխանություն ունեցող երկրում չեմ կարող ասել, թե ինչ ապագա է լինելու: Անորոշություն է»,- ասում է սահմանային գյուղի բնակիչը: Նկատում է՝ գյուղի բնակիչների մեծ մասը հակված չէ արտագաղթելու:
Ֆլորա Նազարյանը լավատես է, ներքուստ հանգիստ է, բայց չգիտի՝ գուցե այդ հանգստությունն իր ծերությունից է: Միաժամանակ վստահություն չունի սահմանից այն կողմ գտնվողների հանդեպ: «Դուք երբեւիցե կվստահեի՞ք անձին, որը թշնամաբար է տրամադրված»,- եզրափակում է նա:
«Երկու տարվա մեջ, ոնց որ, վարժվել ենք: Գիտեմ, որ պատից այն կողմ ոչ մի լավ բան չկա մեզ համար»,- ասում է մեղվապահ Անդրանիկ Նազարյանը:
Մեկ ամսից նա իր մեղվափեթակները կտեղափոխի Կիրանցից մոտ 50 կմ հեռավորության վրա գտնվող սարատեղ: Այնտեղ ալպիական գոտի է: Դեռ չգիտի, թե բերքն ինչպիսին կլինի, բայց նախորդ տարվա բերքից գոհ է:
Հիմա մեղուների զարգացման շրջանն է: Այն կտեւի մինչ հուլիս:
Կիրանցում արդեն երեկոյի զով օդն է: Փեթակների մոտ՝ ելակի թփերի մեջ, կատվի մի ձագ է մլավում: Տիկին Ֆլորան հովտաշուշանների մի փոքր փունջ է մեկնում ինձ, ասում է՝ ապա հոտ քաշիր: Բայց դա ոչ թե ծաղիկների, այլ ջերմության մի փունջ էր, որ մնաց ինձ հետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել